23 ապրիլ, 2020 16:11

2020-ի բյուջեի հիմքում ընկած տնտեսական 4,9 տոկոս իրական աճի փոխարեն կունենանք 2 տոկոս անկում․ Ջանջուղազյան

Տնտեսության վրա բացասական ազդեցությունների հանգամանքով պայմանավորված՝ կանխատեսվում է տնտեսության չափի նվազում. ապրիլի 23-ին հրավիրված ասուլիսին նշեց ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Ըստ նրա՝ 2020-ի բյուջեի հիմքում ընկած տնտեսական 4,9 տոկոս իրական աճի փոխարեն կունենանք 2 տոկոս անկում: Դա հանգեցնոելու է համախառն ներքին արդյունքի փոփոխության, ինչն էլ իր հերթին բերելու է բյուջետային ցուցանիշների որոշակի վերանայման անհրաժեշտության: Տվյալ դեպքում խոսքը տնտեսության չափի նվազման մասին է՝ 2020-ի բյուջեի մասին օրենքի բացատրագրում նախատեսված 7 տրիլիոն 95 միլիարդ դրամի փոխարեն կանխատեսվում է 6 տրիլիոն 485 միլիարդ դրամ։

Վերանայվում են նաև այն ցուցանիշները, որոնք ուղղակիորեն կապված են դրա հետ: Մասնավորապես՝ հարկային եկամուտները, որոնք ամենամեծ տեսակարար կշիռն ունի եկամուտների ամբողջ կազմում՝ շուրջ 94 տոկոս: Եկամուտների վերանայումը նվազեցման ուղղությամբ անխուսափելի է՝ հաշվի առնելով, որ այդ եկամուտները առաջանում են տնտեսությունից: Գնահատված է շուրջ 169 միլիարդ դրամ պակաս նախատեսվածից:

Ջանջուղազյանի խոսքով՝ այն ժամանակ, երբ քննարկվում էին 2020-ի բյուջեի նախագիծը, գնահատվում էր, որ 4,9 տոկոս տնտեսական աճն ու 1 տրիլիոն 602 միլիարդ դրամ եկամուտները համեստ ցուցանիշներ են և իրենք կարծում էին, որ կարող էին ավելի լավ տնտեսական ցուցանիշներ ունենալ: Բայց այժմ ներկա զարգացումների հաշվառմամբ վերանայվել են բոլոր կանխատեսումները:

Ատոմ Ջանջուղազյանը խոսեց նաև արտաքին պարտքի մասին: Նար խոսքով՝ ՀՀ-ն շարունակում է դասվել ցածր արտաքին պարտք ունեցող երկրների շարքին, բայց անխուսափելի է պարտքի ավելացումը։

«Հակառակ դեպքում չենք ունենա այն միջոցները, որոնք անհրաժեշտ են հակազդելու սպասվող բացասական զարգացումներին: Միջազգային կառույցների վարկային միջոցներն արտաքին պարտքի մաս են»,- նշեց ֆինանսների նախարարը։

Գեղեցիկ Ոսկանյան