8 ապրիլ, 2020 15:33

Կորոնաճգնաժամը Գյումրիում. գործարարը կառավարությունից աջակցություն է ակնկալում, ոչ թե պարտքով փող 

Գյումրեցիներին և Գյումրի ժամանած զբոսաշրջիկներին քաջածանոթ Herbs and Honey սրճարանը մարտի 16-ից ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը։ Սրճարանի հիմնադիր և տնօրեն Արտուշ Եղիազարյանը Սիվիլնեթին պատմում է, որ ծանր ձմռան ընթացքում սրճարանի գործունեությունն անխափան պահելու համար օգտագործել է պահուստային միջոցներ` հույսով, որ գարնան գալուն պես ակտիվություն կսկսվի և կկարողանան վերականգնվել։ Հայաստան կորոնավիրուսի տարածման հետ կապված վիճակը, սակայն, ամբողջությամբ փոխել է պլանները։ Եղիազարյանն ասում է, որ սրճարանի հաշվեհամարին այս պահին առկա է 80 000 դրամ գումար։ Նա չի պատրաստվում օգտվել կառավարության ծրագրերից, քանի որ դա համարում է պարտքով գումար տնտեսվարողին այն դեպքում, երբ տնտեսվարողն արդեն իսկ պարտքեր ունի։ 

- Այլ ելք չունեինք,  ֆինանսական միջոցներ չկան։ Շիրակի մարզը ամենաաղքատ  մարզերից է, արդեն դժվար էր մեզ համար։ Մենք շատ դժվար ձմեռ ենք ունեցել, մեր պահուստներն էինք ներարկում, որ ձմեռը դիմանանք ու հազիվ, քարշ տալով դուրս ենք եկել մինչև մարտ՝ իմանալով, թե ուր որ է կսկսվի տուրիստական սեզոնը, կսկսենք շնչել։ Մեկ էլ եկավ վիրուսը։ Մենք պահուստային գումարներ այլևս չունեինք, որ պահեինք, տեսնեինք՝ ինչ կլինի։ Այսօր մեր ընկերության հաշվին կա 80 000 դրամ փող։ Մենք մարտի մեր բոլոր պարտավորությունները վճարեցինք՝ կոմունալ, եկամտահարկ, ապրիլին շրջհարկի եռմասյակի պարտավորություն ունենք, բայց դրա գումարն էլ չունենք։ 

Պետությունը պարտքով փող է տալիս, որ դու այս պարտավորությունները կատարես։ Ես հիմա նախընտրում եմ առհասարակ չաշխատել, մենք միայն 1 000 դոլար վարձ ենք տալիս, 250 000 դրամ կոմունալ վարձ ենք տալիս, հարկեր  ենք մուծում, այսքան ծանր պարտավորությունները… ծանր ձմեռվանից դուրս ես գալիս ու այսպիսի բան է գալիս քո գլխին։ Մենք փաստացի չէինք կարող գործունությունը շարունակել։ 

Արտուշ Եղիազարյանը՝ դատարկ մնացած իր սրճարանում։- Պետությունը բիզնեսին աջակցելու մեխանիզմներ է ստեղծել։ Դրանցից մեկն այն է, որ անտոկոս վարկ է տրամադրում, մարման ընթացքում ևս արտոնություններ կան։ Չե՞ք պատրաստվում դիմել այս ծրագրից օգտվելու համար։

- Այսինքն պարտքով փող ես վերցնում, որ աշխատես, այդ փողը հետ տաս։ Այդպես չի լինում։ Արդեն պարտք ունեցող սրճարան ենք, մենք հիմա մոտավորապես 2 միլիոն դրամի պարտավորություն ունենք մեր գործընկեր առաքիչների նկատմամբ։ Մենք կարողացել էինք պահուստ ունենալ ու դրա համար վարկային պարտքեր չունենք, բայց պարտքեր առհասարակ ունենք։ Գյումրիում ձմեռվանից դուրս ենք եկել, հիմա մեր հաշվին կա 80 000 դրամ, նոր պարտքով փող վերցնենք որ ի՞նչ անենք։ 

Օրինակ Երևանում Կասկադի հարևանությամբ սրճարանները, չեմ կարծում, որ նույն վիճակի մեջ են, ինչ մենք։ Հարց է առաջանում՝ լավ, ի՞նչ անի պետությունը. երևի թե առաջին հերթին արդեն իսկ պարտավորություններ ունեցող տնտեսվարողներին այդ պարտավորությունները մարելու համար գումար տա, օգնի մարել պարտքերը կամ ասենք՝ հարկերից ազատի։ Սրանք պետք է հաշվի առնել։ Մյուս կողմից, ասում են, որ հարկերից ազատելը լավ նախադեպ չի ստեղծի։ Հիմա պետությունը պարտքով փող է տալիս, որ տնտեսվարողը գնա աշխատավարձ, կոմունալներ  վճարի ու ի՞նչ անի։ 

Համաձայն եմ, որ սա ֆորս մաժոր է, ու գործիքները որ հիմա ստեղծվել են, նախկինում չկային, պետության կրեատիվությունը, ճկունությունը կարևոր է։ Գյումրին ունեցավ շատ հզոր 2019 թվական ու 2020-ը ավելի լավ էր լինելու, բայց այսպես եղավ։ Ես մյուս կողմից էլ հասկանում եմ, որ պատերազմող երկիր ենք։

- Ի՞նչ պայմանների դեպքում կշարունակեք ձեր գործունությունը։

- Նախ պիտի պարետի որոշումը վերանա, որ վերաբացվենք։ Նաև ոչ միայն ռեստորանների, սրճարանների փակման որոշումը պետք է վերանա, պիտի շարժն էլ վերականգնվի, հասարակությունը սկսի նորմալ ապրել։ Ամսի 16-ին, երբ որոշումն ընդունվեց, մենք միանգամից փակվեցինք, որովհետև արդեն չէինք դիմանում։ Մեր կողքի սրճարաններն աշխատում էին, Երևանի սրճարաններն աշխատում էին, բայց մենք փակվեցինք, հոսք չկար։ Երևի այլ սրճարանների դեպքում սեփականատերերը նաև տարածքի սեփականատեր են ու վարձ չեն տալիս, մենք 450 000 դրամ վարձ ենք տալիս։ Մենք, թող անհամեստ չհնչի, բայց երևի հերոս ենք, որովհետև Գյումրիի պայմաններում ինքնաբավ տնտեսություն էինք ստեղծել,15 աշխատատեղ էինք ստեղծել ու մոտավոր 10 այլ ընտանիքներ անուղղակի օգտվում էին մեր գործունությունից՝ սրճարանն իրենցից մեղր ու խոտաբույսեր էր գնում։ 

- Իսկ մտածե՞լ եք առաքումով վնասները մեղմելու մասին։

- Իրականում մտածել ենք։ Երկու գործոն կա, որ պետք է հաշվի առնել։ Օրինակ, տարածքի սեփականատերը դրան ո՞նց կնայի։ Կասի՝ դու աշխատում ես, ինչո՞ւ պիտի նվազեցնեմ վարձը, և երկորրդ՝ այդքան թեթև չպետք է նայել առաքման ծառայություններին, որովհետև համաճարակային վիճակում ենք, առաքումն էլ է ռիսկային։ Դա այնքան խելացի ու զգույշ պետք է կազմակերպել, որ բոլոր հիգիենիկ պայմանները բավարարվեն։ Մտածում ենք մեր թեյերը առաքել, փորձել կամաց-կամաց որպես խանութ աշխատել։ Թող մարդիկ գան իրենց սիրած թեյերն ու մեղրերը տանեն։

- Բայց ներդրված գործիքներն արդյունավե՞տ են։

- Այս պահին մեր ոլորտի համար արդյունավետ չեն։ Ես պարտքով փող չեմ ուզում վերցնել, միանվագ օգնություն ՍՊԸ-ին էլ չկա։ Պետության գործիքները Երևանում աշխատող մեծ ռեստորանների, սրճարանների համար արդյունավետ են՝ Կասկադի, Հյուսիսային պողոտայի սրճարանների համար։ Նրանք պահուստային ֆոնդեր կունենան, կողքից սա էլ մեծ օգնություն է։ Եթե պետությունն անգամ մեր աշխատակիցների աշխատավարձի 50 տոկոսը մուծի, ես այլ փող չունեմ, հնար չունեմ, որ բերենք, դնենք մյուս մասը։ 2008-ին, երբ գլոբալ ֆինանսական ճգնաժամը եղավ, ԱՄՆ-ը 750 միլիարդ դոլար ներարկեց տնտեսություն։ Չեմ համեմատում, բայց պետությունը ինչքան ֆինանսական ռեսուրս ունի, որ կարող է ներդնել, պետք է ներդնի՝ առանց խնայելու։ 

- Շատ դեպքերում բիզնեսին կամ անհատներին օգնությունը միանվագ է։ Համաչա՞փ է սա կրած վնասին։

- Իհարկե քիչ է, բայց երևի հաշվարկն այն է, որ երկար չի ձգվի, նորմալ կյանքի կվերադատնանք։ Նաև չեմ հասկանում, թե ՍՊԸ-ներին ինչու չեն օգնում, օգնում են միայն ԱՁ-ներին՝ վերադարձնելով շրջհարկի 10 տոկոսը։ ԱՁ-ներ կան, որ ՍՊԸ-ներից  մեծ են, շրջանառությունն էլ մեծ է։ Նույնիսկ սոցիալական օգնություններն են քիչ, կարծում եմ։ Ընդ որում փողեր պետք է ներարկել ոչ թե երկարաժամկետ նպատակների համար, այլ կարճաժամկետ, որ գոնե այսօր դիմանանք, հետո անցնենք ռազմավարական հարցեր լուծելու։ Բայց այսօր կոնկրետ փրկվելու հարց ունենք։ Ու եթե այսօր ինձ նման փոքր սրճարանները չդիմանան, երկարաժամկետ մնացած քայլերն ո՞ւմ են պետք։ Յուրաքանչյուր տնտեսության հիմքը փոքր բիզնեսն է։ 

- Դուք ունեի՞ք ընդլայնման պլաններ, որ կասեցրել եք։ 

- Գյումրիում ռեստորանահյուրատնային նախագիծ ունեինք պատմական կենտրոնում։ Հենց հիմա էլ ծրագիր ենք մշակում Աշոցքում շվեյցարական պանրի արտադրություն հիմնելու համար։ Հայաստանում որակով կաթի արտադրության դեֆիցիտ կա, մենք ուզում ենք փորձագիտական կենտրոն դառնալ՝ փոքր, բայց որակով արտադրություն անենք։ Դեռ փող չէինք ներդրել, ուզում էինք հողի հարց լուծել։ Իսկ Գյումրիում հյուրատուն-ռեստորանը սառեցված է։ Հիմա խնդիր ունենք գոնե սրճարանը փրկել, դա գերագույն խնդիրն է։ Սրճարանը մեր հիմքն է, մեր հույսն էն էր, որ մենք այս տարի փող կաշխատենք ու ներդրում կանենք այլ ծրագրերի մեջ։ 

- Հաշվե՞լ եք արտակարգ դրության հայտարարումից հետո որքան վնաս եք կրել՝ սրճարանի չաշխատելով։ 

- Տասը օրը մեկ 1մ5 միլիոն դրամի շրջանառություն է կորել, երևի ամսվա կտրվածքով 5 միլիոնի շրջանառություն ենք կորցրել։ Շատ դժվար էինք դրան հասել։ Գյումրին շատ տուժած տեղ է, մեծ ջանքեր գործադրվեցին ուշքի բերելու համար։ Կասկադում գործող սրճարանը, որ 20-30 միլիոն շրջանառություն ունի, նույն կերպ է հարկվում, ինչ 4-5 միլիոն շրջանառություն ունեցողը։ Անարդարություն կա։ Այս կողմերը ոչ մի ֆինանսական արտոնություն չի եղել։ Մեր սրճարանը աճում էր, բոլորի ջանքն էր դա, կառավարության, մեր աշխատակազմի, գյումրեցիների, բայց էլի հավատում եմ, որ լավ է լինելու։ 

Մկրտիչ Կարապետյան