1 ապրիլ, 2020 10:32

Կորոնավիրուսի համաճարակը և հաշմանդամություն ունեցող անձինք

Աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում Հայաստանը ձեռնարկում են աննախադեպ քայլեր COVID-19 համաճարակի հաղթահարման համար։ Իսկ ինչպե՞ս է ազդում համաճարակը հաշմանդամություն ունեցող անձանց վրա։ Արդյոք պետությունները պե՞տք է հատուկ միջոցներ ձեռնարկեն բնակչության այս խոցելի խմբին պաշտպանելու համար։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պնդում է, որ հաշմանդամություն ունեցող անձինք համաճարակի ժամանակ կարող են ենթարկվել վարակվելու հավելյալ ռիսկերի հետևյալ պատճառներով.

- ձեռքերի հաճախակի լվացման հետ կապված ֆիզիկական դժվարությունները (օրինակ՝ լվացարանը կարող է անմատչելի կամ դժվարամատչելի լինել սայլակ օգտագործող անձի համար, կամ էլ որոշակի տեսակի հաշմանդամության պատճառով ձեռքերի լվացումը պատշաճ ձևով կարող է դժվար լինել),։

- սոցիալական հեռավորությունը պահպանելու հետ կապված դժվարությունները. շատ դեպքերում հաշմանդամը ստիպված է սերտ շփման մեջ լինել իրեն խնամողի հետ,

- տեսողության կամ այլ խնդիրներով պայմանավորված անհրաժեշտություն է առաջանում հաճախ դիպչել տարբեր մակերեսների՝ տեղեկատվություն կամ ֆիզիկական աջակցություն ստանալու համար,

- կառավարության որոշումները և առողջապահության նախարարության հանձնարարականները կարող են անմատչելի ձևաչափով ներկայացված լինել, ինչի հետևանքով բազմաթիվ մարդիկ չեն իրազեկվում համաճարակի պայմաններում անհրաժեշտ վարվելակերպի մասին։

Վարակվելու դեպքում հաշմանդամություն ունեցող անձինք կարող են ծանր տանել հիվանդությունը, քանի որ COVID-19 վիրուսը հատկապես ուժեղ է խոցում քրոնիկ հիվանդություններ (դիաբետ, շնչառական խնդիրներ և այլն) ունեցող մարդկանց։ Այս ամենին գումարվում է նաև առողջապահական հաստատությունների դժվարամատչելիությունը բազմաթիվ անձանց համար։

Հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքների անդամներին խորհուրդ է տրվում խստորեն պահպանել բոլոր սահմանված հակահամաճարակային կանոնները, ինչպես նաև հաճախակիորեն ախտահանել օժանդակ սարքերը (սայլակները, ձեռնափայտերը և այլն)։

Համապատասխան պետական մարմիններին տրվում են լայնածավալ հստակ հանձնարարականներ։ Նշենք դրանցից մի քանիսը.

- ապահովել կորոնավիրուսի թեստավորմամբ և բուժմամբ զբաղվող բոլոր բուժհաստատությունների ֆիզիկական մատչելիությունը,

- երաշխավորել խորհրդատվության հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար (այդ թվում՝ հեռախոսակապի և տեսազանգերի միջոցով),

- աշխատող հաշմանդամներին թույլ տալ, հնարավորության դեպքում, աշխատել տնից,

- ապահովել լուսագրերի և ժեստերի լեզվի կիրառումը համաճարակին վերաբերող բոլոր կարևոր հանրային ելույթների և հաղորդումների ժամանակ,

- հրապարակել հանրային ելույթների և հաղորդագրությունների «դյուրընթեռնելի» տարբերակը, որպեսզի տեղեկատվությունը մատչելի լինի մտավոր խնդիրներ ունեցող անձանց,

- պատրաստել վատ տեսնող և կույր մարդկանց համար մատչելի հրապարակումներ տառատեսակի խոշորացման հնարավորությամբ, Բրայլի գրատիպով և այլ այլընտրանքային ձևաչափերով,

- համագործակցել հաշմանդամահեն հասարակական կազմակերպությունների հետ տեղեկատվության տարածման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով,

- տրամադրել ֆինանսական աջակցություն հաշմանդամություն ունեցող անձանց խնամողներին և/կամ ընտանիքի անդամներին, որոնք խնամք տրամադրելու պատճառով չեն կարող աշխատել (ներառյալ այն դեպքերը, երբ խնամող անձի աշխատանքի գնալը կարող է վարակվելու ռիսկը բարձրացնել տանը մնացած հաշմանդամի համար),

- ապահովել հեռավար կրթության մատչելիությունը և ներառականությունը,

- ապահովել թեժ գծի այլընտրանքային տարբերակները (էլեկտրոնային փոստով կամ այլ ձևաչափերով), որպեսզի տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող անձինք հեշտությամբ կարողանան հաղորդակցվել կառավարության հետ, հարցեր ուղղել համապատասխան մարմիններին և իրենց մտահոգությունները հասցնել նրանց։ 

Այս և այլ համալիր միջոցառումների իրականացումը խիստ անհրաժեշտ է հաշմանդամություն ունեցող անձանց համար ռիսկերը նվազեցնելու համար։ Իսկ ի՞նչ է արվում այդ ուղղությամբ Հայաստանում։ Հրապարակվել է միայնակ տարեցներին և հաշմանդամներին օգնություն տրամադրող կազմակերպությունների ցանկը։ Դյուրացվել է կենսաթոշակների ստացման գործընթացը։ Որոշակի քայլեր արվել են ավանդական բյուրոկրատական քաշքշուկը նվազեցնելու ուղղությամբ։ Թերևս այսքանը...

Ակնհայտ է, որ համապատասխան մարմինները շատ ավելի գործուն և հրատապ քայլեր պետք է ձեռնարկեն հաշմանդամություն ունեցող մեր հայրենակիցներին պաշտպանելու համար։

Արմեն Ալավերդյան, «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: