3 մայիս, 2020 18:47

Ռուսաստանը չի ցանկանում ստանձնել առաջնային պատասխանատվություն ղարաբաղյան կարգավորման գործընթացում․ Թոմաս դե Վաալ

ՍիվիլՆեթի «Խաչմերուկ» հաղորդման շրջանակում քաղաքագետ Բենիամին Պողոսյանը զրուցել է Կարնեգի հիմնադրամի՝ Արևելյան Եվրոպայի և Կովկասի հարցերով ավագ փորձագետ Թոմաս դե Վաալի հետ։ Դե Վաալը, որը Կովկասի և Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին մի շարք գրքերի և բազմաթիվ հոդվածների հեղինակ է, ՍիվիլՆեթի հետ տեսակապով միացել էր Լոնդոնից։ Նա անդրադառնում է ղարաբաղյան կարգավորման ներկա փուլին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջերս կրկին արած այն հայտարարությանը, որ Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի փուլային տարբերակով, ինչը, ըստ նրա, ենթադրում է հայկական ուժերի դուրսբերում որոշ տարածքներից։ Զրույցը թարգմանաբար և որոշ խմբագրումներով ներկայացված է ստորև։

Ղարաբաղյան խնդրում Ռուսաստանի դերի ու շահերի մասին

- Թոմ, Ռուսաստանն ակնհայտորեն Հարավային Կովկասում թիվ մեկ աշխարհաքաղաքական խաղացողն է։ Ի՞նչ եք կարծում, որոնք են տարածաշրջանում Ռուսաստանի հիմնական ռազմավարական շահերը, և ինչպե՞ս է Ռուսաստանը օգտագործում ղարաբաղյան հակամարտությունը կամ դրա լուծման հնարավոր ուղիները Հարավային Կովկասում սեփական շահերն առաջ մղելու համար։

– Ղարաբաղյան խնդրում Ռուսաստանի դիրքորոշումն էականորեն տարբերվում է հետխորհրդային տարածաշրջանի այլ հակամարտություններում՝ Ուկրաինա, Մերձդնեստր, Աբխազիա, Հարավային Օսիա, ունեցած մոտեցումներից։ Ռուսաստանը շահեր ունի հակամարտության երկու կողմերում և ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի հետ։ Ռուսաստանը նաև աշխարհաքաղաքական ավելի քիչ ուղղակի հետաքրքրություն ունի այս հակամարտության լուծման մեջ, քան իմ նշած այլ հակամարտությունների դեպքում։ Անշուշտ, Ռուսաստանը ցանկանում է պահպանել իր ազդեցությունը Հարավային Կովկասում և երկու պետություններում, սակայն չի ցանկանում ստանձնել առաջնային պատասխանատվություն հակամարտության կարգավորման գործընթացում։  եթե վերհիշենք Ռուսաստանի նախագահի մի շարք հայտարարություններն այս հակամարտության վերաբերյալ, ապա նա բազմիցս նշել է, որ հակամարտության կարգավորումը ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի և Ադրբեջանի գործն է։

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում Մոսկվայի շահերին, ապա Սերգեյ Լավրովի և այլոց բազմաթիվ հայտարարություններից կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը ցանկանում է բացել դեպի հարավ գնացող հաղորդակցության ուղիները՝ դեպի Թուրքիա, Իրան և Մերձավոր Արևելք, իսկ այդ ուղիները փակ են նաև աբխազական հակամարտության պատճառով։ Ռուսաստանը նաև շահագրգռված է ռազմական ներկայություն ունենալ տարածաշրջանում՝ պահպանելով իր ռազմական ներկայությունը Հայաստանում և քննարկելով Ադրբեջանում նման ներկայության հնարավորությունը, չնայած ես դրա իրականացումը իրատեսական չեմ համարում։ Ռուսաստանը նաև ցանկանում է պահպանել տարածաշրջանում իր քաղաքական ազդեցությունը։

Այդ ամենով հանդերձ, ես կարծում եմ, որ մենք հաճախ գերագնահատում ենք աշխարհաքաղաքականության դերն այս հակամարտության մեջ։ Կարծում եմ՝ սա հիմնականում տեղային հակամարտություն է, և տեղային դերակատարները հաճախ օգտագործում են աշխարհաքաղաքականությունը։ Ես չեմ կարծում, որ Մոսկվան, Վաշինգտոնը, Եվրոպան կամ նույնիսկ Թուրքիան լուրջ աշխարհաքաղաքական շահեր ունեն այս հակամարտությունում։ Սա առաջին հերթին տեղային հակամարտություն է։ Կարծում եմ, որ տարիների ընթացքում Սերգեյ Լավրովն անձնական շահագրգռվածություն է ձեռք բերել այս հակամարտության լուծման գործում, և թե՛ նա, թե՛ Ռուսաստանի արտգործնախարարությունը փորձում են ուղիներ գտնել, թե ինչպես Ռուսաստանը կարող է մեծացնել իր ազդեցությունը փուլային լուծման միջոցով։ Չեմ կարծում, որ նախագահ Պուտինը շատ ժամանակ է հատկացնում այս հակամարտությանը, քանի որ նա այլ առաջնահերթություններ ունի։

– Սկսած, թերևս, 2014-ից՝ Ռուսաստանն առաջ է քաշել «Լավրովի պլանը», որը նախատեսում է որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանին և հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայում։ Սկզբում թե՛ Հայաստանը և թե՛ Ադրբեջանը դեմ էին արտահայտվում այս ծրագրին, սակայն հիմա որոշ փորձագետներ գտնում են, որ Ադրբեջանը կարող է փոխել իր դիրքորոշումը՝ այս ծրագիրը համարելով որոշ տարածքներ հետ ստանալու միակ իրատեսական տարբերակը։ Նրանք հենվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ 2020-ի փետրվարին Մյունխենում արած հայտարարության վրա, որ Ադրբեջանն ընդունում է Ռուսաստանի առաջարկները։

– Ես մի փոքր թերահավատ եմ, չեմ կարծում, որ Ադրբեջանը ռազմավարական շահ ունի Ռուսաստանի ծրագրի ընդունման կամ տարածաշրջանում ռուսական խաղաղապահների տեղակայման մեջ։ Ադրբեջանը, ինչպես և Հայաստանը, բավականաչափ հավասարակշռված արտաքին քաղաքականություն է վարում և չի ցանկանում չափից դուրս մոտ լինել հարևան որևէ պետության։ Ադրբեջանի համար այս հարցում թերևս բացառություն կարող է լինել Թուրքիան, բայց ոչ Ռուսաստանը։ Եվ դրա պատճառը Ռուսաստան - Ադրբեջան հարաբերությունների պատմությունն է։ Անցած շաբաթ Ադրբեջանը նշում էր բոլշևիկների կողմից Ադրբեջանում իշխանության զավթման հարյուրամյակը, ինչն ադրբեջանական հասարակությունում հակառուսական տրամադրություններ է առաջ բերում։

Ադրբեջանն ավանդաբար չի ցանկանում չափից ավելի մոտենալ որևէ ռազմական դաշինքի։ Պետք է հիշել, որ 1994-ի զինադադարը երկու փուլից բացկացած ռուսական ծրագիր էր։ Առաջին փուլը զինադադարի հաստատումն էր, իսկ երկրորդ փուլը նախատեսում էր ռուսական խաղաղապահների տեղակայում, և Ռուսաստանի այն ժամանակվա պաշտպանության նախարար Պավել Գրաչովն առաջ էր մղում այդ ծրագիրը։ Սակայն Ադրբեջանը կտրուկ մերժեց այդ առաջարկը, հայկական կողմը ևս ավելի փափուկ ձևով հրաժարվեց դրանից, քանի որ չէր ցանկանում տարածաշրջանում խաղաղապահ ուժեր տեսնել։ Ի վերջո այդ առաջարկն արգելափակվեց։ Դրանից հետո փակվեց Գաբալայում (Ադրբեջան) տեղակայված ռուսական ռադիոլոկացիոն կայանը։ Ուստի ես չեմ կարծում, որ Ադրբեջանը ցանկանում է տեսնել ռուսական ուժերի վերադարձն իր տարածք, նույնիսկ եթե դա փոխկապված է տարածքների վերադարձի հետ։ Եվ սովորաբար, սատանան նման դեպքերում միշտ թաքնված է դետալներում։ Պետությունները տեսնում են, որ եթե ռուսական ուժերը մուտք են գործում որևէ տեղ, շատ դժվար է նրանց ստիպել հեռանալ․ Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի պարագայում ռուսական զորքերն այնտեղ են դեռ 1990-ականներից։ Ես հասկանում եմ, թե ինչու են Հայաստանում ուշադիր հետևում այս զարգացումներին, սակայն շատ կզարմանայի, եթե ի վերջո Ադրբեջանն ընդուներ այս ծրագիրը։

Տարածաշրջանում ԱՄՆ շահերի մասին

– Հասկանալի է, որ Լեռնային Ղարաբաղը ԱՄՆ-ի արտաքին քաղաքական առաջնահերթությունների թվում չէ, սակայն 2014-ի ուկրաինական ճգնաժամից սկսած՝ ԱՄՆ-ը իրականացնում է Ռուսաստանին զսպելու ռազմավարություն, որի նպատակը հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ազդեցության աճի կանխումն է։ Հարավային Կովկասը հետխորհրդային տարածաշրջանի մաս է, ինչը նշանակում է, որ զսպման ռազմավարությունը ընդգրկում է նաև Հարավային Կովկասը։ Ի՞նչ եք կարծում, ո՞րն է Լեռնային Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ի քաղաքականությունը, եթե այն դիտարկենք Ռուսաստանին զսպելու ռազմավարության համատեքստում։

– Միանշանակ, հետխորհրդային տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականությունը կենտրոնացած է Ռուսաստանի շուրջ, իսկ սկսած 2014-ից՝ Ռուսաստանին զսպելու ռազմավարության շուրջ։ Միևնույն ժամանակ, ղարաբաղյան հակամարտությունն այս առումով բացառություն է երկու պատճառով։ Առաջին, սկսած 1990-ականների վերջից՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ը Մինսկի խմբի համանախագահներ են, և նրանք այս համագործակցությունը բավականաչափ օգտակար են համարում։ Կարծում եմ՝ Հայաստանը և Ադրբեջանը ևս ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի համանախագահ լինելը բավականաչափ օգտակար են համարում։ Սա նշանակում է, որ եթե հակամարտությունը երբևէ կարգավորվի, այն պետք է ընդունելի լինի ոչ միայն տեղի, այլև միջազգային դերակատարների համար, և օգտակար է Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից վետոյի հնարավորությունը այս կամ այն արդյունքի հարցում։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը հակամարտությունը դիտարկում է ամերիկյան երկու բավականաչափ ազդեցիկ շահերի խմբի տեսանկյունից։ Առաջինը հայկական լոբբին է, որը բավականաչափ ազդեցիկ է Կոնգրեսում։ Երկրորդը ադրբեջանական լոբբին է, որը հիմնականում առկա է Պենտագոնում և նավթային արդյունաբերությունում։ Այնպես որ, ամեն ինչ մի փոքր ավելի բարդ է։ Ամեն դեպքում, եթե կա ռուսական խաղաղապահների տեղակայման ծրագիր, կարծում եմ՝ թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Ֆրանսիան բավականաչափ թերահավատ վերաբերմունք կունենան դրա նկատմամբ։ Նրանց շահերից չի բխում տեսնել այնտեղ ռուսական խաղաղապահներին։ Եթե ռուսները լինեն խաղաղապահ ուժերի մաս, դա կարող է ընդունելի լինել, բայց ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համար ընդունելի չէ խաղաղապահ առաքելության նկատմամբ ռուսական մենաշնորհը։ Դրա համար բազմաիթվ պատճառներ կան, և դրանցից մեկը Վրաստանն է։ Երկար տարիներ ԱՄՆ-ը քայլեր էր ձեռնարկում Վրաստանից ռուսական ուժերի դուրսբերման ուղղությամբ, և նրանք չեն ցանկանա նորից տեսնել ռուսական ուժերին Վրաստանից հարավ ընկած տարածքներում։

Թուրքիայի և Իրանի քաղաքականության մասին

- Շատերը Հայաստանում գտնում են, որ ներկա ստատուս քվոն Իրանին լիովին բավարարում է, և Իրանը դեմ է դրա ցանկացած փոփոխության, այդ թվում օտարերկրյա ուժերի տեղակայմանն իր սահմանների երկայնքով` անկախ այն հանգամանից, թե որ պետության ուժերն են դրանք լինելու։ Միաժամանակ, մենք տեսնում ենք, որ ամերիկյան պատժամիջոցների, նոր կորոնավիրուսային համավարակի և նավթի գների կտրուկ անկման պատճառով Իրանն այժմ շատ ավելի լուրջ խնդիրների առջև է կանգնած և գուցե չունի ռեսուրսներ՝ Հարավային Կովկասում ստատուս քվոյի փոփոխությունը կանխելու համար։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա անկախ նրանց հարաբերություններում առկա վայրիվերումներից՝ Հարավային Կովկասում Ռուսաստանը և Թուրքիան միմյանց մրցակիցներ են համարում և, իհարկե, Թուրքիան շահագրգռված չէ Ադրբեջանում Ռուսաստանի ազդեցության աճով։ Միաժամանակ Թուրքիան միշտ պնդել է որոշ տարածքների՝ Ադրբեջանին վերադարձնելու անհրաժեշտությունը։ Ի՞նչ եք կարծում, եթե Ռուսաստանը Թուրքիային գործարք առաջարկի՝ «ես կապահովեմ որոշ տարածքների վերադարձն Ադրբեջանին, իսկ դու դրա դիմաց համաձայնիր բացառապես ռուս խաղաղապահների տեղակայմանը», ո՞րը կլինի Թուրքիայի պատասխանը։

– Նախ պետք է արձանագրել, որ չնայած Թուրքիան և Իրանը հարևաններ են, սակայն նրանք չունեն ազդեցիկ ձայն այս հակամարտությունում։ Իրանը միջնորդ է եղել 1992-ին, սակայն դրանից հետո նա որևէ ֆորմալ գործընթացի մասնակից չէ, ԵԱՀԿ-ի անդամ չէ և բանակցային որևէ ձևաչափում ներգրավված չէ։ Իրանը զգալի շահեր ունի այստեղ, սակայն, ինչպես դուք նշեցիք, Իրանը շատ ավելի մեծ ուշադրություն է դարձնում Իրաքին, Սիրիային, ԱՄՆ-ին, իսկ այժմ նաև համավարակի խնդիրներին։ Այնպես որ, իհարկե, Իրանը շահագրգռված է ստատուս քվոյի պահպանմամբ, չի ցանկանում խնդիրներ ունենալ ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի հետ, սակայն այժմ այս խնդիրը Իրանի օրակարգում առաջնահերթ տեղ չի զբաղեցնում։

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա վերջին տասը տարիների ընթացքում նա դաշնակիցների կարիք ունի, Թուրքիան այժմ աշխարհում շատ ավելի քիչ բարեկամներ ունի, և չնայած պարոնայք Էրդողանի ու Ալիևի միջև բարդ անձնական հարաբերություններին, նա Ադրբեջանին դիտարկում է որպես իր դաշնակից։ Ուստի Թուրքիան կաջակցի և կընդունի ցանկացած ծրագիր, որին կհամաձայնի Ադրբեջանը։ Կարծում եմ՝ Թուրքիան ուրախ կլինի բացել Հայաստանի հետ սահմանը, հաստատել դիվանագիտական հարաբերությունները, եթե Ադրբեջանը թույլ տա։ Այդ գործընթացը Թուրքիայի համար ավելի մեծ մուտք կապահովի դեպի տարածաշրջան, կբացի շուկաները, հաղորդակցության ուղիները։ Սակայն  Թուրքիայի համար այս խնդիրը միշտ եղել է Ադրբեջանի հետ հարաբերությունների և տարածաշրջանում լավ դաշնակից ունենալու հազվադեպ օրինակի հարց։

Գլոբալ զարգացումները և ղարաբաղյան հակամարտությունը

– Շատ փորձագետներ գտնում են, որ հետհամավարակային աշխարհում ԱՄՆ—Չինաստան մրցակցությունն ու հակամարտությունը ավելի են խորանալու, և այս համատեքստում ԱՄՆ-ը ցանկանում է ոչ թե տեսնել ամբողջովին Չինաստանի կողմն անցած Ռուսաստան, այլ ավելի հավասարակշիռ կամ նույնիսկ արևմտամետ կամ ամերիկամետ քաղաքականություն վարող Ռուսաստան, հետևաբար նա քայլեր կանի Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացման գործընթաց սկսելու համար։ Ռուսաստան—Արևմուտք, Ռուսաստան—ԱՄՆ հակադրությունների թեժ կետը հետխորհրդային տարածաշրջանն է, առաջին հերթին Ուկրաինան, բայց նաև հետխորհրդային այլ պետությունները։ Ըստ այս տրամաբանության՝ ԱՄՆ-ը և Ռուսաստանը կարող են պայմանավորվել և հետխորհրդային տարածաշրջանի մի մասը ճանաչել որպես ռուսական ազդեցության գոտի։ Արևմուտքը կդադարի վարել հետխորհրդային պետություններին ՆԱՏՕ-ի կամ Եվրամիության անդամ դարձնելու իր քաղաքականությունը, Ռուսաստանն իր հերթին կթուլացնի Չինաստանի հետ իր հարաբերությունները և կվարի ավելի հավասարակշիռ քաղաքականություն։ Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ է հավանական նման պայմանավորվածության ձեռքբերումը առաջիկա տարիներին, և եթե այն տեղի ունենա, ինչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասի ու մասնավորապես ղարաբաղյան հակամարտության վրա։

– Դա հետաքրքիր վարկած է, սակայն դրա հետ կապված մի շարք խնդիրներ կան։ Մենք 19-րդ դարում չենք ապրում, երբ աշխարհի առաջատար տերությունները որոշում էին ամեն ինչ, իսկ փոքր պետությունները ամեն ինչի համաձայնում էին։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ ինքնիշխանությունը նշանակություն ունի, այդ թվում փոքր պետությունների ինքնիշխանությունը, և նրանք չեն պատրաստվում թույլ տալ, որ իրենց խաղերի մեջ ներքաշեն։ Մենք նաև ապրում ենք շատ փոխկապված աշխարհում, ու թեև ԱՄՆ—Չինաստան քաղաքական հակամարտությունը կխորանա, ինչն արդեն տեղի է ունենում, սակայն այս երկու պետությունները, թերևս, աշխարհի ամենամեծ առևտրային հարաբերություններն ունեն և զգում են մեկը մյուսի կարիքը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա իհարկե Գերմանիայում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում կան գործիչներ, որոնք ցանկանում են տեսնել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերագործարկում։ Սակայն դեպքերի նման զարգացում հնարավոր է, եթե Կրեմլում նոր տիրակալ հայտնվի, մի նոր Միխայիլ Գորբաչով։ Նախագահ Պուտինի օրոք Ռուսաստանը շարունակում է հակաարևմտյան քաղաքականությունը, վարչակարգի կոնսոլիդացմանն ուղղված հակաարևմտյան գաղափարախոսությունը, և այս զարգացումները շատ քիչ հնարավորություններ են տալիս արևմտյան այն գործիչներին, որոնք ցանկանում են Ռուսաստանի հետ աշխատել նաև նախագահ Պուտինի օրոք։

Կցանկանայի վերադառնալ ինքնիշխանության հայեցակարգին։ Ուկրաինան, Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը արդեն գրեթե երեսուն տարի անկախ պետություններ են, որոշ առումներով գուցե բավականաչափ թույլ պետություններ, սակայն նրանց դիրքորոշումը նշանակություն ունի, և նրանք թույլ չեն տա, որ նորից հայտնվեն Ռուսաստանի ազդեցության գոտում։ Նրանք հարաբերություններ ունեն Եվրամիության, Թուրքիայի, Չինաստանի հետ, Ռուսաստանը նրանց համար պատմություն է, անցյալ, այլ ոչ թե ապագա։

Կարծում եմ՝ Եվրամիությունը ավելի թույլ կարողություններ կունենա հետհամավարակային աշխարհում։ Նշված պետությունները Եվրամիության կամ ՆԱՏՕ-ի անդամ չեն դառնա և կշարունակեն մնալ «երկու կողմերի արանքում», սակայն չեն վերադառնա Ռուսաստանի ազդեցության գոտի։ Ես հավանական չեմ համարում ԱՄՆ—Ռուսաստան հարաբերությունների վերագործարկումը, և ամենայն հավանականությամբ, այս փոքր պետությունները փորձելու են հավասարակշռություն պահպանել ԱՄՆ-ի, Եվրամիության, Ռուսաստանի և Չինաստանի միջև և այդ ճանապարհով հնարավորինս պաշտպանել իրենց շահերը։ Հենց այս պատճառով ես ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում զգալի առաջընթացը հավանական չեմ համարում, քանի որ առաջընթացի համար շատ ավելի կայուն աշխարհակարգ է անհրաժեշտ և կոնսենսուս առաջատար պետությունների միջև, ինչը տեսանելի ապագայում տեղի չի ունենա։

– Ամփոփելով քննարկումը՝ արդյոք կարո՞ղ ենք եզրակացնել, որ դուք առաջիկա տարիների ընթացքում ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս քվոյի էական փոփոխություններ չեք կանխատեսում։

- Կարծում եմ՝ այո։ Բայց կրկին նշեմ, որ, իհարկե, հակամարտությունն ունի աշխարհաքաղաքական կոնտեքստ, սակայն դրա հիմնական շարժիչ ուժերը Ադրբեջանն ու Հայաստանն են, նրանց ինքնությունը, ազգային պետությունները, թե ինչպես են նրանք միմյանց ընկալում, և հակամարտությունը կարգավորելու նպատակով միասին աշխատելու նրանց պատմական անկարողությունը, ինչը բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ ունի։ Կարծում եմ, որ քանի դեռ ներքին այս խնդիրները չեն լուծվել, ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվի։

Հարցազրույցի անգլերեն տարբերակը՝ տեսանյութով, կհրապարակվի մայիսի 4-ին։