22 ապրիլ, 2020 16:34

Լավրովի հայտարարության հետքերով․ չկա ավելի հեշտ միջոց, քան իշխանություններին Ղարաբաղը ծախելու մեջ մեղադրելը

Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի քննարկումը Հայաստանում  գրեթե միշտ հիշեցնում է ամերիկյան «Արջամկան օրը» (Groundhog day) հայտնի ֆիլմը: Ֆիլմի մեջ գլխավոր հերոսի համար ժամանակը կանգ է առնում և նա ստիպված է լինում երկարատև ժամանակահատված ամեն առավոտ արթնանալ և վերապրել նույն օրը` իր բոլոր կրկնվող մանրուքներով: Այդպիսի «Արջամկան օր» է տեղի ունենում  նաև հայաստանյան լրատվական դաշտում և սոցիալական մեդիայի եզերքներում ամեն անգամ, երբ որևէ օտարերկյա դիվանագետ հնչեցնում է բանակցային ողջ գործընթացի ընթացքում լուծման բոլոր տարբերակների հիմք հանդիսացած կարգավորման բաղադրիչները: Հայկական հասարակությունը հերթական անգամ բացահայտում է, որ միջնորդ երկրների առաջարկները չեն համընկնում հարցի լուծման մեր պատկերացումների հետ և  սկսում բոլոր մահացու մեղքերի մեջ մեղադրել օրվա իշխանություններին:

Այս հարցում մշտապես առանձնահատուկ աշխուժություն են ցուցաբերում հայաստանյան տարատեսակ ընդդիմադիր ուժերը: Սա բնական է և ինչ-որ տեղ նաև օգտակար: Քաղաքական էժան դիվիդենտներ շահելու համար ավելի հեշտ միջոց չկա, քան իշխանություններին Ղարաբաղը ծախելու մեջ մեղադրելը: Իսկ օգտակար է այն առումով, որ իշխող ուժերը մշտապես զգում են իրենց գլխներին կախված ղարաբաղյան «դամոկլեսյան սուրը» և գիտակցում են, որ բանակցային գործընթացում նույնիսկ ցանկության  դեպքում ի վիճակի չեն լինելու անցնել որոշակի կարմիր գծեր: 

Նմանատիպ «Արջամկան օրի» ականատես եղանք նաև Ապրիլի 21-ին «Գորչակով» հիմնադրամում անցկացված առցանց կլոր սեղանի ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունից հետո: Լավրովը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, նշել էր, որ բանակցային սեղանին դրված է կարգավորման փուլային տարբերակ, որի առաջին փուլում ենթադրվում է «Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջանների ազատում և տրանսպորտային, տնտեսական և այլ հաղորդակցությունների ապաշրջափակում»: Այս հայտարարությանը հետևեց Հայաստանի ԱԳ  նախարար Զոհրաբ Մնացականյանի արձագանքը, ով, փաստորեն, հերքեց Լավրովի պնդումները և նշեց, որ վերջին երկու տարվա ընթացքում որևէ փաստաթղթի շուրջ բանակցություններ չեն եղել:  Մնացականյանը հավելելեց նաև, որ հայկական կողմերը չեն կարող գնալ զիջումների, որոնք կարող են վտանգի տակ դնել Արցախի ժողովրդի անվտանգությունը:

Այս հայտարարություններից անմիջապես հետո հայկական մեդիադաշտը ողողվեց իշխանություններին ուղղված մեղադրանքներով, որոնք հիմնականում հիմնված են էժան շահարկումների վրա: Լավրովի հայտարարությունը շահարկողների առաջին շարքերում բնականաբար հայտնվել են Հայաստանի նախկին իշխանությունները և նրանց սպասարկող լրատվական ու փորձագիտական շրջանակները:  Այսպես, Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմինը նույն օրը հայտարարություն է տարածել, որտեղ ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը «կործանարար» է անվանել : Հայտարարության մեջ  նշվում է նաև, որ «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաեւ արտաքին գործերի  նախարար Էդվարդ Նալբանդյանը, մշտապես փոխհամաձայնեցված գործելով Արցախի իշխանությունների հետ, երբեք չեն քննարկել հիմնախնդրի լուծման փուլային տարբերակը»: 

Սա, իհարկե, մեր իրականության համար ունիկալ իրավիճակ է: Մենք, ինչպես արդեն նշվել է, ունեցել ենք բազմաթիվ ընդդիմություններ, որոնք իշխանություններին քննադատել են Արցախի հիմնահարցում պարտվողական քաղաքականություն վարելու համար, բայց երբեք չենք ունեցել ընդդիմություն, որը ոչ վաղ անցյալում եղել է իշխանություն, և իր ստեղծած ու թողած բանակցային ժառանգության պատասխանատավությունը փորձում է բարդել նոր իշխանությունների վրա: Պարզ է, որ «փուլային» բառը հայկական քաղաքական հիշողության մեջ առաջին հերթին ասոցացվում է 90-ականների վերջերի արտաքին և ներքին քաղաքական զարգացումների հետ: Այդ առումով հանրապետականների ակտիվությունն ու Լավրովի հայտարարությունը շահարկելու փորձերը տրամաբանական են: Սակայն անժխտելի իրականություն է նաև այն հանգամանքը, որ հենց Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին փուլային տարբերակը փառահեղ վերադարձ կատարեց բանակցային սեղան: 

Իշխանության գալուց հետո Սերժ Սարգսյանի և իր արտաքին քաղաքական թիմի գլխավոր նպատակը պետք էր լիներ բանակցային գործընթացի հիմք հանդիսացող սկզբունքների ու դրանց բաղադրիչների ձևափոխումը ի օգուտ հայկական կողմերի: Խոսքը, մասնավորապես, հետաձգված հանրաքվեի մեխանիզմի մասին է: Հայկական դիվանագիտության գլխավոր նպատակը պետք է լիներ հետաձգված հանրաքվեի մեխանիզմը անհետաձգելի հանրաքվեի մեխանիզմ դարձնելը: Սակայն ՀՀ իշխանությունները ոչ միայն չկարողացան հասնել այդ նպատակին, այլև մի շարք զիջումների գնացին, որոնք էապես թուլացրեցին հայկական կողմի բանակցային դիրքերը: Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին է «տարածքներ կարգավիճակի դիմաց» բանաձևը դարձել «տարածքներ խաղաղության/անվտանգության դիմաց» բանաձև: Եվ «Լավրովի պլան» կոչվածը, որը առաջին անգամ ի հայտ եկավ 2014 թվականին,  հենց այդ բանաձևի մարմնավորումն էր:

Ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկը` «Միջազգային ճգնաժամային խումբ» (International Crisis Group),  հակամարտությանը մասին իր վերջին զեկույցում բացատրում է «Լավրովի պլանի» էությունը` հղում անելով իր աղբյուրներին: Ըստ ՄՃԽ-ի փորձագետների` Լավրովի պլանը ենթադրում էր ռուս խաղաղապահների տեղակայում հակամարտության գոտում, հայկական զորքերի դուրսբերում  նախկին ԼՂԻՄ-ի հարակից շրջաններից և Լեռնային Ղարաբաղին անորոշ ժամկետով միջանկյալ կարգավիճակի տրամադրում` առանց վերջնական կարգավիճակի և հանրաքվեի վերաբերյալ հստակություն մտցնելու: Սա հայկական կողմի համար աղետալի և խայտառակ տարբերակ էր, որը ենթադրում էր հարցի փուլային լուծում և դե ֆակտո վերադարձ 90-ականների վերջ:  Սերժ Սարգսյանը տարիներ շարունակ բանակցում էր այս տարբերակի շուրջ: Ավելին, հենց իր վարած արտաքին և ներքին քաղաքականության շնորհիվ է հնարավոր դարձել առաջարկությունների այսպիսի փաթեթի ի հայտ գալը բանակցային սեղանին, երբ հայկական կողմին առաջարկում էին զիջումներ անել և փոխարենը ստանալ խաղաղություն:  Կարծես, տարածաշրջանում խաղաղության միակ շահառուն Հայաստանն էր: Ուստի, հանրապետականների բոլոր այն հայտարարարությունները, թե իբր իրենք երբեք փուլային տարբերակի շուրջ բանակցություններ չեն վարել, պարզապես հանրությանը հերթական անգամ մոլորության մեջ մտցնելու փորձեր են: Այս մասին վկայում է նաև Սերգեյ Լավրովի մեկնաբանությունները 2018 թվականի հունվարի 14-ի իր մամուլի ասուլիսի ժամանակ: Պատասխանելով հակամարտության վերաբերյալ ադրբեջանցի լրագրողի հարցին` նա նշել էր, որ Ղարաբաղյան հակամարտությունը մեկ փաստաթղթով հնարավոր չէ լուծել: Փուլային մոտեցում է պետք, որը կարտացոլի պայմանավորվածությունը այն մասին, թե ինչ է հնարավոր հիմա և ցույց կտա այն հարցերի ուղղությամբ աշխատանքի ճանապարհը, որոնք հավելյալ քննարկում են պահանջում: Այս հայտարարությունը հեղափոխությունից 3 ամիս առաջ էր արվել: Այն ժամանակ Արմեն Աշոտյանի ու իր կուսակից ընկերների կողմից այսպիսի բուռն արձագանք  բնականաբար չէր նկատվել: 

Հայաստանի իշխանությունները Ղարաբաղյան կարգավորման հարցում շատ ծանր ու բարդ ժառանգություն են ստացել: Բանակցային ողջ դիսկուրսը վերջին տասնամյակի ընթացքում աընդըդհատ փոխվել է ի օգուտ մեր հակառակորդի: Սա պայմանավորված էր նաև օբյեկտիվ գործոններով, ինչպիսինն էր, օրինակ, Ղրիմի անեքսիան Ռուսաստանի կողմից և տարածքային ամբողջականության սկզբունքի կշիռի բարձրացումը վերջին տարիների ընթացքում:  Մեր բանակցային դիրքերը բարելավելու համար հմուտ,  քրտնաջան և երկարատև աշխատանք է պահանջվելու: Սակայն էլ ավելի կարևոր է, թե ինչպես ենք կարողանալու փոխել  իրողությունները տեղում և ստիպել միջազգային հանրությանը հաշտվել այդ նոր իրողությունների հետ: 

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: