6 ապրիլ, 2020 16:38

Կդիմանա՞ արդյոք լիբերալ դեմոկրատիան COVID-19-ին

Իսպանիայի նախկին արտգործնախարար, Համաշխարհային բանկի նախկին ավագ փոխնախագահ Անա Պալասիոյի հոդվածը Project Syndicate կայքում։ Պալասիոն հարցադրում է անում, թե արդյոք կդիմանա՞ լիբերալ դեմոկրատիան կորոնավիրուսի համավարակի արդյունքում ակնկալվող փոփոխություններին։ 

Ճակատագրի հեգնանքով և ուշագրավ մարգարեությամբ՝ անցյալ տարվա Վենետիկի բիենալեի թեման հետևյալն էր. «Թո՜ղ որ դուք հետաքրքիր ժամանակներում ապրեք»: Այս արտահայտությունը, որը, ենթադրաբար, չինական հին անեծքի թարգմանություն էր, կոչված էր ընդգծելու կյանքի անկանխատեսելիությունն այս վտանգավոր և անորոշ դարաշրջանում: Այդ իրականությունն անհնար է անտեսել մի իրավիճակում, երբ կա աշխարհը քայքայող COVID-19-ի համաճարակ և չկա վստահելի գլոբալ առաջնորդություն:

Վենետիկը միշտ եղել է մարդկային ստեղծարարության հուշարձան: Գտնվելով ամենաանհավանական վայրում, լինելով առևտրի խոշորագույն հանգույց և ունենալով գլոբալիզացիայի առաջին դարաշրջանի հիմք հանդիսացող ինստիտուտների աջակցությունը, Վենետիկը լիբերալ ինտերնացիոնալիզմի նախակարապետն էր և շարունակում է մնալ բանականության, մարդասիրական արժեքների և գեղարվեստական հոյակերտ նվաճումների խորհրդանիշ:

Այսօր Վենետիկը, ինչպես Եվրոպայի մեծ մասը, դատարկ է: Ավելին, նրա ներկայացրած արժեքներն ու հնարավորությունները ոչ մի տեղ չեն երևում` ո՛չ մայրցամաքում, ո՛չ էլ դրա սահմաններից դուրս: Փոխարենն աշխարհը կարծես թե գտնվում է Միացյալ Նահանգների և Չինաստանի ողորմածության ներքո, որոնք ավելի շատ մտահոգված են միմյանց հետ մրցակցությամբ, քան COVID-19-ի ճգնաժամի հաղթահարմամբ։

Համաշխարհային գերակայության համար այս մրցակցությունը, որը թափ է առնում արդեն տարիներ շարունակ, նույնպես մոդելների բախում է: Չինական մոդելը կարևորում է այն սոցիալական ներդաշնակությանը, որն ընկած է կոնֆուցիականության հիմքում: Ամերիկյան և ընդհանրապես արևմտյան մոդելը առաջնահերթությունը տալիս է անհատին՝ հետևելով լուսավորականության ավանդույթներին:

COVID-19-ի ճգնաժամին արձագանքն ավելի ցայտուն կերպով վերհանեց այս տարբերությունը։ Չինաստանում տեղական իշխանությունները սկզբում փորձեցին ճնշել վիրուսի մասին տեղեկատվությունը՝ պաշտպանելու Կոմունիստական կուսակցության հեղինակությունը: Երբ դա այլևս անհնար էր, կառավարությունն արտակարգ միջոցառումներ ու կտրուկ արգելափակումներ ձեռնարկեց և շարունակում է առաջ տանել իր այն գիծը (չնայած կասկածելի տվյալներին), որ այս միջոցառումների շնորհիվ հաջողվել է վերացնել վիրուսի տարածումը Չինաստանում, և որ դրանք կարևոր նշանակություն ունեն ցանկացած տեղ՝ արդյունավետ արձագանքի համար:

Ի հակադրություն՝ ԱՄՆ-ում ճգնաժամը բնութագրվում է Անկախության հռչակագրով հաստատված «կյանքի, ազատության և երջանկության ձգտման» անհատի իրավունքների հետ հակասությամբ։ Համաճարակը սպառնում է կյանքին, բայց կյանքը պաշտպանելու համար անհրաժեշտ պատասխանը կվնասի ազատությանը: Երջանկության ձգտումը ևս կտուժի։ Վերջին ժամանակաշրջանում ոչ մի ճգնաժամ այսպիսի բազմակողմանի մարտահրավեր չի ներկայացրել արևմտյան լիբերալիզմի հիմնասյուների համար:

Իհարկե, նախկինում ևս եղել են կյանքին սպառնացող ժամանակաշրջաններ։ Սառը պատերազմի ընթացքում միջուկային սպառնալիքի ուրվականը ենթադրում էր շատ ավելի սարսափելի հետևանքներ, քան COVID-19 համաճարակի նույնիսկ ամենավատ կանխատեսումները: Բայց ռիսկը հիմնականում տեսական էր: Եվ այն փոխադարձ ըմբռնումը, որ միջուկային պատերազմում չեն լինելու հաղթողներ և պարտվողներ, և պատերազմող երկու կողմերն էլ մեկընդմիշտ կվերանան երկրի երեսից, հզոր զսպիչ ուժ էր։

Ի հակադրություն, COVID-19-ի դեպքում ռիսկը շոշափելի է և կոնկրետ: Մարդիկ վարակվում են վիրուսով, մահանում միայնության մեջ՝ տեսազանգերի միջոցով հրաժեշտ տալով իրենց սիրելիներին: Չկա բուժում, դեռ վաղ է պատվաստանյութի մասին խոսելը, իսկ վիրուսն այնքան վարակիչ է, որ ծայրահեղ կերպով ծանրաբեռնել է առողջապահական համակարգերը։ Սա միաժամանակ առաջացրել է հրատապության և անօգնականության զգացում, որի հետ սառը պատերազմը չի համեմատվում:

Նախորդ ճգնաժամերի ժամանակ արևմտյան ժողովրդավարությունները նույնպես սահմանափակել են ազատությունը: 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո, ԱՄՆ-ի «Հայրենասիրական ակտը» կտրուկ ընդլայնեց իրավապահ մարմինների հսկողության և հետախուզական իրավասությունները: Եվրոպայում վերջերս կատարված ահաբեկչական հարձակումները ևս հանգեցրել են նման զարգացումների:

Բայց, կրկին, COVID-19-ի ճգնաժամի սպառնալիքը շատ ավելի անմիջական և տեսանելի է: Մի բան է գաղտնալսումը, բոլորովին այլ բան՝ սահմանափակված տեղաշարժի ազատությունը։ Արգելափակումները, կարանտինը և սահմանային հսկողությունը այժմ որպես անհրաժեշտություն են դիտվում, բայց որքան երկար դրանք տևեն, այնքան ավելի շատ կքայքայվեն ազատ, լիբերալ հասարակությունների հիմքերը:

Հատկապես խոցելի է Թոմաս Ջեֆերսոնի գրավիչ, բայց ամորֆ՝ երջանկության ձգտման գաղափարը։ Վերջին տասնամյակների ընթացքում, կապիտալիզմի՝ հասարակության գիտակցության գրավմանը զուգահեռ, երջանկությունը նույնականացվել է տնտեսական անվտանգության և բարգավաճման հետ: 

Կյանքի նկատմամբ սպառնալիքի և ազատության սահմանափակումներին զուգահեռ, գալիք տնտեսական ճգնաժամը կխորացնի արևմտյան լիբերալիզմի վերաբերյալ կասկածները և կթուլացնի վերջինիս դիրքերը ներկայում ընթացող գաղափարների գլոբալ մրցույթում: Ուստի հրամայական է, որ արևմտյան առաջնորդները ոչ միայն կասեցնեն COVID-19-ի տարածումը, այլև խթանեն սոցիալական համախմբվածությունը, մշակեն սովորական առօրյային ու տնտեսական աճին վերադարձնող վստահելի մի ուղի և զորացնեն այն արժեքներն ու ինստիտուտները, որոնք լիբերալ ժողովրդավարական հասարակությունների հիմքն են։


Նույնիսկ եթե արևմտյան առաջնորդներին հաջողվի վերացնել COVID-19-ի համաճարակի անմիջական հետևանքները, առանց լիբերալ-ժողովրդավարական համակարգերը ներսից զորացնելուն ուղղված ջանքերի՝ դա քիչ կլինի: Նման ձախողումը Արևմուտքին խոցելի կդարձնի մի Չինաստանի համար, որը որպես այս «հետաքրքիր ժամանակների» առաջ բերած մարտահրավերների լավագույն լուծում առաջ է քաշում է իր մոդելը՝ անկախ դրա ճշգրիտ լինել-չլինելուց։  

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Հոդվածի բնօրինակը՝ Can Liberal Democracy Survive COVID-19?

Լուսանկարում՝ տեսարան Վենետիկից