6 ապրիլ, 2020 20:45

Արցախում հեղափոխություն չի եղել, բայց նաև հակահեղափոխություն չի եղել

Արցախում հեղափոխություն չի եղել, բայց Արցախում նաև հակահեղափոխություն չի եղել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա շատ կարևոր արձանագրում է: Ուզում եմ ընդգծել, որ պայմանական ասած հակահեղափոխական ուժերն Արցախում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ջախջախիչ պարտություն են կրել»,- ասաց վարչապետը՝ չնշելով, թե որ ուժեն են «պայմանական ասած հակահեղափոխականները»: Այնուհետև նա հիշեցրեց, ամիսներ առաջ հայտարարած իր տեսակետն առ այն, որ «եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, մենք Արցախը կդարձնենք հեղափոխության օջախ»:

Փաշինյանի կարծիքով, Արցախում անցկացված խորհրդարանական ու նախագահական ընտրություններից հետո պետք է կատարվեն բարեփոխումներ: «Մենք Արցախի նոր իշխանությունների հետ պետք է դա երաշխավորենք», - ասաց նա՝ նշելով, որ եթե Արցախի ընտրություններում թույլ տրված խախտումների վերաբերյալ հավաստի տեղեկություններ լինեն, ապա դրանք անարձագանք չեն մնա:

«Ընտրությունների վերաբերյալ ես տվել եմ իմ գնահատականը և շնորհավորել Արցախի ժողովրդին: Ես չեմ ասել, որ դրանք իդեալական ընտրություններ էին, բայց դրանք որոշակի հետևություններ անելու հնարավորություն տալիս են»,- ասաց վարչապետը՝ նկատելով, որ Արցախում տեղի ունեցած ընտրությունները արտահայտում են ուժերի այն հարաբերակցությունը, որ կա այնտեղ: