23 ապրիլ, 2020 13:22

Բերդավան. սահմանը, գյուղը, մարդիկ

Թաթուլ Հակոբյան

Հայ-վրաց-ադրբեջանական եռանկյունում գտնվող գյուղը՝ Բերդավանը, 200 տարի առաջ եղել է Հայաստանի մեծությամբ 10-րդ բնակավայրը:

Հայ նշանավոր վիճակագիր Զավեն Կորկոտյանի համաձայն՝ 1831-ին Բերդավանը ունեցել է 1 078 բնակիչ, բոլորը՝ հայ:

Բերդավանից ավելի մեծ եղել են Երևանը, Գյումրին, այն ժամանակ՝ Կումայրի գյուղը, Վաղարշապատը, Նարիմանլուն (Մասիս), Սարդարապատը, Ղարաքիլիսան, այսօր՝ Ազատան, Նոր Բայազետը (Գավառ), Խնձորեսկը և Բոյուք Վեդին (Վեդի):

Բերդավանը և դեպի վրաց-ադրբեջանական սահման ձգվող հողատարածքները սահմանակից են Ադրբեջանի Ղազախի շրջանի Քեմեռլի գյուղին, իսկ հյուսիս-արևելքում՝ Շխլի-1 և Շխլի-2 բնակավայրերին:

Մինչև 1982 թվականը Բերդավանը կրել է Ղալաչա անունը, որը թուրքերենից թարգմանաբար նշանակում է բերդի գետ: Բերդը, եկեղեցին և հին գերեզմանատունը գտնվում են ճիշտ հայ-ադրբեջանական սահմանին:

Բերդավանի բնակչությունը 1831-ից հետո մինչև 1931 թվականը՝ 100 տարվա ընթացքում, աճել է միայն 50 տոկոսով: Պատճառներից հիմնականն այն է, որ շատ բերդավանցիներ հեռացել են գյուղից և հիմնել նոր բնակավայրեր, ինչպես օրինակ՝ հարևան Դովեղը:

Բերդավանի բնակչությունը նկատելիորեն աճել է խորհրդային տարիներին, երբ զարգացավ խաղողագործությունը: Գյուղի գինու գործարանն այսօր արտադրում է գինու տեսականի:

1989 թվականին Բերդավանի բնակչությունը կազմել է 3 531 հոգի, որից հետո սկսվել է արտագաղթ, հիմնականում՝ դեպի Ռուսաստան:

1906, 1920 և 1991-1994 թվականներին հայ-ադրբեջանական բախումներ գրանցվել են նաև Բերդավան-Քեմեռլի հատվածում: Սրա հետ մեկտեղ, եղել է նաև հայ-ադրբեջանական համակեցություն, առաջին հերթին՝ խորհրդային տարիներին:

Բերդավանը մինչև Հայաստանի Հանրապետությունը՝ 1918 թվականը, Ելիզավետպոլի (Գանձակ, այսօր՝ Գյանջա) նահանգի Ղազախ գավառի կազմում մաս է կազմել ցարական՝ Ռոմանովների Ռուսաստանի: Ընդ որում, Բերդավանը և այսօրվա Նոյեմբերյանի շրջանը Ռուսաստանին միացվել են Հայաստանի մյուս հատվածներից շուրջ 30 տարի վաղ՝ 19-րդ դարի սկզբին:

Մինչև Հայաստանի Հանրապետության (1918-1920թթ.) կազմ մտնելը Բերդավանը եղել է Վրացական նահանգի (1828-1840թթ․),  Վրաց-իմերեթական նահանգի (1840-1845թթ․), Թիֆլիսի նահանգի (1845-1868թթ․) և Ելիզավետպոլի նահանգի (1868-1918թթ․) մաս:

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը այս հատվածում գծվել է համաձայն 1920 թվականի օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնագրի: 1920-ի օգոստոսին Հայաստանը անկախ էր, մինչդեռ Ադրբեջանը ապրիլին խորհրդայնացվել և ենթարկվում էր Մոսկվային:

1920-ի աշնանը թուրք քեմալականները և ռուս բոլշևիկները հարձակում սկսեցին Հայաստանի վրա արևմուտքից և արևելքից: Ռուսական 11-րդ Կարմիր բանակը դեպի անկախ Հայաստան արշավեց հիմնական երկու ուղղությամբ՝ Արցախից, որը 1920-ի մայիսին խորհրդայնացվել էր, և Ղազախի հատվածից:

Նախախորհրդային շրջանում Բերդավանը և հարակից գյուղերը գերազանցապես կապ են ունեցել և առևտուր արել Թիֆլիսի և Ղազախի հետ:

Խորհրդային տարիներին, մասնավորապես՝ 1922-1936 թվականներին, այսօրվա Նոյեմբերյանի շրջանի գյուղերը մտնում էին Իջևանի և Ալավերդու շրջանների մեջ:

1937-ին Իջևանի և Ալավերդու շրջանների հաշվին ձևավորվեց Նոյեմբերյանի շրջանը, որի կենտրոն դարձավ Բարանա գյուղը՝ վերանվանվելով Նոյեմբերյան: