29 ապրիլ, 2020 18:53

Արթուր Վանեցյանը հերքում է իր առնչությունը ԶՊՄԿ-ին

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարություն է տարածել՝ պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի հայտարարությանը։ Գևորգյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանի փեսա և Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ունեցել է բաժնեմաս և Հայաստանում 2018-ի հեղափոխությունից հետո այն փոխանցել է Վանեցյանին։ 

Վանեցյանն անդրադառնալով ԶՊՄԿ-ին իր առնչություններին՝ նշել է, որ «դա իր ընտանիքի վարկաբեկման փորձերի շարունակությունն է»։ 

«Ղեկավարի թելադրանքով՝ խոսնակը հայտարարեց իբր իմ կողմից ձեռք բերված փայաբաժնի մասին։ Գիտեք, կա սուտ, կա մեծ սուտ և կա փաշինյանական սուտ։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ վարչապետ Փաշինյանը տեղյակ է իրականությանը, փայաբաժինների փոփոխության ողջ պատմությունը կատարվել է նրա անմիջական գիտությամբ։ Եվ ես որևէ անձնական հետաքրքրություն դրա մեջ չունեմ։ Կրկնում եմ՝ վարչապետը դա բոլորից լավ գիտի»,- հայտարարել է Վանեցյանը՝ չմանրամասնելով, թե ումից ում է բաժնեմաս անցել։ 

ՍիվիլՆեթը նոյեմբերին հրապարակած հետաքննական հոդվածում անդրադարձել էր 2018-ի ընթացքում ԶՊՄԿ-ում տեղի ունեցած բաժնետերերի փոփոխությանը։ Հայկական, կիպրական ռեգիստրերից ձեռք բերված փաստաթղթերից պարզ էր դառնում, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի շրջապատի հետ փոխկապված անձանցից ԶՊՄԿ-ի 12,5  տոկոսն անցել է «Վոլնըրթ ֆայնենս լիմիթեդ» անունով ընկերությանը, որի հետ նույն հասցեում ու նույն տնօրեններով գործում է Արթուր Վանեցյանի հորեղբոր որդիներին պատկանող ընկերությունը։ 

Տե՛ս նաև՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային. Մաքսիմ Հակոբյանի ու նրա որդու փոխարեն նոր բաժնետերեր Ժնևից և Աջափնյակից

#CivilNet #News