8 ապրիլ, 2020 21:45

Որքան ազատ, նույնքան ատելի եք դուք․ Ադրբեջանի ընդհատակյա գրողների պայքարն անկախության համար 

Արբեջանցի երիտասարդ կին գրող Ներմին Քամալը The Calvert Journal-ում հրապարակել է հոդված Ադրբեջանում պաշտոնական Գրողների միությանը զուգահեռ գործող Ազատ գրողների միության մասին։ Գրողներ, որոնք չեն գովերգում իշխանությանը և գործում են ընդհատակում։ Հոդվածը թարգմանաբար՝ ստորև։

Պետության կողմից ֆինանսավորվող Ադրբեջանի գրողների միությունը իշխում է Բաքվի գրական բեմահարթակում: Բայց քաղաքի սրճարանների և գրախանութներում արդեն տեղի է ունեցել մեկ այլ գեղարվեստական հեղափոխություն:

Ամեն շաբաթ Բաքվում տեղի են ունենում երկու շատ տարբեր գրական իրադարձություններ: Առաջինը` պետության կողմից ֆինանսավորվող Ադրբեջանի գրողների միության ժողովն  է, որը հիմնադրվել է մեկ դար առաջ` որպես ԽՍՀՄ Գրողների միության մարմին: Ժողովը տեղի է ունենում Բաքվի կենտրոնական մասում գտնվող վարչական, սպիտակ, պատշգամբներով զարդարված մի քարե շինությունում։

Մյուսը կազմակերպվում է Ազատ գրողների միության կողմից. երիտասարդ գրողներ ինքնաբուխ հավաքվում են որևէ վայրում, որտեղ հնարավոր է անցկացնել հավաքը՝ լինի սրճարան, թե ընդհատակյա գրախանութ: Այսօր այդ առիթի համար նախատեսված հյուրատան մի դահլիճում «Ազատ գրողների» խմբի ղեկավարներից Ռասիմ Քարաչան հանդիպում է իր ընթերցողներին: Նա կարդում է բանաստեղծություններ և խոսում քաղաքականությունից: Գրականության և էսթեբլիշմենթի քննադատության վերաբերյալ նրա տեսակետները բնորոշ են Ազատ գրողներին և ընդունվում են խանդավառությամբ:

«Հանգավորվող պոեզիան նույնն է, ինչ հովանավորչությունը: Բառերը միասին շարելը միայն այն բանի համար, որ նրանք իրար նման են կամ լավ հանգավորվում են՝ առանց իրական պոետիկ իմաստի, նույնն է, ինչ աշխատանքի վերցնելիս նախապատվությունը տալ քո հարազատներին»,- ասում է նա: «Մարդիկ սիրում են այն բանաստեղծներին, որոնք գրում են նույն պատրաստի և ակնկալվող կաղապարներով: Մեր երկրում ատված լինելու չափը նաև ձեր ազատ լինելու չափն է»:

Գրականությունը միշտ հպարտության առարկա է եղել Ադրբեջանում, Բաքվում կան տեղի բանաստեղծների և գրողների տասնյակ արձաններ: Գրողների հավաքական ապստամբությունը, այնուամենայնիվ, համեմատաբար նոր բան է: Ապստամբությունը սկիզբ է առել 2000-ականներից ՝ ի պատասխան երկրի մշակութային քաղաքականության և գրականության վերաբերյալ մեյնսթրիմ սահմանման: Ադրբեջանի գրական ոլորտում երկար ժամանակ է՝ գերակշռում են հին ժողովրդական բանահյուսությունը, միջնադարյան Դիվանի պոեզիան և 19-րդ և 20-րդ դարի վիպասանները:

Նոր հազարամյակը, սակայն, ծնունդ տվեց գրողների նոր սերնդի, որոնք ցանկանում էին արմատապես զատորոշվել այդ ընդունված ազգային նորմից: Նրանք սկսեցին փորձարկել նոր ոճ և պատում, նոր թեմաներ և արտահայտման եղանակներ: Հենց այս գրողներն էլ սկսեցին իրենց պոեզիայի միջոցով սուր սոցիալական նյութեր գրել՝ կոչ անելով հասարակությանը վերագնահատել իրեն: Նրանք հայտարարեցին արմատական տարանջատում ոչ միայն մեյնսթրիմ մշակույթից, այլև Ադրբեջանի անցյալից: «Մենք հակամշակույթ ենք»,- հպարտորեն ասում է վիպասան, բանաստեղծ և Ազատ գրողների ռահվիրա Համիդ Հերիսչին:

Ժամանակին հրատարակման հնարավորությունները սահմանափակ էին, ուստի խումբը ստիպված էր ինքնահրատարակել: 2003-ից, երբ սկսեց լույս տեսնել Ազատ գրողների առաջին անթոլոգիան՝ «Ժամանակը՝ հովազի քայլքով, այն հաղթական նախաբանով հայտարարեց՝ «Մենք գոյություն ունենք»:

Ետևի շապիկին է միության հռչակագիրը՝ «ադրբեջանցի գրողի երդումը»: Տեքստի մեջ երկու համարձակ հայտարարություն կա. «Ստորագրելով այս փաստաթուղթը՝ ադրբեջանցի գրողները համաձայն են, որ նրանք քաղաքական որևէ կուսակցության ծառա կամ ստրուկ չեն, լինի իշխանություն, թե ընդդիմություն, և որ այսուհետև նրանք երբեք աչք չեն փակի ճշմարտության վրա, նույնիսկ եթե այդ ճշմարտությունը վտանգավոր է»:

Մեկ այլ մեջբերման մեջ նշվում է. «Ադրբեջանցի գրողները պետք է ընդմիշտ մերժեն խորհրդային գրողի մեթոդները` շողոքորթության օգտագործումը հեղինակություն և փառք ձեռք բերելու համար, պետական մեքենայում անիվի դեր կատարելը` նախքան պատմության աղբամանում վախճան գտնելը: Այսուհետ ադրբեջանցի բոլոր գրողները պետք է ազատությունն ու անկախությունը դարձնեն իրենց կյանքի հիմնական սկզբունքները՝ որպես գրող»:

«Մենք փակ խումբ չենք»,- ասում է Ռասիմ Քարաչան, որը պատրաստել է առաջին անթոլոգիան: «Նա, ով ընդունում է մեր հռչակագիրը, ազատ գրող է»:

Ազատ գրողների միության անդամների և պաշտոնական Ադրբեջանի գրողների միության միջև ձևավորվել է անջրպետ։

Երիտասարդ բանաստեղծներն ու գրողները ցանկանում էին տարբերվել իրենց ավելի տարիքով գործընկերներից՝ թեմաների, ձևերի և ոճերի միջոցով։ «Իրականությունը մենք գրում ենք մուգ գույներով՝ ի տարբերություն նրանց, ովքեր գրում են թիթեռների և ծաղիկների մասին»,- ասում է Գյունել Մովլուդը ՝ Ազատ գրողների առաջին անդամներից մեկը:

Հռչակագրին հաջորդել է «Ալաթորան» (Մթնշաղ) ամսագիրը՝ ավանգարդ պոեզիայի, նոր գեղարվեստական գրականության և էսսեների համար երկրի առաջին անկախ գրական հանդեսը: Շատ համարների առջևի շապիկի հեղինակն է նկարիչ Բաբի Բադալովը, իսկ առաջին էջում սադրիչ գրառում է. «Ադրբեջանի գրողների միության անդամներից նյութեր չեն ընդունվում»:

Բայց ամսագիրը ոչ բոլորին է դուր գալիս, և արձագանքները կարող են բուռն լինել: Սևինջ Փարվանան ադրբեջանական ֆեմինիստական գրականության նոր ալիք ստեղծող գրողներից է: «Ես գրում եմ կնոջ մարմնի, նրա զգացմունքների, առավել իրական, սովորական և բնական բաների մասին, որով կարող է ապրել կինը: Դա պարզ է»,- ասում է նա: Բայց նույնիսկ համեստ տեքստը կարող է գրողների համար լուրջ խնդիրներ առաջացնել պահպանողական Ադրբեջանում: «Ես քանիցս ստիպված եմ եղել հանդուրժել վիրավորանքներ կամ նույնիսկ թերթերում ակնարկներ [իմ աշխատանքի մասին], որոնք լցված էին հայոյանքներով»,- ասում է Փարվանան:

Մյուսներին ավելի վատ բախտ է վիճակվել: 2011-ին իր տան ճանապարհին սպանվեց միության անդամ, պատմվածքներ գրող և գրականագետ Ռաֆիք Թագին: Ոստիկանները սպանության մեջ կասկածում են կրոնական ծայրահեղականի, որը դեմ էր Թագիի գաղափարներին։ Վերջինիս գրական գործերի հետ կապված որևէ հաստատված կապ չկա, բայց սպանությունը մնում է չբացահայտված։ 

Նման հաշվեհարդարները դեռ ցնցում են, բայց անսպասելի չեն: Հեղինակ Աքրամ Այլիսլին, որը Ադրբեջանի գրողների միության երկարամյա անդամ էր, ստանում էր մահվան սպառնալիքներ, ականատես լինում իր գրքերի հրապարակային այրմանը։ Նույնիսկ ադրբեջանցի մի քաղաքական գործիչ գումար էր խոստացել նրա կտրված ականջի դիմաց՝ «Քարե երազներ» գիրքը հրատարակելուց հետո. վեպ, որը կենտրոնանում է Բաքվում և Լեռնային Ղարաբաղում հայերի ու ադրբեջանցիների միջև բախումների վրա։ (Ազատ գրողները հրապարակավ դատապարտեցին գրքի այրման արշավը, բայց հրաժարվում են առնչություն ունենալ Այլիսլիի հետ, որը, ըստ նրանց, մինչև վերջերս հաճոյանում էր պետությանը և իր կյանքը նվիրել էր մշակույթի «նախընտրելի» տեսլականի խթանմանը):

Անհանդուրժող միջավայրը պատճառ է դարձել, որ ոմանք էլ, ինչպիսին վիպասան Սեյմուր Բայջանն է, հայտնվել են ինքնապարտադրված աքսորում: Նա կարծում է, որ «Ադրբեջանը դեռ Հյուսիսային Կորեա չի դարձել մասնավորապես նաև Ազատ գրողների միության շնորհիվ»:

«Մշակութային ընդդիմություն լինելը Ադրբեջանում շատ ավելի դժվար է, քան քաղաքական ընդդիմություն լինելը, քանի որ և՛ քաղաքական իշխանությունը, և՛ քաղաքական ընդդիմությունը նույն կարծիքն ունեն մշակույթի վերաբերյալ»,- ասում է Բայջանը, որը Թբիլիսիում է գրում իր պատմվածքների ու էսսեների ժողովածուները: Բայց բացի ֆիզիկական հեռավորությունից, այս հեղինակների և նրանց լսարանների միջև կան նաև այլ անդունդներ:

«Լավ ճաշակ և գեղագիտական միտք ունեցող ընթերցողները Ադրբեջանում չափազանց հազվադեպ են»,- ասում է Բայջանը: «Բայց գրել պարզապես ժողովրդին հաճոյանալու համար կլինի կոնֆորմիզմի տարօրինակ ձևերից մեկը»:

Նմանատիպ զգացողություններ ունի Ազատ գրողների մեկ այլ անդամ Աքշին Ենիսեյը: «Անձամբ ես չեմ ցանկանում վաստակել ադրբեջանցիների սերը: Իմ նպատակը ժողովրդի կողմից ճանաչված լինելը չէ,- ասում է նա:- Նրանք սիրում էին խորհրդային-ադրբեջանական բանաստեղծներին: Այդ բանաստեղծները երկար կյանք ունեցան, ստացան պետական բոլոր մրցանակները, մահացան, և նրանց գործերը նույնպես մահացան: Կա՞ նրանց գործերից որևէ տող, որ մարդիկ հիմա կհիշեն»:

Ժամանակները փոխվում են Ազատ գրողների միության համար: Չնայած բոլոր դժվարություններին՝ նրանք համախմբվել են սոցիալական մեդիայի դարաշրջանում: Հրապարակվելու համար գրողներին այլևս հարկավոր չէ ֆինանսավորում կամ այլ աջակցություն. փոխարենը նրանք ստեղծում են սոցիալական մեդիայի էջ, որտեղ էլ գտնում և ոգեշնչում են ընթերցողների իրենց շրջանակին:

«Ալաթորանը» գրական հանդեսից վերաճում է հրատարակչատան, որի գրքերը՝ «Alatoran Books» պիտակով, հայտնվում են Բաքվի բոլոր անկախ գրախանութներում:

Բայց շատ առումներով դեռ կենդանի է խորհրդային մոդելը: Ադրբեջանի կառավարությունը դեռ բնակարաններ և այլ պարգևներ է ընծայում անձանց, որոնց համարում է բարձրակարգ մշակութային գործիչ: Պաշտոնական գրականագիտական ապարատից անջատվելը մի երկրում, որտեղ արվեստի մեծ մասը ֆինանսավորվում է պետության կողմից, դժվար է: «Մեր ընկերներից ոմանք չեն կարողացել դիմակայել բարոյական և նյութական դժվարություններին, ոմանք էլ գրավիչ առաջարկներ են ստացել իշխանություններից և չեն կարողացել դիմադրել գայթակղությանը»,- նշում է Սեյմուր Բայջանը: 

Բայց թեկուզև Ազատ գրողները չեն կարողացել հասնել նույն դիրքին, ինչ Ադրբեջանի գրողների միությունը, նրանք անսասան են՝ այլընտրանք առաջարկելու իրենց նպատակի մեջ։ «Հանրության մեջ դեռ կան մարդիկ, որոնք չեն ցանկանում հարմարվել։ Մեր փորձը ցույց է տալիս, որ գրող լինելու մեկ այլ տարբերակ կա՛»,- ասում է Քարաչան։ 

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Հոդվածի բնօրինակը՝ How much you are hated is how much you are free’: how Azerbaijan’s underground writers fight for independence

Լուսանկարում՝ Ադրբեջանի գրողների միության շենքը Բաքվում