30 մարտ, 2020 12:46

Ինչպե՞ս գրեմ կտակս՝ ինքնամեկուսացված

Շատերս այս պայմաններում վերաիմաստավորում ենք կյանքը: Ոմանք միգուցե նաև մտածում են մահվան մասին: Քիչ առաջ ստուգեցի աշխարհում կորոնավարակից մահացած մարդկանց թիվը` մոտ 33 000:

Մարդիկ ու հատկապես հայերս մահ պլանավորելուց վարժ չենք: Հակառակը, որպես կանոն խուսափում ենք մահվան մասին մտածելուց, այն կանխատեսելուց և իհարկե ծախսային բյուջե կազմելուց: Սովորական պայմաններում հիմնական համոզմունքն այն է եղել, որ մեր հարազատներն ու ընկերները մեզ պատվով կթաղեն: Իսկ թե գույքը ինչպես կժառանգվի, թողնում ենք օրենքի ու հաճախ նաև դատարանների քմահաճույքին:

Ինձ միշտ շատ է հետաքրքրել, թե Հայաստանում այս պահին քանի գործող կտակ կա: Այդ թիվը գտնելը երևի թե անհնարինին մոտ զբաղմունք է: Դրա համար էլ հարցուփորձ եմ արել ծանոթներիս շրջանում` պարզելու, թե նրանք կտակ գրել են, թե ոչ: Հիմնականում` ոչ: Ի դեպ, նրանցից շատերն ունեն զգալի չափով գույք:

Այս ակնարկի նպատակը կտակելը գովազդելը չէ (իսկ ինչո՞ւ ոչ), այլ մեկուսացման պայմաններում մարդկանց, իրենց գույքը կտակելու արդյունավետ մեխանիզմների մասին է: Կտակելը մարդու ամենահիմնարար իրավունքներից մեկն է, որից շատերը չեն օգտվում (ենթադրաբար խորհրդային ավանդույթների ու կացութաձևի պատճառով), բայց կյանքի ու մահվան վերաիմաստավորման այս պայմաններում հարկ է, որ սկսեն օգտվել: Ինչպե՞ս: 

Հայաստանում ավանդաբար նոտարներն են կտակների «տիրակալները»: Օրենքով նրանց համարյա մենաշնորհ է տրված: Չծանրաբեռնեմ (նաև չձանձրացնելու նկատառմամբ) իրավական դրույթների միջբերումներով, սակայն կտակ կազմելը ենթադրում է այցելել նոտարի մոտ ու անձամբ կամ նոտարի միջոցով գրել այն: Արտակարգ դրության, մեկուսացման կամ ինքնամեկուսացման պայմաններում չափազանց դժվար է լինելու: Համաձայն նոտարական պալատի հրապարակած ցանկի՝ արտակարգ դրության պայմաններում Երևանում գործելու է վեց նոտար, իսկ մարզերում` հիմնականում մեկ կամ երկու: Դե արի ու այս պայմաններում ինքնուրույն որոշիր, թե ում ես ուզում տեսնել գույքիդ սեփականատեր մահվանիցդ հետո:

Ընթերցողներից շատերը կմտածեն՝ լա՛վ, այս նեղ պահին ի՞նչ մի կարևոր հարց է, որ բարձրացվում է: Իրականում, սակայն, շատ կարևոր է: Կարևոր է, քանի որ․

1. կտակելը մարդու հիմնարար իրավունք է,

2. օրենսդիրը պետք է մարդուն հնարավորության տա ամբողջությամբ իրացնել իր հիմնարար իրավունքները.

3. կորոնավարակը արդեն իսկ ձևավորում է նոր իրականություն (այս մասին շատ է գրվում օրերս), իսկ համաճարակի վերջը դեռ չի երևում,

4. բազմաթիվ օրենքներ արդեն իսկ հնացած են:

Ինչ կարելի է անել  

Առաջարկս շատ պարզ է. պետք է մարդուն օրենսդրորեն շուտափույթ հնարավորություն տրվի առանց նոտարի այցելության կտակել իր գույքը: Այս առաջարկն իրականացնելու համար կան լուծման մի շարք մեխանիզմներ, որոնցից կարելի է ընտրել մեկը կամ մի քանիսը: Օրինակ, տեսազանգով կտակային կամքի արտահայտում կամ սպասարկող փաստաբանի միջոցով կտակի կազմում:

Կարևոր չէ, թե ինչ միջոց կընտրվի, կարևոր է, որ այդ հնարավորությունը շուտափույթ տրվի: Ի վերջո, որքան մարդը պատրաստ է իր վախճանին, այնքան վստահ է ապրում, պայքարում ու գոյատևում:  

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: