30 մարտ, 2020 20:04

Որքա՞ն ենք վճարելու տնտեսությունը վերակենդանացնելու համար․ BBC-ի անդրադարձը

BBC-ի ռուսական ծառայության հոդվածագիր Ալեքսեյ Կալմիկովը գրում է, որ երկիր մոլորակի վրա կյանքը կարծես կանգ է առել: Վերադարձը սովորականին, եթե այն նույնիսկ հնարավոր է, ավելի թանկ կարժենա, քան որևէ հետպատերազմյան ճգնաժամ: Վիրուսը վերջնական հաշիվը կներկայացնի ամիսներ, եթե ոչ տարիներ անց, սակայն Արևմուտքն արդեն իսկ կանխավճար է կատարում տնտեսության բուժման և վերականգնման համար, և խոսքը տրիլիոնավոր դոլարների մասին է։

Արևմուտքում կորոնավիրուսի համաճարակը դեռ գագաթնակետին չի հասել, և դրա տևողությունից է կախված՝ որքանով մարդիկ կաղքատանան։ Երկրների մեծ մասում կարանտինն արդեն մեկ-երկու շաբաթ է` ուժի մեջ է, իշխանությունները նախազգուշացնում են, որ որևէ ձևով այն կարող է ձգվել նույնիսկ վեց ամիս:

Աղետի մոտավոր ծավալը կարելի է գնահատել՝ նայելով, թե որքան գումար են այս շատ նախնական փուլում նախատեսում ծախսել հարուստ երկրները տնտեսությունը վերակենդանացնելու համար:

Գումարները հսկայական են, աննախադեպ ու ահարկու: Միացյալ Նահանգները հաստատել է 2 տրիլիոն դոլարի հակաճգնաժամային փաթեթ, Եվրոպան նախատեսում է կես տրիլիոն, բայց շատ ավելին է նախատեսում: Ընդհանուր առմամբ, G20-ի երկրներն արդեն խոստացել են ծախսել մոտ 5 տրիլիոն դոլար՝ ընթացիկ ճգնաժամի դեմ պայքարի համար. սա համարժեք է համաշխարհային տնտեսության տարեկան ՀՆԱ-ի մոտ 6 տոկոսին:

Եվ ի տարբերություն նախորդ ճգնաժամերի, խոսքը ոչ թե կենտրոնական բանկերի կողմից նոր փող տպելու, այլ հասարակության առկա և արդեն իսկ նվազող ընդհանուր իրական եկամուտների՝ ի շահ տուժածների վերաբաշխման մասին է:

Այլ կերպ ասած՝ բոլորն են աղքատանալու։ Նրանք, ովքեր կգոյատևեն, կվճարեն նրանց համար, ովքեր չեն գոյատևի: Հաղթողներ չեն լինի:

«Հիմա պարզ է, որ աշխարհը սուզվում է ռեցեսիայի փուլ»,- համաշխարհային տնտեսության անկումն է կանխատեսում Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստալինա Գեորգիևան: Ըստ նրա՝ այն կլինի ավելի վատ, քան անգամ 2009-ի մեր վերապրած ճգնաժամը։

ԱՄՀ-ի ղեկավարը չբացառեց 2021 թ. պատասխան տնտեսական թռիչքը, բայց միայն այն դեպքում, եթե հնարավոր լինի զսպել այս համաճարակը և շտկել դրա միջոցով առաջ եկած աղճատումները: Դրա համար անհրաժեշտ է «կանխել սնանկությունների և կրճատումների ալիքը, որոնք սպառնում են ոչ միայն տնտեսության վերականգնմանը, այլև սոցիալական համերաշխությանը»,- գտնում է նա: Դա շատ թանկ կարժենա:

Ինչի՞ համար անհրաժեշտ կլինի վճարել

Կորոնավիրուսը ի ցույց դրեց որոշ երկրների առողջապահական համակարգում առկա թերությունները և մյուսների լիակատար փլուզումը: Առաջին հրատապ ծախսերն ուղղվեցին հենց այդտեղ՝ ժամանակավոր հիվանդանոցներ, դիմակների և սարքավորումների անհապաղ գնումներ, բժշկական անձնակազմ: Երբ փոշին նստի, շատ երկրներ ստիպված կլինեն լուրջ ներդրումներ կատարել այս համաճարակի կողմից հայտնաբերված առողջապահական խնդիրների լուծման համար:

