2 ապրիլ, 2020 12:16

«Երեմյան Փրոջեքթսը» ծրագրեր կասեցրել է, բայց չի կորցնում լավատեսությունը

«Պանդոկ Երևան» ռեստորանային ցանցի, «Լավաշ», «Շերեփ», «Լիվինգսթոն», Smoking chef ռեստորանների, «Երևանի շաուրմա» արագ սննդի ցանցի՝ «Երեմյան Փրոջեքթս»-ի հիմնադիր Դավիթ Երեմյանը Սիվիլնեթի հետ զրույցում խոսում է կորոնավիրուսի համաճարակի հարուցած տնտեսական ճգնաժամի և իրենց ընկերության խնդիրների, քայլերի մասին։ 

- Պարո՛ն Երեմյան, ներկայում կա՞ն «Երեմյան փրոջեքթս»-ի կողմից իրականացվող ընդլայնման ծրագրեր, որոնք կասեցվել են և/կամ հավանական է, որ կկասեցվեն՝ կապված կորոնավիրուսային վարակի տարածման ընթացքում սահմանափակումների և սպասվող տնտեսական ճգնաժամի պատճառով։ 

- «Երեմյան փրոջեքթս»-ը զարգացման ուժգին տեմպ էր որդեգրել, ամենահամարձակ ծրագրերն էր կյանքի կոչում, ոլորտ էր զարգացնում ու լուրջ փոփոխություններ ապահովում։

Այսօր այս իրավիճակից ելնելով՝ մենք ստիպված ենք «սառեցնել» մեր որոշ ծրագրեր, փոխել մեր զարգացման ուղղությունը, նոր ռազմավարություն մշակել, նոր մարտավարություններով հանդես գալ։

Դեռ տարվա սկզբին հավակնոտ հայտարարություն արեցինք գարնանը երկու նոր ռեստորան բացելու մասին․ իտալական խոհանոցով Casa Nostra-ն պետք է սկսեր աշխատել մարտի վերջին, երկու շաբաթ անց էլ մեկնարկելու էր Renommée ռեստորանը՝ բարձր հեղինակային խոհանոցով։ Բուռն և ակտիվ տարի էինք նախատեսում 2020-ին, ընդհանուր առմամբ ռեստորանային չորս  նոր նախագիծ էինք ծրագրել, բայց հիմա ժամանակավորապես կասեցրել ենք դրանք։ Բնական է, որ այս իրավիճակից դուրս գալուց հետո մենք կաշխատենք նոր շունչ ու նոր թափ հաղորդել քաղաքի ռեստորանային ոլորտի զարգացմանը։ Չենք կորցնում լավատեսությունը, բայց ասեմ, որ ներուժն ուղղել ենք դեպի այլ բնույթի նախագծեր, որոնք ավելի ուշ էինք նախատեսում կյանքի կոչել։ Դրանք հիմա եկել են առաջին պլան, քանի որ ավելի արդիական են դարձել, օրինակ, մեր գյուղատնտեսական նախագծերը։

«Աշխատում ենք մեր Ջերմուկի ֆերմայից ստացած կաթնամթերքի արտադրության վրա, և շուտով շուկա կմտնի իր որակով եվրոպական կաթնամթերքին ոչնչով չզիջող մեր արտադրանքը»,- ասում է Դավիթ Երեմյանը։- Ի՞նչ սպասելիքներ կան ընթացիկ տարվանից՝ հաշվի առնելով, որ «Երեմյան Փրոջեքթս»-ի բիզնես գործունության հիմնական շահառու մեծ խմբերից եղել են զբոսաշրջիկները։ Արդեն ակնհայտ է, որ այս տարվա ընթացքում զբոսաշրջային հոսքը շատ ավելի նվազ է լինելու։ Ի՞նչ է փոխվելու ձեր բիզնես գործունեության մեջ։

- Ամեն բան կախված է նրանից, թե որքան կտևի այս իրավիճակը։ Եթե այն ավարտվի մինչ ամառ, ապա լիահույս ենք, որ աշնանը փոքրիշատե կվերականգնենք տուրիստական շարժը։ Բայց եթե այս իրավիճակը երկար տևի, արդեն կդժվարանամ որևէ կանխատեսում անել։

- Պայմանավորված վերահաս տնտեսական ճգնաժամով՝ որոշ տնտեսվարողներ արդեն իսկ նախապատրաստվում են աշխատակիցների կրճատումներ կատարել իրենց ընկերություններում։ Արդյոք «Երեմյան Փրոջեքթս»-ում նույնպե՞ս առաջացել է նման անհրաժեշտություն։

- Մեզ համար դա այսօր ամենաարդիական ու ցավոտ խնդիրն է։ Այս պահի դրությամբ խուսափել ենք կրճատումներից՝ ձգտելով պահել մեր պրոֆեսիոնալ ու նվիրված թիմը։ Թիմի որոշակի հատված գտնվում է հարկադիր պարապուրդում և, կառավարության որոշման համաձայն, կվարձատրվի աշխատավարձի 2/3-ի չափով։ Մյուս հատվածին փորձել ենք ներգրավել մեր գործունեության այլ բնագավառներում։ Բայց կրկնեմ, որ այս ամենը դեռ ի վիճակի ենք անել, թեպետ, եթե արտակարգ դրությունը երկարաձգվի, լուրջ խնդիրների առջև կկանգնենք աշխատակիցներին ապահովելու առումով։

- Հաշվարկ կա՞, թեկուզ մոտավոր, թե արտակարգ դրության ժամանակ՝ մեկ ամսվա ընթացքում, որքան է ձեր ընկերությանը հասցված նախնական վնասի չափը։ 

- Մենք մեր ռեստորանների գործունեությունը դադարեցրինք մարտի 16-ից, դեռ մեկ ամիսը չի լրացել, որ կարողանանք հստակ հաշվարկ անել, համեմատականներ անցկացնել և ստույգ թվեր հրապարակել։

- Կառավարությունն անցյալ շաբաթ ընդունեց որոշում, որով առնվազն 150 միլիարդ դրամ կներդրվի տնտեսությունում։ Այդ փաթեթում ընդգրկված գործիքներից մեկով կառավարությունն առաջարկում է անտոկոս վարկ տրամադրել ընկերություններին, որոնք այդ միջոցները կներգրավեն աշխատավարձային, վարկային վճարումների համար կամ կուղղեն իրենց նախագծերի արդիականացմանը։ Պատրաստվո՞ւմ եք արդյոք օգտվել ներդրված գործիքներից, եթե այո՝ այդ միջոցները առավելապես ո՞ր ուղղությամբ կծախսվեն։

- Նախատեսում ենք օգտվել անտոկոս վարկավորումից նախևառաջ աշխատավարձերի և հարկերի վճարումներն ապահովելու համար։ Քանի որ հիմա որոշակիորեն փոփոխում ենք մեր գործունեության վեկտորը դեպի գյուղատնտեսական նախագծեր, այդ հնարավորությունները կօգտագործենք նաև այս ծրագրերն իրականացնելու համար։ Այսօր ակտիվ աշխատում ենք գյուղատնտեսության ոլորտում, քանի որ պարենային անվտանգության և մթերքի սակավության հետ կապված հնարավոր խնդիրների կանխարգելման անհրաժեշտություն կա: Աշխատում ենք մեր Ջերմուկի ֆերմայից ստացած կաթնամթերքի արտադրության վրա, և շուտով շուկա կմտնի իր որակով եվրոպական կաթնամթերքին ոչնչով չզիջող մեր արտադրանքը։

Դիլիջանի ֆերմայի միսն էլ արդեն իսկ մատակարարվում է սպառողներին։ Ծրագրել ենք Հայաստան նոր անասնաքանակի ներկրում։ Կաշխատենք մեր բնակիչներին ապահովել որակյալ սննդամթերքի անհրաժեշտ քանակով:

- Ճգնաժամի հաղթահարմանն ուղղված կառավարության քայլերն արդյունավե՞տ եք համարում։ 

- Ինձ համար կարևոր է, որ մեր պետությունն իր հնարավորությունների շրջանակում առավել թիրախային, հստակ խնդիրների լուծմանն ուղղված և նպատակադրված իրականացնի այդ աջակցությունը, որպեսզի մենք կարողանանք այս ճգնաժամից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալ։  Այսօր պետությունը, առավել քան երբևէ, պետք է գործարարի կողքին լինի, քանի որ բիզնեսն է տնտեսության շարժիչ ուժը։ Անհրաժեշտ է տնտեսությունում շրջանառվող միջոցների ապահովումը, որ տնտեսությունը կարողանա շնչել։ Կարևոր է նաև գիտակցելը, որ բիզնեսի աջակցության ծրագրերն անհրաժեշտ են ոչ միայն բուն այս ճգնաժամի ընթացքում։ Նաև հետճգնաժամային պետական ծրագրեր են պետք, որպեսզի գործարար ոլորտն արագ ոտքի կանգի ու զարգացնի երկրի տնտեսությունը։

- Հրատապ ի՞նչ քայլեր կառաջարկեիք անել՝ բիզնեսին ստեղծված վիճակից նվազագույն կորուստներով դուրս բերելու համար։

- Պետք է ամեն ջանք գործադրենք, որպեսզի կանխենք կորոնավիրուսի տարածումը, կանգնեցնենք համաճարակը, հետո արդեն անցնենք գործնական թիրախային քայլեր ձեռնարկելուն։ Այս իրավիճակը մեզ համար դեռ կանխատեսելի չէ։ Դեռ հասկանալի չէ, թե որքան կտևի այն. մի բան է 15 օր տևի, մեկ ամիս և բացարձակ այլ բան, եթե տևի երեք ամիս և ավելի։ Ու հենց այդ համատեքստում է, որ պետությունը ռազմավարություն պետք է մշակի առանձին-առանձին՝ մեկ ամիս հետո վերականգնվելու դեպքում քայլերի պլանավորում, երեք ամիս հետո, վեց ամիս հետո։ Եվ դրանք պետք է տարբեր և խիստ մտածված ու հաշվարկված ռազմավարություններ լինեն։

Զրուցել է Մկրտիչ Կարապետյանը