9 ապրիլ, 2020 15:29

Արժույթի միջազգային հիմնադրամը հրաժարվում է վարկ տալ Իրանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Արժույթի միջազգային հիմնադրամին կոչ է արել չենթարկվել ԱՄՆ-ի սպառնալիքներին և կատարել մյուս երկրների հանդեպ ստանձնած պարտավորությունները՝ հատկապես կորոնավիրուսի համավարակի ժամանակ. հաղորդում է իրանական Mehr News գործակալությունը։

«Մենք ԱՄՀ-ից վերջին 50 տարում ոչինչ չենք խնդրել և կատարել ենք մեր բոլոր պարտավորությունները։ Եթե Հիմնադրամը այս ծանր ժամանակներում չկատարի իր պարտավորությունները, աշխարհը դա այլ կերպ կմեկնաբանի»,- հայտարարել է Ռոհանին։ - Պատմությունը երբեք չի մոռանա, որ Սպիտակ տունը, որը տնտեսական ահաբեկիչ էր, այժմ դարձել է ահաբեկիչ առողջապական ոլորտում նույնպես»։

Իրանի նախագահը շեշտել է, որ երկրի առողջապահական ոլորտն անում է ամեն բան՝ համավարակի պայմաններում կարիքները հոգալու համար՝ հավելելով, որ Իրանը մոտ ապագայում կդառնա ինքնաբավ կորոնավիրուսի թեստերի առումով։

Մարտի սկզբին Իրանի Կենտրոնական բանկը դիմել էր ԱՄՀ-ին՝ խնդրելով տրամադրել 5 մլրդ դոլարի վարկ՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար։ ԱՄՆ-ը հրաժարվում է վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները և անգամ վերջին շաբաթներին սաստկացրել է դրանք։

Al-Monitor պարբերականը, հղում անելով Պետքարտուղարության իր աղբյուրին, հաղորդում է, որ ԱՄՆ-ն ընդդիմանում է ԱՄՀ-ի կողմից Իրանին վարկի տրամադրմանը։

«Ահաբեկչության առաջատար հովանավոր երկիրը գումար է փնտրում արտերկրում իր արկածախնդրությունը ֆինանսավորելու, այլ ոչ թե իրանցիների համար դեղորայք գնելու համար։ Ռեժիմի կոռումպացված պաշտոնյաները երկար ժամանակ մարդասիրական օգնությունը գրպանել են և տվել իրենց ահաբեկիչ շրջանակներին։ Իրանցիներն անձամբ դա շատ լավ գիտեն, ահա թե ինչու բազմաթիվ այլախոհներ և քաղաքական նախկին քաղբանտարկյալներ գրել են ԱՄՀ-ին՝ խնդրելով մերժել ռեժիմին ուղիղ ֆինանսական աջակցությունը, որը չի ուղղվելու իրանցի ժողովրդին օգնությանը»,- Al-Monitor-ին ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։

Կորոնավիրուսի թվերը՝ Իրանում

Իրանի առոջղապահության նախարարության՝ ապրիլի 9-ի տվյալներով՝ վերջին 24 ժամում երկրում գրանցվել է 1 634 նոր դեպք և 117 մահ։

Դեպքերի ընդհանուր թիվը երկրում հասել է 66 220-ի։

Մահերի ընդհանուր թիվը հասել է 4 110-ի։

Համավարակի ժամանակաշրջանում ապաքինվածների թիվը 32 309 է։

Ներկայում կրիտիկական վիճակում է գտնվում 3 918 մարդ։ 

Իրանում մինչև այժմ արվել է կորոնավիրուսի 231 393 հետազոտություն։

Կարդացե՛ք նաև՝

Ռոհանին՝ ամերիկացիներին․ «Մայրցամաքը շրջապատող օվկիանոսները չեն պաշտպանի, համաճարակը սպառնում է բոլորիս»

Ստելլա Մեհրաբեկյան