22 ապրիլ, 2020 16:24

Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. փաստաբան

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը փողերի լվացման և ապօրինի հարստացման հատկանիշներով քրեական գործ է հարուցել Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ և նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան․ այս լուրը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց Միքայել Մինասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։

«Միջնորդությունը ներկայացվել է, այն քննվում է ու չեմ կարող ասել, թե երբ կկայացվի որոշում», - ասաց Մակինյանը:

Փաստաբանը նաև մանրամասներ ներկայացրեց հարուցված քրեական գործի վերաբերյալ․ «Փողերի լվացման դրվագով կարող եմ ասել, որ խոսքը վերաբերում է Միքայել Մինասյանի մի հաշվեհամարից իր օրինական եկամուտները մեկ այլ հաշվեհամարին փոխանցելուն, որն օրինական գործընթաց է: Սակայն ՊԵԿ-ն այստեղ փողերի լվացում է տեսել: Մյուսը ապօրինի հարստացման դրվագն է, վերաբերում է Մինասյանի եկամուտների հայտարարագրում տեղ գտած սխալին», - ասաց Մակինյանը:

Նրա խոսքով՝ Միքայել Մինասյանի հայտարարագրերը լրացրել է նման ծառայություն մատուցող ընկերություն, որի «աշխատանքում վրիպակ է տեղի ունեցել»:

«Միքայել Մինասյանին պատկանող բաժնեմասերի վաճառքից գոյացած եկամուտն ավելի քիչ է եղել, քան հայտարարագրվել է: Իսկ հայտարարագրվել է ավելի մեծ գումար, որը սխալ է եղել: Այդ գումարն իրականում չկա: Այս ամենը փաստող բոլոր փաստաթղթերն առկան են», - ասաց նա: