5 մայիս, 2020 15:42

Արգիշտի Քյարամյանը նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ՝ ընդամենը մի քանի ժամով լինելով նաև ՔԿ նախագահի տեղակալ

Մայիսի 4-ին Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից ազատված և Քննչական կոմիտեի պետի տեղակալի պաշտոնում նշանակված Արգիշտի Քյարամյանն այսօր՝ մայիսի 5-ին, վարչապետի որոշմամբ ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից ու այսօր նշանակվել (նախագահի որոշմամբ) ԱԱԾ պետի տեղակալ:

Մայիսի 4-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քյարամյանը նշանակվել էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: Իսկ այսօր հրապարակված ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արգիշտի Քյարամյանն ազատվել էր նոր զբաղեցրած պաշտոնից:

Նշենք, որ Արգիշտի Քյարամյանի «տրանսֆերն» ԱԱԾ նման է հանգուցյալ Գեորգի Կուտոյանի՝ նախագահի աշխատակազմից ԱԱԾ պետի պաշտոնին նշանակվելու սցենարին: 2016-ի փետրվարի 3-ին նա նշանակվեց գլխավոր դատախազի տեղակալ, չանցած տասը օր՝ փետրվարի 12-ին, նա ազատվեց այդ պաշտոնից ու նույն օրը նշանակվեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Այն ժամանակ Կուտոյանի՝ նման սխեմայով ԱԱԾ տնօրեն նշանակելը ոչ պաշտոնապես հիմնավորվեց գնդապետի կոչում ստանալու հանգամանքով, որն օրենքի պահանջ է: Համաձայն «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնում «կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, որը մինչև նշանակումը զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ վերջին երեք տարին զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում»:

Գրեթե նույն պահանջն է գործում ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելու դեպքում:

Համաձայն օրենքի՝ ԱԱԾ ղեկավարի տեղակալ «կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, որը մինչև նշանակումը զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը առնվազն երեք տարի զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում»:

#CivilNet #News