18 ապրիլ, 2020 10:11

Երևանի խանությունը՝ Ռուսաստանի գրավման նախօրեին

Ռուս-պարսկական երկրորդ պատերազմից հետո (1826-1828) ամբողջ Անդրկովկասը, ներառյալ Արևելյան Հայաստանը, Պարսկաստանից անցավ Ռուսաստանին: Ֆրանսիական ծագումով ռուս պատմաբան և ազգագրագետ Իվան Շոպենը երեք տարի մնալուց և ուսումնասիրություններ կատարելուց հետո հրապարակեց աշխատություն («Камеральное описание Армянской области»)՝ նկարագրելով արդեն գրավված Երևանի խանության վարչական բաժանումներն ու բնակչության կազմը:

Երևանի խանությունը կազմված էր 15 շրջաններից՝ մահալներից, և ուներ 115 106 բնակչություն, որից հայեր՝ 65 234, մահմեդականներ՝ 49 872: Երևանի վերջին խանը Հոսեյն Ղոլի Խան Ղաջարն էր, որ կառավարեց երկու տասնամյակ`1807-1827 թթ: Խանության կենտրոնը Երևան քաղաքն էր 11 417 բնակչությամբ, որից 7 286-ը`մահմեդականներ, 3 937-ը` հայեր:

Մահմեդական բնակչությունը կազմված էր երեք խմբից՝ պարսիկներ (շիա), քրդեր (շիա և սուննի) և թուրքալեզու քոչվորներ (тюркские кочевники, номады): Այս վերջին խումբը (այսօրվա ադրբեջանցիների նախնիները) կազմում էր Երևանի խանության ընդհանուր մահմեդական բնակչության գրեթե մեկ երրորդը՝ գերազանցելով 20 հազարը: Երբ ռուսները պարսիկներից գրավեցին Երևանը, ըստ Շոպենի, թուրքալեզու քոչվորների մոտ 10 տոկոսը (շուրջ 350 ընտանիք կամ 1.800 հոգի, բոլորն էլ Բյույուք Չոբանղարա ցեղից) հեռացան:

1. Քառասուն Աղբյուր (Քըրխ բուլաղ) մահալը համապատասխանում է այսօրվա Երևանի և Կոտայքի մարզի մի մասին: Մահալի տարածքում բնակչության թիվը եղել է 3 053, որից մահմեդականները՝ 383 հոգի, հայերը՝ 2 670 հոգի (1.396-ը՝ տեղացիներ, 1 043-ը Պարսկաստանից, իսկ 231-ը Արևմտյան Հայաստանից վերաբնակիչներ՝ 1826-1828 թթ. ռուս-պարսկական և 1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմների տարիներին):

Երբ խոսք է գնում Պարսկաստանից վերաբնակիչների մասին, ապա պետք է իմանալ, որ նրանց նախնիները բռնագաղթի հետևանքով Արարատյան աշխարհից Պարսկաստան էին քշվել հիմնականում Շահ Աբասի տիրապետության տարիներին, մասնավորապես՝ 1600-ական թթ․ սկզբին:

Մահալում եղել է 22 բնակավայր, որոնցից ամենամեծը Քանաքեռն էր՝ մահալի կենտրոնը: Այն ուներ 477 բնակիչ, որից 462-ը հայ, 15-ը՝ մահմեդական: 462 հայերից 386-ը բնիկներ էին, իսկ 41 և 35 հոգին եկել էին համապատասխանաբար Պարսկաստանից և Արևմտյան Հայաստանից: Մահալի Առինջ գյուղը մաքուր հայկական էր 243 բնակիչներով, որոնցից 192-ը տեղացիներ էին, իսկ 47 հոգի եկել էին Պարսկաստանից, 4 հոգի կամ մեկ ընտանիք՝ Արևմտյան Հայաստանից: Մաքուր հայկական Իլլար գյուղը, որի տեղում այսօրվա Աբովյան քաղաքն է, ուներ 158 բնակիչ, որոնցից 88-ը՝ բնիկներ, իսկ 70-ը Արևմտյան Հայաստանից և Պարսկաստանից եկածներ:

2. Զանգի-Բասարի մահալն ուներ 26 բնակավայր, ընդհանուր բնակչությունը 8 376 էր, որից մահմեդականները՝ 5 413, հայերը՝ 2 963 հոգի: Այս 2 963-ից 2 360-ը Զանգի-Բասար էր եկել Պարսկաստանից: Բնիկ հայերի թիվը 603 հոգի էր, որոնք բնակվում էին Շենգավիթում (48 հոգի), Նորագավիթում (158), Կալալիում (150), Շիրաբադում (215), Գյոք-Գունբադում (32):

Զանգի-Բասարի մահալի ամենամեծ բնակավայրը Ուլուխանլուն (այսօր՝ Մասիս) էր 1 737 բնակիչներով, բոլորը՝ մահմեդականներ:

3. Գառնի-Բասարի մահալում, որի տարածքը ընդգրկում էր այսօրվա Արտաշատի շրջակայքը, բնակչության ընդհանուր թիվը 9 680 հոգի էր, որից հայեր՝ 5 504, մահմեդականներ՝ 4 176 մարդ: Հայության մեծամանությունը՝ 5 359-ը, Գառնի-Բասարի մահալ էր եկել Պարսկաստանից:

Մահալը ուներ 52 բնակավայր, կենտրոնը Ղամարլու (այսօր՝ Արտաշատ) գյուղն էր 408 բնակիչներով, որոնցից 241-ը հայեր, 167-ը՝ մահմեդականներ:

4. Վեդի Բասարի մահալը տարածվում էր նաև այսօրվա Ադրբեջանին պատկանող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հյուսիսային որոշ հողերի վրա և ուներ 21 բնակավայր՝ բոլորն էլ բնակեցված մահմեդականներով, բացառությամբ Վեդի-Ուլիայի, որտեղ բնակվում էին 799 մահմեդականներ և 15 հայեր: 1828-ից հետո Վեդի-Բասարի երեք գյուղերում՝ Խոր Վիրապում, Դավալույում և Վեդի-Ուլիայում, հաստատվեցին ավելի քան հազար հայեր Պարսկաստանից: Նրանցից 633-ը հաստատվեցին Դավալույում, 430-ը՝ Վեդի-Ուլիայում, 6-ը (մեկ ընտանիք)՝ Խոր Վիրապում:

Վեդի-Բասարում բնակչության ընդհանուր թիվը կազմում էր 4 355 հոգի, որից հայեր՝ 1 069, մահմեդականներ՝ 3 286 մարդ:

Վեդի-Բասարում ամենամեծ բնակավայրը Վեդի-Ուլիան էր՝ 1 244 բնակիչ, ապա գալիս էին Սադարակը (այսօր Նախիջևանի կազմում է)՝ 878, Դավալուն (Վեդի Բասարի վարչական կենտրոնը)՝ 661 բնակիչ:

5. Շարուրի մահալում հայերի թիվը կազմում էր 1 757, մահմեդականներիը՝ 6.510: Շարուրի հայկական գյուղերն էին՝ Ուլիա /կամ՝ Հայի/ Նորաշեն, Խանլուխլյար, Վարմիզիար, Քեշտազ, Վերին Դաշարխ, Ալաքլու, Փարչի: Սիաղութ կամ Սիագութ գյուղում բնակվում էի ասորիներ, որոնց տեղի հայերը անվանում էին յաղուբիներ, հավանաբար նկատի ունենալով Ասորի Հակոբիկյան եկեղեցուն պատկանելը:

6. Սուրմալուի մահալում հայերի թիվը կազմում էր 7 575, մահմեդականներինը՝ 4 832: Մահալը ուներ 49 գյուղ, կենտրոնը Իգդիրն էր, որն ուներ 100 տոկոսով հայ բնակչություն՝ 624 հոգի: Մահալի մաքուր հայաբնակ գյուղերից էր Ալիջանը, որն ուներ 255 հոգի հայ բնակչություն: Ալիջանը Արաքսի մյուս ափին է՝ Մարգարա գյուղի դիմաց: Հենց Ալիջան-Մարգարա հատվածում է գտնվում հայտնի կամուրջը, որը միմյանց միացնում է այսօրվա Թուրքիան և Հայաստանը: Սուրմալու մահալի ամենամեծ բնակավայրը Արխուրի մաքուր հայաբնակ գյուղն էր, որն ուներ 1 358 հոգի: Մահալի մաքուր հայկական խոշոր գյուղերից էին Բլուրը (539 մարդ), Թաշբուրունը (426 հոգի), Եվջիլարը (420 հոգի), Գոլուջան (341 հոգի):

7. Կողբի (Դարաքենդ-Փարչենիս) մահալը, որը տարածվում էր այսօրվա Թուրքիայի մաս կազմող Իգդիրի տարածքի հյուսիսային հատվածի և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքսին մերձակա հողերի վրա, ուներ 55 բնակավայր՝ բոլորն էլ բնակեցված մահմեդականներով, բացառությամբ մահալի կենտրոն Կողբի (այսօր՝ Թուզլուջա), որտեղ բնակվում էին բացառապես հայեր՝ 1 118 հոգի կամ 173 ընտանիք: Մեկ հայ ընտանիք կամ հինգ հոգի էր բնակվում Ակերակ գյուղում:

Կողբի (Դարաքենդ-Փարչենիս) մահալում բնակչության ընդհանուր թիվը 4 387 էր, որից հայերի թիվը 1123 էր, մահմեդականներինը՝ 3 264:

8. Սաադլուի մահալը, որը տարածվում էր այսօրվա Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքսի ձախ աջի մերձակա հողերի վրա (Երվանդաշատ, Բագարան և մերձակա բնակավայրեր), ուներ ընդամենը 9 բնակավայր 1 004 ընդհանուր բնակչությամբ: Երվանդաշատը և Բագարանը եղել են պատմական Հայաստանի մայրաքաղաքներ: Բագրատունիների առաջին մայրաքաղաքը եղել է Բագարանը:

Երևանի խանության 15 մահալներից միակը, որը բնակեցված էր բացառապես մահմեդականներով, Սաադլուն էր: Մահալի կենտրոնը Խեյիր-Բեգլու, այսօր՝ Բագարան, գյուղն էր, որը 1832-ին ուներ 301 բնակիչ: Սաադլուի 9 գյուղերն էին՝ Սոհաթլի, Հոսեյն-Քենդի, Ջիրուխլի, Էլիմջան, Հաջի-Բայրամլի, Ահրիսեֆաթ, Խեյիր-Բեգլու, Ասսար և Շահ-Վարիդ:

9. Թալինի մահալը ուներ 20 բնակավայր, որից հայաբնակ էր միայն Մաստարան: Մահալի ընդհանուր բնակչությունը 1 980 էր, որից 420-ը մահմեդականներ, մյուսները՝ հայեր, որոնցից տեղացիներ՝ 416 հոգի, իսկ մյուսները՝ գաղթածներ Արևմտյան Հայաստանից: Մահալի կենտրոնը Մաստարան էր 416 բնակիչներով, բոլորն էլ հայեր և բոլորն էլ՝ տեղացի:

10. Սեյիդլի-Ախսախլիի մահալը, որը տարածվում էր այսօրվա Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի որոշ հողերի վրա (Ավան, Ուջան, Կոշ), ուներ 20 բնակավայր 1 782 ընդհանուր բնակչությամբ, որից 1 754-ը մահմեդականներ, 28-ը՝ հայեր: Մահալի կենտրոնը Ուշին էր: Սեյիդլի-Ախսախլիի մահալում հայերը բնակվում էին միայն Կոշ գյուղում:

11. Սարդարապատի մահալը ուներ 22 բնակավայր: Մահալի կենտրոնը և ամանամեծ բնակավայրը Սարդարապատ գյուղն էր 1 487 հոգի բացառապես հայ բնակչությամբ: Մահալի գյուղերից 7-ը մահմեդական էր, 11-ը` հայ, մյուսները՝ խառը:

Մահալում բնակչության ընդհանուր թիվը կազմում էր 5 428 հոգի, որից հայեր՝ 3 591, մահմեդականներ՝ 1 837 մարդ: Հայության մեծամասնությունը՝ 3 214-ը, բնիկ էր:

12. Կարբի-Բասարի մահալը (տարածվում էր այսօրվա Էջմիածնի և Աշտարակի շրջանների հողերի հատվածներում) ամենից հայաբնակ և հայաշունչն էր բոլոր 15 մահալների մեջ: Ավելին, հայոց պատմության ամենից դժնդակ ժամանակներում անգամ, երբ Արարատյան բարեբեր դաշտը ոտնատակ էին տալիս Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարսկաստանի զորքերը միմյանց դեմ իրենց տասնամյակների պատերազմներով, Էջմիածնի շրջանը չզրկվեց հայ բնակչությունից: Պատճառներից մեկը և գուցե գլխավորն այն էր, որ այնտեղ էր գտնվում Մայր Աթոռը, որ 1441-ին վերադարձել էր Կիլիկիայից:

Կարբի-Բասարն ուներ 10 955 բնակչությունի, որից մահմեդականներ էին 2 592 հոգին: Մահալի ամենամեծ բնակավայրը Էջմիածինն էր (որին խանության շրջանում տվել էին թուրքերեն Իյուչ Քիլիսե, թարգմանաբար՝ երեք եկեղեցի անունը) 1 957 բնակիչներով, բոլորն էլ՝ հայեր: Մեծությամբ մյուս երկու բնակավայրերն էին Աշտարակը (820 հոգի, բոլորը հայեր) և Օշականը (584 հոգի, բոլորը հայեր):

13. Ապարանի մահալում (տարածվում էր այսօրվա Ապարանի շրջանի տարածքներում, կենտրոնը՝ Բաշ Ապարան) նախքան ռուսների գալը ընդամենը երկու բնակավայրում էին մարդիկ մշտապես բնակվում, այն էլ՝ խիստ սահմանափակ քանակով: Իվան Շոպենը այս մահալում թվարկում է 39 գյուղեր, որտեղ հաստատվեցին Պարսկաստանից (2 018 հոգի) և Օսմանյան կայսրությունից (6 857 հոգի) հայրենադարձ հայեր, ընդհանուր՝ 8 933 մարդ:

14. Դարաչիչակ մահալն ուներ 37 բնակավայր 8 650 բնակչությամբ, որից մահմեդականների թիվը 1 300 էր: Այս մահալը տարածվում էր այսօրվա Հրազդանի և Սևանի շրջանների տարածքներում, կենտրոնը Դարաչիչակ (այսօր՝ Ծաղկաձոր) գյուղն էր: Դարաչիչակի մահալում հաստատվեցին 3 535 հայեր Պարսկաստանից, 3 263 հայեր Օսմանյան կայսրությունից՝ Արևմտյան Հայաստանից: Մահալում բնիկ հայերի թիվը կազմում էր 552 հոգի, ովքեր բնակվում էին Ծաղկաձորում, Արզականում, Ծաղկունքում, Գոմաձորում:

15. Սևանի մահալը (գրեթե համապատասխանում է այսօրվա Գեղարքունիքի մարզին), որը անվանվում էր Գյոքչա ձևով, և՛ տարածքով, և՛ բնակչությամբ ամենից մեծն էր բոլոր 15 մահալների մեջ: Կենտրոնը Նոր Բայազետն էր: Մահալն ուներ 59 բնակավայր 14 254 բնակչությամբ, որից մահմեդականների թիվը 5 607 էր: Սևանի ավազանում հաստատվեցին  8 557 հայեր Օսմանյան կայսրությունից՝ Արևմտյան Հայաստանից՝ հիմնականում Բայազետի շրջանից:

Թաթուլ Հակոբյան

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: