31 մարտ, 2020 12:10

Թուրքիայի՝ ԼՂ ընտրությունները չճանաչելու կոչերը միջազգային համայնքին առավել քան սնանկ են․ ԱԳՆ

ՀՀ արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով Թուրքիայի՝ Արցախում անցկացվող ընտրությունները չճանաչելու մասին հայտարարությանը։

«Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում անցկացվող ընտրությունների վերաբերյալ հայ ժողովրդի հանդեպ այդ երկրի թշնամական քաղաքականության հերթական արտահայտությունն է:

Հավատարիմ լինելով միջազգային փաստաթղթերի ընտրովի մեկնաբանության իր ավանդական դիրքորոշմանը՝ Թուրքիան մի կողմից վկայակոչում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերը, մյուս կողմից՝ անտեսում վերջիններիս՝ անմիջականորեն տարածաշրջանի երկրներին ուղղված կոչը՝ ձեռնպահ մնալու ղարաբաղյան  հակամարտության համատեքստում որևէ թշնամական գործողություններից։ Մինչդեռ հենց նույն Թուրքիան է տասնամյակներ ի վեր ցամաքային շրջափակման ենթարկում Հայաստանի Հանրապետությանը և աջակցում է Արցախի ժողովրդի դեմ սանձազերծվող ագրեսիվ և վայրագ գործողություններին՝ այդ թվում 2016 թ. ապրիլին:

Նույնքան անհիմն է Թուրքիայի արտգործնախարարության կողմից ԵԱՀԿ սկզբունքների և Մինսկի գործընթացի վկայակոչումը: Հիշեցնում ենք, որ 1992թ. մարտի 24-ի ԵԱՀԿ/ԵԱՀԽ այն որոշումը, որով հիմք է դրվել Մինսկի գործընթացին, հղում է կատարում Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչներին` որպես այդ գործընթացի մասնակից: Ընտրյալ ներկայացուցիչներ ունենալու համար պետք է ունենալ ընտրություններ, և այդ տեսակետից Արցախում անցկացվելիք ընտրությունները ոչ միայն չեն հակասում այլ բխում են խաղաղ կարգավորման տրամաբանությունից և դրա հիմքում դրված փաստաթղթերից: 

Թուրքիայի փորձերը հանդես գալու միջազգային իրավունքի պաշտպանի դերում և նրա կոչերը միջազգային համայնքին առավել քան սնանկ են՝ այդ երկրի կողմից ժողովուրդների իրավունքների և հարևան երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ շարունակական ոտնձգությունների և միջազգային իրավունքի ու ժողովրդավարության նորմերը ոտնահարող ագրեսիվ քաղաքականության իրականացման լույսի ներքո»,- հայտարարել է ՀՀ արտաքին գերատեսչությունը։

***

Թուրքիայի ԱԳՆ-ն, ըստ պաշտոնական հաղորդագրության, հայտարարել է՝ «Լեռնային Ղարաբաղում անցկացվող ընտրությունները փորձ են օրինականացնել ներկա իրավիճակը, որը հակասում է միջազգային իրավունքին»։

Թուրքիայի պնդմամբ՝ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների փուլում «ընտրությունները խաթարում են խաղաղ և տևական լուծում գտնելու ջանքերը»։

Անկարան հայտարարում է, որ չի ճանաչում «անօրինական ընտրությունները» և կոչ է անում միջազգային համայնքին, այդ թվում՝ ԵԱՀԿ Միսկի խմբին, նույն կերպ վարվել։ Նա խոստանում է որպես Մինսկի խմբի անդամ՝ «շարունակել ղարաբաղյան հակամարտության տևական և արդար լուծմանը միտված ջանքերը»։

Լուսանկարը՝ Արցախում համապետական ընտրությունների ընթացքից, մարտի 31