6 ապրիլ, 2020 21:36

«Գազպրոմ Արմենիայի» հայտը կառավարության համար ընկալելի չէ. վարչապետ

Ճգնաժամի պայմաններում Հայաստանի հանրության ու կառավարության կողմից չի ընկալվում «Գազպրոմ Արմենիայի»՝ գազի գնի բարձրացման վերաբերյալ ներկայացրած հայտը: Այս մասին ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացիների հարցերին պատասանելից։ 

Փաշինյանն ասաց, որ այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ խնդիրը քննարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նիկոլ Փաշինյանը նախ հիշեցրեց, որ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության, ինչպես նաև դրա դիմաց ազգային արժույթով վճարելու վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: «Փոխվարչապետը դիմել է, որպեսզի վերանայենք գազի գինը՝ հաշվի առնելով համաշխարհային շուկայում ստեղծված իրավիճակը՝ նվազման միտումով: Այսինքն՝ մենք առաջարկել ենք գազի գնի նվազման մասին բանակցություններ սկսել»,- ասաց վարչապետը:

Նա ասաց, որը ապրիլի 6-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ գազի գնի խնդիրը քննարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Այս հարցը Ռուսաստանի նախագահի հետ քննարկել ենք: Ես ասել եմ, որ հաշվի առնելով այս ճգնաժամային իրավճակը, նաև հումանիտար և տնտեսական առումով, ակնկալում եմ, որ մենք կկարողանանք թեման քննարկել Ռուսաստանի նախագահի հետ և գալ ընդհանուր հայտարարի, և ՌԴ նախագահը նաև կմիջամտի այս գործընթացին, որպեսզի կարողանանք «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած հայտի հետ կապված որոշումներ կայացնենք»,- ասաց նա՝ նկատելով, որ ճգնաժամի պայմաններում Հայաստանի հանրությունն ու կառավարությունը չեն ընկալում այդ քայլը:

Վարչապետը հիշեցրեց, որ Հայաստանն առաջարկել է Ռուսաստանին ներմուծած գազի դիմաց վճարել ռուբլիով։ «Մենք ԵԱՏՄ-ում խոսում ենք դոլարիզացիայի բարձր մակարդակից, բայց ռուսական գազի դիմաց վճարում ենք դոլարով: Մեր առաջարկությունն է գազի դիմաց վճարել ռուբլով: Ես այդ առաջարկն այսօր ևս հնչեցրել եմ, և սա ավելի տրամաբանական է նաև ԵԱՏՄ համատեքստում», - ասաց նա՝ հույս հայտնելով, որ բանակցությունները հաջողությամբ կպսակվեն:

Ընդհանրապես, Փաշինյանի կարծիքով, գազի գնի հարցը Հայաստանում նախկինում մշտապես եղել է քաղաքական շահարկումների ու մանիպուլյացիաների առարկա: «Որքան էլ տարօրինակ թվա, բայց դա առաջին հերթին արվել է Հայաստանի կառավարության մակարդակով»,- ընդգծեց նա:

«Հայաստանի կառավարությունն օգտագործել է հարցը քաղաքական նկատառումներով՝ հաշվի չառնելով գազային համակարգի զուտ տնտեսական գործունեության կարևորությունը: Այսօր, երբ մենք նման իրավիճակների ենք բախվում, դա նախորդ կառավարությունների վարած անհեռանկար, ոչ տնտեսական քաղաքականության հետևանք է: Մենք այսօր գազամատակարարման համակարգի արդյունավետ շահագործման խնդիր ունենք և դրանք պետք է անպայման լուծենք» - ասաց վարչապետը:

․․․

Օրերս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության, ինչպես նաև դրա դիմաց ազգային արժույթով վճարելու վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:

Մինչ Հայաստանը «Գազպրոմին» առաջարկում է Հայաստան մատակարարվող գազի գինն իջեցնել, ռուսական գազային հսկայի հայաստանյան դուստրը՝ «Գազպրոմ Արմենիան», դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սպառողներին վաճառվող գազի սակագները հուլիսի 1-ից բարձրացնելու հայտով:

«Գազպրոմ Արմենիան» առաջարկում է մինչև 600 խմ գազ օգտագործող սոցիալապես անապահով խավի համար գազի սակագինը բարձրացնել 36 տոկոսով, ներկայիս 1000 խմ-ի համար 100 000 դրամի փոխարեն սահմանել 136 000 դրամ՝ հավասարեցնելով այն մյուս բնակիչների համար սակագնին:

Փոխարենն ընկերությունն առաջարկում է ամսական մինչև 10 000 խմ սպառում ունեցող սպառողներին (սա հիմնականում բնակիչ բաժանորդներն են) վաճառվող յուրաքանչյուր խմ բնական գազի գործող 139 դրամ սակագինը դարձնել 136 դրամ:

2019-ի սկզբին սահմանին Ռուսաստանից մատակարարվող գազի գինը բարձրացավ 10 տոկոսով՝ հասնելով 165 դոլարի, բայց վերջնական սպառողների՝ Հայաստանի բնակիչների համար սակագնի փոփոխություն տեղի չունեցավ:

Հայաստանն ու Ռուսաստանը սկսեցին բանակցություններ գազի գնի շուրջ: Բանակցությունները դեռ չեն ավարտվել, բայց եկել է կորոնավիրուսը՝ համաշխարհային տնտեսության հետ փլուզելով նաև նավթի ու գազի գները:

Արշալույս Մղդեսյան