8 ապրիլ, 2020 13:22

Հետկորոնավիրուսային աշխարհում կհաջողեն ճկուն և ռազմավարական մտածող պետությունները․ Լիլիթ Գևորգյան

Լոնդոնի IHS Markit հետազոտական կենտրոնի ավագ վերլուծաբան Լիլիթ Գևորգյանի հետ Ստելլա Մեհրաբեկյանը զրուցում է այն մասին, թե ինչպես է կորոնավիրուսի համավարակը ազդում կառավարման համակարգերի վրա, վերլուծում անվտանգությունն ընդդեմ ազատությունների դիլեման, փորձում պատասխանել այն հարցին, թե ինչպիսին է լինելու հետկորոնավիրուսային աշխարհը:

- Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց քաղաքացիների տեղաշարժն ու հեռախոսազանգերի շրջանակը հասանելի դարձնելու նախագիծը: Հայաստանում բավական բուռն բանավեճ ծավալվեց քաղաքացիական հասարակության շրջանում առ այն, որ օրենքը հակաժողովրդավարական է: Քաղաքացիների հիմնական մտավախությունը այն է, որ անգամ արտակարգ դրության վերացումից հետո վերահսկողական այս մեխանիզմները շարունակվելու են կիրառվել: Դուք ինչպե՞ս եք տեսնում ընդհանրապես ոչ միայն Հայաստանում այս դիլեման՝ անվտանգություն ընդդեմ ազատությունների, արդյոք կա՞ նման դիլեմա: 

- Իհարկե կա, և Հայաստանը միակ երկիրը չէ, որ նման քննարկումներ են տեղի ունենում և նման մտահոգություններ կան: Չինաստանից, Հարավային Կորեայից հետո, կարծեմ, Իսրայելն առաջին երկիրն էր, որ մոտ մեկ ամիս առաջ նման քայլեր ձեռնարկեց: Այստեղ՝ Մեծ Բրիտանիայում, ևս հայտնի դարձավ, որ կառավարությունը խոշոր հեռախոսային ընկերությունների հետ է բանակցում, որպեսզի կարողանան հետևել մարդկանց, թե արդյոք նրանք կարանտինին հետևում են: Իհարկե, ասվում է, որ այդ տեղեկությունները 12-24 ժամից հետո կերևան։ Միանգամից օնլայն ռեժիմով չեն հետևելու մարդկանց: Այստեղ ևս կան խմբեր, որոնք անհանգստացած են գաղտնիությամբ, իրավունքի պահպանմամբ: Նման կազմակերպությունները, օրինակ, պահանջում են, որ բոլոր անհատները Մեծ Բրիտանիայում իրավունք ունենան ընտրել, թե արդյոք իրենք համաձայն են, որ իրենց տվյալները կառավարությունը օգտագործի, թե ոչ: Ինֆորմացիոն հարցերով հանձնակատարի գրասենյակ կա Մեծ Բրիտանիայում, որը հստակ ասեց, որ գաղտնիության պաշտպանությունը չի նշանակում, որ այդ տվյալները չեն կիսվելու պետության հետ, որովհետև հարցը վերաբերում է հանրային առողջության և հանրային անվտանգության խնդիրներին: Այսինքն՝ ինչպես տեսնում ենք՝ թե՛ այս հարցում, թե՛, օրինակ, Եվրոպայում տեղաշարժման հարցում, երբ որ ազգային անվտանգության կամ հանրային անվտանգության խնդիրն է բարձրանում, մասնավոր իրավունքները, գոնե ժամանակավորապես, երկրորդ պլան են մղվում, և կարծում եմ, որ հենց դա էլ տեղի է ունենում Հայաստանում: 

Մասնավոր իրավունքները, գոնե ժամանակավորապես, երկրորդ պլան են մղվում, և կարծում եմ, որ հենց դա էլ տեղի է ունենում Հայաստանում։

Այն երկրներում, որտեղ հանրությունը ավելի պակաս վստահություն ունի պետական կառույցների նկատմամբ, մտահոգությունները ավելի մեծ են, և շատ կարևոր է, որպեսզի կառավարությունները թափանցիկ լինեն, պարզ, մատչելի կերպով բացատրվի, թե ինչն է օգտագործվելու, ինչպես է օգտագործվելու, և երբ է վերանալու նման մեթոդների կիրառումը: Շատ է խոսվում, որ սա ավտորիտար կամ բռնապետական պետություններում ավելի շատ կօգտագործվի։ Չեմ կարծում, թե այս համաճարակն էր, որ պատճառ դարձավ նման պետություններում այս մեթոդների ավելի շատ օգագործման համար: Այո՛, կա դիլեման, և ինչպես նաև այլ հարցերում՝ տեսնում ենք, որ գոնե ժամանակավորապես որոշ իրավունքներ սահմանփակվում են:

Այսինքն՝ ես որքան հասկանում եմ՝ Հայաստանում արդեն ասվել է, որ նման արտակարգ միջոցմները ձեռնարկվել են միայն համաճարակի դեմ պայքարի փուլում և դրանից հետո չեն լինելու: Սա մի պրակտիկա է, որ նաև միջազգային կառույցներն են խորհուրդ տալիս, այսպես կոչված, վերջը հստակ սահմանելու կամ ելքը հստակ սահմանելու պահանջ, թե երբ են այս միջոցառումները ավարտվելու, և ցանկացած օրենք պետք է հստակ ասի, ցանկացած կառույցում պետք է հստակ ձևակերպվի, թե երբ են դադարեցվելու: Հակառակ դեպքում դրանով պետք զբաղվեն դատարանները:

- Մեկ այլ թեզ, որ այս օրերին շատ է շրջանառվում մարդու իրավունքների սահմանփակումներին զուգընթաց, դա ազգայնականության աճն է: Արդյո՞ք կորոնավիրուսը հանգեցնելու է նաև աշխարհում ազգայնականություն աճին, այդ թվում՝ Եվրամիության ներսում: Այսօր նման միտումներ Դուք տեսնու՞մ եք:

- Ազգայնականության աճը ավելի վաղուց էր նկատվում: Դա հիմնականում կապված էր երկրների տնտեսական մոդելի փոփոխության հետ, երբ հիմնականում աշխատանքները, աշխատատեղերը արտահանվում էին այնպիսի արտադրող երկրներ, ինչպիսին Չինաստանն է միգրցիոն խնդիրների պատճառով: Իհարկե, հիմա կան շատ խոսակցություններ այն մասին, որ այս ճգնաժամից հետո մենք կտեսնենք միջազգային մեկուսացում, գլոբալիզացիայի կրախ և ավարտ, ժողովրդավարության թուլացում: Բայց, կարծում եմ, որ նման ակնկալիքները մի քիչ խտացված են: Ինձ թվում է, որ, իհարկե, փոփոխություններ կլինեն, բայց այստեղ խնդիրը հետևյալն է, ես կարծում եմ, որ երկու ուղղությամբ են այդ փոփոխությունները լինելու:

Տեղական ինստիտուտների մաքրությունը և դիմացկունությունը շատ կարևոր խնդիր է լինելու ապագայում:

-Եվ՛ դրական, և՛ բացասական:

- Այո, ի դեպ, վերդառնալով ազգայնականության հարցին՝ պետք է հստակ սահմանազատել պոպուլիզմը և իրական, ոչ թե ազգայնականությունը, այլ հայրենասիրությունը: Մի բառ, որ քիչ է օգտագործվում լեքսիկոնի մեջ: Այսինքն՝ այն ազգայնականությունը, որ մենք տեսանք, դա պոպոլիզմն էր, որի արդյունքում իշխանության էին գալիս մարդիկ, որոնք քաղաքական կառավարման փորձ չունեին կամ ընդհանրապես քաղաքականության հետ կապ չունեին: Ես և ոչ միայն ես, շատերը սա անվանում են «ճոխության պրոբլեմ», երբ որ մարդիկ այնքան վստահ են, որ իրենց պետական ծառայությունը, պետական ինստիտուտները կաշխատեն, որ պատրաստ են, օրինակ՝ հումորիստների ընտրել որպես վարչապետ կամ նախագահ և այլն: 

Այս ճգնաժամը համաճարակի հետ ցույց տվեց, որ պետական իշխանությունները և պետության ղեկավարները լայն առումով պետք է լինեն կոմպետենտ, կարողանան արագ արձագանքել նման խնդիրներին, որովհետև սա կյանքի և մահվան հարց է:

Այս ճգնաժամը համաճարակի հետ ցույց տվեց երկու բան: Առաջինը՝ որ պետական իշխանությունները և պետության ղեկավարները լայն առումով պետք է լինեն կոմպետենտ, կարողանան արագ արձագանքել նման խնդիրներին, որովհետև սա կյանքի և մահվան հարց է: Տեղական ինստիտուտների մաքրությունը և դիմացկունությունը շատ կարևոր խնդիր է լինելու ապագայում: Նաև ցույց տվեց, որ ռազմավարական անվտանգության առումով կարևոր է ունենալ դիմացկունություն, որը թե՛ պետությանն է վերաբերում, թե՛ ընկերություններին:

Եթե նախկինում շեշտը դրվում էր ծախսերը ցածրացնելու և արդյունավետ լինելու վրա, հիմա խնդիր է լինելու դիմացկուն պետություն կամ դիմացկուն տնտեսություն ստեղծելը: Իսկ դա նշանակում է, որ որոշ ոլորտներում պետք է պետությունը և խոշոր ընկերությունները, ինչու չէ նաև միջին չափի ընկերությունները կարողանան լինեն ինչ-որ առումով ինքնաբավ: Բացի այն, որ պետության դերը որոշ առումով մեծանալու է, երկրորդ խնդիրը այս համաճարակից հետո, որ տեսնում եմ, որտեղ հնարավոր են մեծ փոփոխություններ, դա մատակարարման արժեշղթաների փոփոխությունն է: 

Մենք վերջին տասնամյակից ավել տեսնում ենք, որ Չինաստանը լավագույն էժան գներով արտադրողն է, և գլոբալիզացիայի գլխավոր տարրերից մեկն է, բայց համաճարակի արդյունքում այդ մատակարարման արժեշղթաները սկսեցին քանդվել, և սա արտաքին շոկ առաջացրեց գրեթե բոլոր երկրների համար: Այս գլոբալ մատակարարման շղթաների վերաձևումը միանգամայն հնարավոր է: Արևելյան Եվրոպայի երկրները, օրինակ, արդեն պատրաստվում են այդ վերաձևման մեջ իրենց դերը, իրենց փայը ունենալու: Հայաստանը ևս, եթե կարողանա, կարող է օգտվել այս վերաձևումից, որովհետև լինելու են թե՛ հաղթողներ և թե՛ պարտվողներ:

- Այսինքն՝ այն տրանսֆորմացիաները, որոնց մենք այսօր ականատես ենք, նաև բացում են նոր պատուհաններ և հնարավորություններ վերադիրքավորվելու համար:

- Այո, և հաջողակ կլինեն նրանք, ովքեր ավելի ճկուն կլինեն, ավելի ռազմավարական իրենց կպահեն՝ թե՛ ընկերությունները, թե՛ պետությունները։ Ի տարբերություն նախկինում օգտագործվող թեզերի, ինչպիսինն են գլոբալիզացիան, հիմա մենք կտեսնենք միտում, որտեղ ավելի մեծ արժեք կունենան այն ընկերությունները կամ պետությունները, որոնք կարող են ավելի դիմացկուն լինել կամ որոնք կարող են դիվերսիֆիկացնել մատակարարման շղթաները, որոնք կկարողանան իրենց այնպես ինքնամաքրել, որ տեղ չլինի կոռուպցիայի կամ օլիգարխիայի համար: Կյանքի և մահվան պայքարի պայմաններում դրանք դառնում են անընդունելի: 

Հաջողակ կլինեն նրանք, ովքեր ավելի ճկուն կլինեն, ավելի ռազմավարական իրենց կպահեն՝ թե՛ ընկերությունները, թե՛ պետությունները։

Եթե նախկինում նման ճոխություն կարող էին որոշ երկրներ իրենց թույլ տալ, ապա հիմա սա առավել ևս անընդունելի է լինելու, որովհետև այս մատակարարման շղթաների դիսլոկացիայի ժամանակ, վերափոխման ժամանակ մենք տեսնելու ենք շոկեր, մատակարարման շոկեր, որի արդյունքում սպառողները կտեսնեն գնաճ և այլն: 

Մեկ այլ խնդիր, ի դեպ, որի մասին դեռ չենք խոսում, բայց վստահ եմ, որ մի քանի ամիս հետո դա գլխավոր թեմաներից մեկն է լինելու է, դա հսկայական և ուռճացող պետական կորպորատիվ պարտքերի խնդիրն է, որովհետև հսկայական պարտքեր են հիմա կուտակվում, առաջնայնությունը տրվում է մարդկանց կյանքերը փրկելուն, բայց հետո մենք ունենալու ենք խնդիրներ այդ պարտքերի ծավալի, դրանց փակելու հետ, և դրա արդյունքում առաջացող աղքատության և այլ խնդիրների հետ: Այսինքն՝ այն երկրները, որոնք կկարողանան կոնսոլիդացնել իրենց որոշ ռեսուրսներ և կարողանան ստրատեգիական մոտենալ այս վերաձևման պրոցեսին, նրանք ավելի հաջողակ կլինեն:

Պատրաստեց Գեղեցիկ Ոսկանյանը