Բացի հիվանդներին փրկելուց և պատվաստանյութ ստեղծելուց Արևմուտքն ուրիշ ինչի՞ վրա առաջնահերթ գումարներ կծախսի: Յուրաքանչյուր երկիր ունի իր ցուցակը, բայց արդեն հայտարարված հակաճգնաժամային միջոցառումների մոտավոր ցուցակն ընդհանուր առմամբ այսպիսի տեսք ունի:

- Գրեթե բոլոր երկրները սկսել են վարսահարդարներին, տաքսիստներին, դիզայներներին և ռեստորաններին խոստացվելիք աջակցությամբ: Նրանք փոքր բիզնեսին, անհատ ձեռներեցներին և ինքնազբաղներին խոստանում են անփոխհատույց դրամաշնորհներ և արտոնյալ վարկեր:

- Փողի ուղղակի բաշխում. յուրաքանչյուր ամերիկացի կստանա մինչև 1 200 դոլար կանխիկ գումար, ճապոնացիներին ու հույներին նույնպես խոստանում են «նվերներ»:

- Արտոնյալ վարկեր առավել տուժած ոլորտներում գտնվող ընկերություններին։ Ցուցակը բացում են ավիացիայի և զբոսաշրջության ոլորտները, սակայն այն դեռ համալրվելու է։ 

- Հարկային արձակուրդներ. ընկերությունների և անհատ ձեռներեցների հարկային վճարումների հետաձգում։
Գործազրկության նպաստի բարձրացում և դրա ստացման պահանջների մեղմացում: Օրինակ ՝ Իռլանդիան շաբաթական 350 եվրո նպաստ է խոստանում բոլոր նրանց, ովքեր կորցրել են աշխատանքը կորոնավիրուսի պատճառով:

- Վարկային արձակուրդներ. ընկերությունների և ֆիզիկական անձանց վարկերի մարման հետաձգում։ 
Բյուջեից հատկացումներ այն ընկերությունների աշխատողներին, որոնք կարանտինի պատճառով ստիպված անգործ են մնացել: Չեխիայում, Նիդեռլանդներում և Մեծ Բրիտանիայում իշխանությունները խոստացել են մի քանի ամիս իրենց վրա վերցնել մասնավոր բիզնեսի վճարելիք աշխատավարձերի 80-90 տոկոսը:  

- Աշխատակազմի կրճատման ծախսերի փոխհատուցում, որպեսզի մարդիկ մի քանի ամիս ստանան աշխատանքից ազատվելու վճար, այլ ոչ թե կրճատվեն առանց գրոշի։

- Վճարովի ծնողական արձակուրդ, որպեսզի ծնողները չշտապեն աշխատանքի դուրս գալ, քանի դեռ դպրոցները փակ են։ Ֆրանսիայում` մինչև երկու շաբաթ բյուջեի հաշվին:

- Որոշ երկրներ (օրինակ՝ Շվեյցարիա) նույնիսկ փոխհատուցում են կոնֆերանսների և այլ միջոցառումների չեղարկման կորուստները:

Այս միջոցները տրիլիոնավոր դոլարներ կարժենան, գումարը կվերցվի պարտքով, իսկ ստիպված են լինելու վճարել ապագա սերունդները։ Սակայն առանց արհեստական շնչառության բիզնեսը և մարդիկ կարող են և չհաղթահարել այս համաճարակը։

«Ներկայիս ճգնաժամը մեր հիշողության մեջ ամենալուրջն ու մասշտաբայինն է։ Այս անգամ, սակայն, հիմնական խնդիրը վիրուսն է: Իրականում սա նշանակում է, որ մենք գտնվում ենք շատ լուրջ ճգնաժամի եզրին»,- ասում է Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության գլխավոր տնտեսագետ Լորենս Բունը և հավելում, որ եթե մի քանի ամսվա ընթացքում հնարավոր չլինի զսպել համաճարակը, և այն վերադառնա հաջորդ ձմեռ, աշխարհի ոչ մի տնտեսագետ չի կարող կանխատեսել, թե ինչի դա կհանգեցնի։ 

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Հոդվածի բնօրինակը՝ Коронавирус разоряет мир. Сколько придется заплатить за реанимацию мировой экономики?