5 ապրիլ, 2020 09:42

Հայաստանի բնակչությունը 1922-ին. Երևանը դառնում է ամենամեծ բնակավայրը

Շարքի նախորդ հրապարակումները

Հայաստանի բնակչությունը 1831 թվականին. 10 ամենամեծ բնակավայրերը

Հայաստանի բնակչությունը 1873 թվականին

Հայաստանի բնակչությունը 1886-ին

Հայաստանի բնակչությունը 1897-ին. ցարական Ռուսաստանի առաջին և վերջին մարդահամարը

Հայաստանի բնակչությունը 1908-ին մոտենում է 1 միլիոնի

Հայաստանի բնակչությունը 1916-ին

Ադրբեջանցիները (թաթարները) Հայաստանում վերջին 150 տարիներին

Հայաստանի բնակչությունը 1919-ին․ Երևանը գրեթե հասնում է Ալեքսանդրապոլին

...

1922-ին Հայաստանը խորհրդային էր, սակայն դեռևս Խորհրդային Միության մաս չէր կազմում: Խորհրդայնացումը տեղի էր ունեցել 1920 -ի դեկտեմբերի 2-ին. Բաքվում ձևավորված Հայհեղկոմը նոյեմբերի 29-ին հասավ Քարվանսարա, այսօր՝ Իջևան, և Հայաստանը հայտարարեց խորհրդային: Նույն օրերին իշխող ուժը՝ ՀՅԴ-ն, և նրա բարձրագույն մարմինը՝ Բյուրոն, որոշում կայացրեց իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցել հայ բոլշևիկներին: Իշխանության փոխանցման ակտը կազմվեց դեկտեմբերի 2-ին:

Բոլշևիկները խոստացել էին քաղաքական հալածանքներ չիրականացնել, սակայն չպահեցին խոստումը, իրականացրեցին հարյուրավոր դաշնակցականների և զինվորականների սպանություններ, ինչի պատճառով 1921-ի փետրվարին բռնկվեց ապստամբություն: ՀՀ վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ դաշնակցականների և ոչ կուսակցականների գլխավորությամբ ձևավորվեց Հայաստանի փրկության կոմիտեն: Հայհեղկոմը հեռացավ դեպի Ղամարլու, այսօրվա Արտաշատի կողմերը:

Հայաստանի փրկության կոմիտեն հանրապետության մի մասի վրա իշխեց մինչև ապրիլի 2-ը, որից հետո քաշվեց դեպի Սյունիք, որտեղ Գարեգին Նժդեհի գլխավորությամբ սյունեցիները կռվում էին բոլշևիկյան ուժերի դեմ: 1921-ի հունիսին Զանգեզուրի մեծ մասը կամ գրավված էր, կամ խաղաղեցված այն բանից հետո, երբ Խորհրդային Հայաստանի նոր առաջնորդ Ալեքսանդր Մյասնիկյանը, որ Լենինի կողմից էր ուղարկվել Հայաստան և նրա մերձավորն էր, հայտարարեց, որ Սյունիքը կմնա Խորհրդային Հայաստանի կազմում, իսկ ապստամբներին ներում կշնորհվի:

Դաշնակցության վերջին հենարանը Մեղրին էր, որտեղից հուլիսի 13-ին նրա անդամներն ու ոչ կուսակցական հայեր Արաքսի վրայով անցան Պարսկաստան: Շուրջ 10 հազար հայեր անցան կամ փորձեցին անցնել Արաքսը:

Հայհեղկոմի անդամների մի մասը և նրա նախագահ Սարգիս Կասյանը, որոնք ահ ու սարսափ, տեռոր էին իրականացնում, Լենինի անմիջական միջամտությամբ արդեն հեռացվել էին իշխանությունից: Ալեքսանդր Մյասնիկյանը մեղմ քաղաքականության կողմնակից էր և մոլեռանդ կոմունիստ չէր:

1922-ի մարտին Խորհրդային Հայաստանը անմիջական հարևանների՝ Խորհրդային Վրաստանի և Խորհրդային Ադրբեջանի հետ, Լենինի և Ստալինի ցուցումով, միավորվեցին Անդրֆեդերացիայի՝ Անդրկովկասյան Սոցիալիստական Խորհրդային Հանրապետությունների Դաշնային Միության մեջ:

1922-ի դեկտեմբերի 30-ին Անդրֆեդերացիան մաս կազմեց ձևավորվող ԽՍՀՄ-ի, այդպիսով՝ Խորհրդային Հայաստանը կցվեց ԽՍՀՄ-ին: Անդրֆեդերացիայի վարչական կենտրոնը Թիֆլիսն էր: Մինչև 1936-ը Խորհրդային Հայաստանը Անդրֆեդերացիայի կազմում էր մաս կազմում ԽՍՀՄ-ին, իսկ 1936-ին, երբ երեք հանրապետությունների դաշնությունը լուծարվեց, Հայաստանը որպես միութենական հանրապետություն շարունակեց մնալ Խորհրդային Միության կազմում մինչև 1991-ը:

1922-ը Խորհրդային Հայաստանում սովի, բայց նաև խաղաղության տարի էր, ինչը և հնարավորություն տվեց անցկացնել մարդահամար: Մայիսին կատարվեց Երևանի, իսկ աշնանը՝ գյուղատնտեսական վիճակագրությունը, որն ընդգրկեց ամբողջ Խորհրդային Հայաստանը, բացի Երևան և Ալեքսանդրապոլ քաղաքներից: Գյուղատնտեսական վիճակագրությունը սկսվեց սեպտեմբերին, ավարտվեց նոյեմբերին:

1924-ին հայ նշանավոր վիճակագիր Զավեն Կորկոտյանը մարդահամարը ամփոփեց հատորի մեջ, որը կրում է «Հայաստանի ազգաբնակչությունը ըստ սեռի, տարիքի, գրագիտության» խորագիրը: Ալեքսանդրապոլում, այսօրվա Գյումրիում, հաշվառում կատարվել է 1923-ին:

1920-ական թթ. երկրորդ կեսին Խորհրդային Հայաստանի սահմանները փոքր-ինչ փոփոխություններ են կրել: Մասնավորապես, Ադրբեջանից Հայաստանին են միացվել երեք գյուղեր՝ Նյուվադի, Երնաձոր և Թեղուտ, որոնք կցվել են Մեղրիի շրջանին: Այդ երեք գյուղերի տվյալները Կորկոտյանը վերցրել է Ադրբեջանի Կենտրոնական վիճվարչությունից: Դրա դիմաց Հայաստանը Ադրբեջանի Զանգելանի շրջանին է փոխանցել երկու բնակավայրեր Կապանի շրջանում՝ Աղքենդը և Ղարաբաբան:

1922 -ին Հայաստան վերադարձավ ավելի քան 60 հազար թուրք-թաթար բնակչություն, որոնք դուրս էին մղվել հիմնականում Արարատյան դաշտից 1919-1920 թթ. հայ-թաթարական բախումների ընթացքում: Նրանց վերադարձը կազմակերպվել է Ալեքսանդր Մյասնիկյանի անմիջական հրահանգով:

Զավեն Կորկոտյանի հաշվարկով՝ 1922-ին Հայաստանում բնակչության թիվը կազմել է 782 052 հոգի:

1922-ին Ալեքսանդրապոլը, որ 1873, 1886, 1897, 1908, 1914, 1916 և 1919 թվականների մարդահամարներով Հայաստանի ամենամեծ և հայաշատ քաղաքն էր, վերջին կես դարվա ընթացքում առաջին անգամ և դրանից հետո ընդմիշտ դառնում է երկրորդը՝ զիջելով մայրաքաղաք Երևանին: Ալեքսանդրապոլի բնակչությունը 1922-ին ևս պետք է լիներ ավելին, քանի Երևանինը, սակայն թուրքական վեցամսյա զավթման պայմաններում շատ էր տուժել: 1920-ի նոյեմբերի 6-ին թուրք քեմալականները գրավել էին ՀՀ ամենամեծ քաղաքը, որը նրանց ավերածության ու սպանդի տակ մնաց մինչև 1921-ի ապրիլի 21-ը, երբ Հայաստանը խորհրդայնացրած բոլշևիկյան 11-րդ բանակը և նրա հրամանատարությունը ուղղակի ստիպեց, որ թուրքերը հեռանան Ախուրյանի մյուս ափը:

1922-ին Երևանի բնակչությունը 46 662 էր, որից 40 396-ը հայեր էին, 5 124-ը՝ թուրք-թաթարներ, 1122-ը՝ այլազգիներ:

Կորկոտյանը օգտագործել է թուրք-թաթար կամ թրքո-թաթար անունը, քանի որ Խորհրդային Հայաստանում թաթարներից, այսօրվա ադրբեջանցիներից բացի, բնակվում էին նաև կարափափախներ, այսինքն՝ օսմանյան թուրքեր: Նրանք հիմնականում բնակվում էին այսօրվա Շիրակի մարզի Ամասիայի, մասամբ Աշոցքի ու Ախուրյանի շրջաններում: Այլազգի կամ այլ անվան տակ մտնում էին բոլոր մյուս ազգությունները, որոնք հայ կամ թուրք-թաթար չէին:

Խորհրդային Հայաստանում մեծությանբ երկրորդ քաղաքը Ալեքսանդրապոլն էր՝ 44 656 բակիչներով, որից 43 658-ը՝ հայեր, 47-ը՝ թուրք-թաթարներ, 951-ը՝ այլ:

Նկատելի է, որ թեև Երևանը մոտ երկու հազարով ավելի բնակչություն ուներ, քան Ալեքսանդրապոլը, սակայն հայ բնակչության քանակով վերջինս շարունակում էր գերազանցել մայրաքաղաքին:

Մեծությամբ երրորդը Նոր Բայազետն էր, այսօրվա Գավառը, որ խորհրդային շրջանում կրում էր Կամո անունը: Քաղաքն ուներ 9 343 բնակիչ, որից հայեր էին 9 295-ը, թուրք-թաթարներ՝ 12-ը, այլ՝ 35-ը:

Վաղարշապատը չորրորդն էր` 7 996 բնակիչներով, որից 7 966-ը՝ հայեր, 11-ը՝ թուրք-թաթար, 19-ը՝ այլ:

Հինգերորդ խոշոր բնակավայրը Ղարաքիլիսա կամ Մեծ Ղարաքիլիսա գյուղն էր, այսօրվա Վանաձորը` 6 427 բնակիչներով, որից 6 305-ը՝ հայեր, 6-ը՝ թուրք-թաթար, 116-ը՝ այլ:

Խոշոր բնակավայրերի շարքում առաջին անգամ հայտնվում է Ստեփանավանը, նախկին Ջալալ Օղլի`ն 5 847 բնակիչներով, որից 5 407-ը՝ հայեր, 5-ը՝ թուրք-թաթար, 435-ը՝ այլ:

Յոթերորդը Աշտարակն էր` 5 167 բնակիչներով, որից 5 120-ը՝ հայեր, 47-ը՝ այլ:

Ութերորդը Գորիսն էր՝ նույնանուն քաղաքը և գյուղը միասին՝ ընդամենը 5 044 հոգի, որից 5 041-ը՝ հայեր, 3-ը՝ թուրք-թաթար:

Իններորդը Դիլիջան գյուղն էր` 4 225 բնակիչներով, որից 3 746-ը՝ հայեր, 5-ը՝ թուրք-թաթար, 484-ը՝ այլ:

Եվ վերջապես տասներորդը Օձուն գյուղն էր, այն ժամանակ Ուզունլարը` 4 107 բնակիչներով, բոլորը՝ հայեր:

Թաթուլ Հակոբյան 

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: