9 ապրիլ, 2020 16:27

Օրակարգում նման հարց գոյություն չունի․ ԱԳՆ խոսնակը՝ Էրդողանի օգնության կոչի մասին

«Մենք ծանոթ ենք Կ. Պոլսի Պատրիարքարանի կողմից Թուրքիայի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ մամուլի հաղորդագրությանը: Որպես երրորդ կողմ, ձեռնպահ կմնայինք ոչ պաշտոնական տեղեկատվությունը մեկնաբանելուց: Բոլոր դեպքերում, օրակարգում նման հարց գոյություն չունի». ի պատասխան «Արմենպրես» գործակալության հարցի՝ հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Թուրքիայից ՀՀ քաղաքացիների վերադարձի մասին խոսնակն ասել է․ «Տեղյակ եք, որ Հայաստանի կողմից ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները՝ մեր քաղաքացիների վերադարձը Հայաստան ապահովելու ուղղությամբ, և առաջնահերութություն է հատկապես տրվում համավարակի լայն տարածում ստացած երկրներում դժվար կացության մեջ հայտնված մեր քաղաքացիների տեղափոխմանը: Այդ պատճառով որոշում կայացվեց տեղափոխել Թուրքիայում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած մեր քաղաքացիներին»:

***

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կապ է հաստատել Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ և նրա միջոցով Հայաստանին դեղորայքի հարցում օգնություն ցուցաբերելու առաջարկ արել։

Ըստ Պատրիարքության հաղորդագրության՝ անձնապես կապ հաստատելով պատրիարքի հետ՝ Էրդողանը հարցրել է վերջինիս որպիսությունը։

«Վսեմաշուք նախագահը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին իրենց երկիրը վերադառնալու համար հնարավորություն կտրվի և Հայաստանին դեղորայք տրամադրելու պատրաստակամություն հայտնեց»,- նշված է հաղորդագրությունում։

Ստելլա Մեհրաբեկյան