11 ապրիլ, 2020 11:29

Պարգևավճար` ոսկե մուշտակի դիմաց

Արգոնավաստիները («Արգոն» կոչվող նավի նավաստիները) հունական դիցաբանության մեջ հայտնի այն մի խումբ քաջերն էին, որոնք ոսկե մուշտակը բերելու նպատակով նավարկեցին տարբեր փորձությունների միջով ու բերեցին այն` որպես իշխանության ու պետականության խորհրդանիշ:

Ծանր էին ու բազմազան արգոնավաստիների փորձությունները: Այնուամենայնիվ, նրանք կարողացան դիմադրել տարաբնույթ գայթակղությունների` նույնիսկ Սիրենաների դյութող ձայներին:

Հոմերոսյան այս պատմությունը քաջության, հաղթանակի, նպատակասլացության ու երազանքի պատմություն է:

Սակայն ի՞նչ կապ ունի այն հայկական արդի իրականության հետ: Կապ ունի, քանզի բարձրացվել ու բարձրացվում է պետական պաշտոնյաների պարգևավճարների հարցը: Հասարակության մի մասը մոլեգնում է, մյուս մասը՝ պաշտպանում, իսկ երրորդը անտարբեր է: Անձամբ փորձում եմ որևե հատվածում չլինել՝ միևնույն ժամանակ փորձելով ձևավորել հանրության չորրորդ` պահանջատեր հատվածը:

Ես պահանջում եմ, որ հանրային ծառայողները պարգևատրվեն: Այո՛, պարգևատրվեն, բայց միայն ոսկե մուշտակ բերելու դիմաց: Արգոնավաստիները պետք է պարգևատրվեն: Նրանք արժանի են, եթե իհարկե բերել են ոսկե մուշտակը: Արդի ժամանակներում մուշտակ կարող են լինել նոր ներդրումներն ու ներդրողները, հաղթական նախագծերը, աշխարհ գրավող նորարարությունը, բեկումներ մտցնող միջազգային հարաբերությունները, ազգային, տարածաշրջանային կամ միջազգային հարցերի հիմնովին լուծումները:

Սրանք բոլորը ոսկե մուշտակներ են, որ դեռ պետք է բերել, և բերելու դիմաց՝ պարգևատրվել: Ու պարգևատրվել այնպես, որ բոլորը նախանձեն (բարի նախանձ չի լինում): Արգոնավաստի լինելը պետք է լինի չափանիշ, որին ձգտում են բոլորը, իսկ չձգտողները թող աշխատեն աշխատավարձի դիմաց:

Տասնամյակից ավելի եղել եմ հանրային ծառայող: Տարիներ են եղել, երբ տարվա վերջին պարգևատրվելու դիմաց գիտակցորեն շնորհակալ եմ եղել: Եղել են տարիներ նաև, որ երբ պարգևատրվել եմ, հարցրել եմ՝ ինչու՞, ինչի՞ համար: Այդպես է: Ոչ միշտ է, որ կարողանում ես լինել արգոնավաստի:

Անկախության երեսուն տարիների ընթացքում կարիք ենք ունեցել և դեռ ունենալու ենք մեծ թվով արգոնավաստիների` բոլոր բնագավառներում: Ունեցել ենք ոմանց: Բերվել են ոսկե մուշտակներ: Դրանք ցավոք, սակայն, համատարած չեն եղել: Ոսկե մուշտակներ բերող արգոնավաստիների կարիքը մենք ունենք հանրային ծառայության բոլոր բնագավառներում՝ դատականից մինչև օրենսդիր, գործադիրից մինչև իրավապահ:

Չնսեմացնելով նրանց գործը ու չանտեսելով իսկական արգոնավաստիների կատարած աշխատանքը, մենք երկար տարիներ հանրային ծառայության մեջ բուծել ենք պատժող, տուգանող, արգելող, հսկող, քննող, սահմանափակող, դակող, «ես փոքր մարդ եմ», «էդ իմ գործը չի» կամ «վերևից ա» ասող հանրային ծառայողների: Արգոնավաստիներ չենք սերմանել ու չենք սերմանում այժմ:

Այնպես որ, պահանջում եմ, որ մեծ, չափազանց խոշոր պարգևավճարներ տրվեն, բայց միայն արգոնավաստիներին ու այն էլ՝ միայն ոսկե մուշտակների դիմաց:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: