31 մարտ, 2020 16:45

«Lոկացիայի օրենքի» գայթակղությունն ու ժողովրդավարության դիլեման

Երեկ շատերը զայրացան Կառավարության կողմից ԱԺ բերված քաղաքացիների լոկացիայի օրենքից (չծնված` այն ունի մականուն): Ոմանք այս օրենքը կոչեցին «Դրակոնյան», իսկ շատերը նաև մտահոգվեցին (բառի ոչ թե քաղաքական, այլ բուն իմաստով): Քիչ առաջ իմացանք, որ այն չանցավ: Շատերը հրճվեցին: Պետք չէ սակայն շտապել հրճվել: Հարցը, ցավոք, շատ ավելի խորն է ու ոչ անցողիկ:

Ոմանք զգուշացնում էին մեզ, որ համաճարակի դեմ պայքարի շրջանակներում որոշ կառավարություններ փորձելու են անցնել ավտորիտար կառավարման մոդելի: Հայաստանում սա այդ դե՞պքն է: Չգիտեմ: Միգուցե: Հնարավոր է, սակայն, որ Կառավարության նպատակները բարի էին: Տարբերակ է:

Իրականում խնդիրն այլ տեղ է: Հարցը տալու ու առնելու մեջ է: Տարօրինա՞կ է թվում: Բացատրեմ:

Տարիների ընթացքում համոզվել եմ, որ ժողովրդավարությունը սերտորեն կապված է երկրի քաղաքացիների «տալու» կամ «վերցնելու» մշակույթի հետ: Իսկ ի՞նչ ենք տալիս կամ վերցնում: Բնականաբար տալիս ենք հարկեր ու վերցնում օգնություններ ու նպաստներ: Որքան լայնածավալ ու համընդգրկուն կերպով են քաղաքացիները հարկ տալիս, այնքան ժողովրդավարության գործիքներ ու ժողովրդավարական համակարգ ունենալու քաղաքացիների պահանջները բարձրանում են: Եվ հակառակը: Որքան շատ են քաղաքացիների ակնկալիքները ստանալ կամ վերցնել պետությունից, այնքան նոսրանում է ժողովրդավարությունն ու իշխանություն ունեցող ուժի ցանկությունն ու հակվածությունը պահպանել ժողովրդավարական հասարակարգ: Սա զուգահեռ է հասարակության ակնկալիքին:

Մեր տված հարկին համարժեք է ժողովրդավարությունը` անկախ, թե ով է իշխանության ղեկին: Եվ սա կարծում եմ իրականություն է դեռևս մեր անկախության տարիներից: Նույնիսկ խորհրդային տարիներից: Ոմանք երևի կընդունեն, որ մեր հասարակությունը հիմնականում «վերցնողներ»-ի է: Մենք խորհրդային տարիներից վարժվել ենք «վերցնելու», պետությունից «ստանալու», «մեզ տեր ունենալու» մտայնությանը: Նույն կամ նմանատիպ մտայնությունը շարունակել է գործել նաև անկախության տարիներին ու այսօր:

Մեր աշխատող բնակչության մոտ կեսը աշխատավարձ է ստանում պետությունից: Մենք ունենք շուրջ 140 000 ընտանիք, որոնք պետությունից նպաստ են ստանում: Կարկուտի դեպքում մենք ճանապարհ ենք փակում ու պետությունից ակնկալում փոխհատուցել մեր կրած վնասը: Մեր, նույնիսկ ամենափոքր անհաջողության դեպքում պահանջներ ենք ներկայացնում «թագավորին» կամ պետությանը կարգում քավության նոխազ: Դատողություն չկա ասածիս մեջ, թե ճի՞շտ ենք անում թե՞ սխալ, բայց այդպես ենք վարվում: Այդպես ենք մենք սովոր:

Հիմա կհարցնեք երևի՝ իսկ «ժողովրդավարական հասարակարգերում» չե՞ն ակնկալում աղետների կամ արտակարգ դրությունների ժամանակ պետության աջակցություն: Ակնկալում են իհարկե, բայց այդ աջակցության «փողը նախապես տված են լինում» հարկերի տեսքով: Չեմ ուզի այս միտքը գռեհկացնել ժողովրդական հայտնի փող տալու ու դուդուկի նվագը պատվիրելու ասացվածքի հետ, բայց իրականում մենք դեռևս «դուդուկի նվագ»-ը պատվիրող չենք: Հակառակը: Այս համաճարակն ապացուցեց մեր դեֆոլտային վարքագիծը՝ «փող տալ» պահանջելու և նաև Կառավարությանը` «փող կտանք» խոստումներ տալու: Պահանջներ` առանց նախօրոք դրա իրավունքը «գնած» լինելու:

2018ի ապրիլից այս կողմ շատ բան է փոխվել մեր երկրում: Նաև դեպի դրականը: Չի փոխվել միայն սա. մեր` պետությանը առատաձեռն «տալու» պատրաստակամությունը և իշխանություն ունեցողի` իրական ժողովրդավարական հասարակարգ ունենալու և պահպանելու նվիրումն ու հետևողականությունը: 

Իմիջայլոց․ գիտե՞ք՝ ով է եղել Դրակոն և որտեղից է գալիս «դրակոնյան» արտահայտությունը: Դրակոն Հին Հունաստանի բանավոր օրենքները գրավոր կոդիֆիկացրած տղան է եղել: Հիմա էլ մեր կառավարությունն էր փորձում կոդիֆիկացնել «չտալու», բայց «վերցնելու» բանավոր օրենքները:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: