21 ապրիլ, 2020 09:50

Հայ-վրացական սահմանը Դեբեդի ափին. Հայաստանի կարևորագույն հողաշերտը

Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանը գտնվում է ճիշտ այն եռանկյունում, որտեղ միմյանց սահմանակից են Անդրկովկասի՝ միջազգայնորեն ճանաչված երեք հանրապետությունները՝ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան: 

Նոյեմբերյանի շրջանով են անցնում ռազմավարական և անփոխարինելի նշանակություն ունեցող հյուսիսկովկասյան գազատարը, անդրկովկասյան երկաթուղին և Հայաստանը Վրաստանով Ռուսաստանին կապող ցամաքային` Նոյեմբերյան-Սադախլո-Թբիլիսի-Ստեփանծմինդա-Վերին Լարս ճանապարհը:

Այս օրերին հայ-վրացական սահմանը  երկկողմ փակ է քաղաքացիների համար և բաց է միայն բեռնատարների ու բեռներ տեղափոխող երկաթուղային շարժակազմերի համար։

Հյուսիսկովկասյան գազատարով ռուսական գազը Վրաստանի տարածքով հասնում է Նոյեմբերյանի շրջան, ապա խողովակաշարային ցանցով տարածվում Հայաստանի բոլոր մարզերում և Արցախում: Այս գազատարը կառուցվել է Խորհրդային Միության փլուզման նախօրեին, երբ Բաքվի իշխանությունները որոշում կայացրին փակել Ադրբեջանից Հայաստան մտնող գազատարը: 

Նորակառույց գազատարը, սակայն, անցնում է Վրաստանի գերազանցապես ադրբեջանաբնակ Քվեմո Քարթլի երկրամասով (անմիջական սամանակից է Ադրբեջանին) և ղարաբաղյան պատերազմի տարիներին ավելի քան 40 անգամ պայթեցվել է: Հայկական կողմը կասկած չուներ և ժամանակին պաշտոնապես հայտարարել է, որ դա արվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների ուղղակի կամ անուղղակի մասնակցությամբ: 

Հայաստանից դուրս եկող և արտաքին աշխարհի հետ կապող միակ գործող երկաթուղին ևս անցնում է Նոյեմբերյանի շրջանով՝ Այրում-Սադախլո հատվածով: Այդ երկաթուղով են իրականացվում Երևան-Թբիլիսի, ամառային շրջանում՝ Երևան-Թբիլիսի-Բաթումi ուղերթերը, ինչպես նաև՝ Հայաստանի ապրանքաշրջանառության հիմնական մասը: Երկաթգիծը ավարտվում է Վրաստանում, քանի որ փակ է Վրաստան-Ռուսաստան երկաթուղագիծը Աբխազիայի հատվածում: Չնայած այս իրողությանը, հայ-վրացական երկաթուղագիծը Հայաստանի տնտեսության համար ունի կենսական նշանակություն, քանի որ հենց դրանով է Հայաստանը կապվում Սև ծովի Բաթումի և Փոթի նավահանգիստների հետ, այն է՝ ստանում է ելք դեպի ծով:

Արցախյան պատերազմի տարիներին երկաթուղին Վրաստանի ադրբեջանաբնակ Քվեմո Քարթլիի երկրամասում պայթեցվել է ավելի քան 20 անգամ:

Հայաստանը և Վրաստանը ունեն ցամաքային չորս և երկաթուղային մեկ սահմանադուռ:

Սահմանադռներից կարևորագույնը Բագրատաշեն-Սադախլոն է: Այստեղով են իրականացվում հիմնական ապրանքափոխադրումները և մարդկանց տեղաշարժը ոչ միայն դեպի Վրաստան, այլև Ռուսաստան, Թուրքիա և բազմաթիվ այլ երկրներ:

Հայ-վրացական մյուս երեք սահմանադռներն են Պրիվոլնոյե-Ախքյորփին ու Գոգավան-Գուգուտին (երկուսն էլ՝ Լոռու մարզի Տաշիրի շրջանում) և Բավրա-Ժդանովականը Շիրակի մարզ-Ջավախք հատվածում:

Տես նաև՝ Հայաստանի սահմանադռները

Նոյեմբերյան

  

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: