31 մարտ, 2020 21:23

Հայաստանն ու Բելառուսը քննարկել են ռուսական գազի գինը, Գրիգորյանը դիմել է Միլլերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Զրույցի վերաբերյալ երկու պետությունների ղեկավարների մամուլի ծառայությունները հաղորդագրություններ են տարածել:

Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Փաշինյանն ու Լուկաշենկոն քննարկել են Ռուսաստանից ներկրվող գազի գնի հարցը՝ արձանագրելով, որ այն գերագնահատված է: «Ալեքսանդր Լուկաշենկոն ու Նիկոլ Փաշինյանը արձանագրել են բնական գազի գնի գերագնահատված լինելու հանգամանքը՝ նկատելով, որ այն, ակնհայտորեն, չի համապատասխանում միջազգային գներին ու ընդհանրապես ստեղծված իրավիճակին»,- ասված է Բելառուսի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Հայաստանի վարչապետի մամուլի ծառայությունը Բելառուսի նախագահի հետ հեռախոսազրույցի մասին տեղեկացնում է ընդհանրական ձևակերպումներով:

«Կողմերը քննարկել են նաև ստեղծված իրավիճակում Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է պարբերական խորհրդակցությունների և համատեղ գործողությունների անհրաժեշտությունը»,- ասված է Հայաստանի վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Փոխվարչապետ Գրիգորյանը դիմել է Միլլերին

Ավելի ուշ պարզ է դարձավ, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ բանակցություններ սկսելու նամակով դիմել է «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:

Մհեր Գրիգորյանը, որը Հայաստանի կառավարության անունից տևական ժամանակ բանակցում է ռուսական կողմի հետ գազի գնի վերաերյալ, Միլլերին ուղղված նամակում հայտնում է, որ կորոնավիրուսի հետևանքները բացասական ազդեցություն կունենան «մեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացման վրա և դա կհանգեցնի էներգառեսուրսների սպառման ծավալի անկման»:

«Մենք, իհարկե, ամեն կերպ կխթանենք արտադրության և սպառման աճը, բայց նշված միջոցառումների արդյունավետության համար անհրաժեշտ է ապահովել մրցակցային միջավայր: Մենք բոլորս հասկանում ենք, որ Հայաստանում գազի գինը այս իմաստով ունի մեծ նշանակություն: Մենք նաև հասկանում ենք, որ մեր երկրների բարեկամական հարաբերությունների մասշտաբներն ու մակարդակը թույլ են տալիս մեզ և պահանջում են մեզնից ժամանակին բարձրացնել և քննարկել մեր երկրների, այդ թվում առևտրատնտեսական համագործակցության կայուն զարգացման համար համակարգային նշանակություն ունեցող հարցեր», - ասված է Գրիգորյանի նամակում:

Հաշվի առնելով կանխատեսումներն ու համաշխարհային շուկաներում էներգառեսուրսների, այդ թվում՝ նավթի և գազի գների հետ կապված ընթացիկ իրավիճակը, հայկական կողմը, ըստ Գրիգորհայնի, նպատակահարմար է համարում սկսել նոր բանակցություններ Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ:

«Մասնավորապես, մենք պատեհաժամ ենք համարում Հայաստանի և Վրաստանի սահմանին 1000 խորանարդ մետրի համար գազի գինը նվազեցնելու, ինչպես նաև գազի համար վճարումը ազգային արժույթով կատարելու վերաբերյալ կանոն սահմանելու հարցերի քննարկումը»,- ասված է Գրիգորյանի նամակում:

Հայաստան գազի հիմնական մատակարարը Ռուսաստանն է: Ռուսասկան գազը Հայաստանին մատակարարվում է ոչ թե «լողացող» գնային բանաձևով, այլ սահմանին պայմանագրային ֆիքսված գնով:

2019-ի հունվարից հայ-վրացական սահմանին ռուսական գազի գինը բարձրացավ 10 տոկոսով՝ հասնելով 1 000 խմ-ի համար 165 դոլարի և, ըստ պայմանավորվածության, կպահպանվի այդ մակարդակում մինչև 2020-ի դեկտեմբերի վերջը։ Ներկայում Հայաստանի կառավարւթյունն ու ռուսաստանյան «Գազպրոմը» քննարկում են նեքին սպառողների համար գազի գնի հստակեցման հարցը:

Արշալույս Մղդեսյան