5 մայիս, 2020 13:05

Բերքաբեր. սահմանի գյուղը, ջրամբարը, մարդիկ

Բերքաբերի կամ Ջողասի ջրամբարը Հայաստանի Հանրապետության՝ մեծությամբ հինգերորդ ջրային ավազանն է Սևանա լճից, Ախուրյանի, Արփի լճի և Սպանդարյանի ջրամբարներից հետո:

Ջրամբարի շինարարությունն սկսվել է 1975-ին, ավարտվել՝ 1979-ին: Այն շահագործվել է ընդամենը 12 տարի՝ մինչև 1991 թվականի ապրիլ, և դադարեցվել է հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով: 

Ջրամբարը ոռոգման ջուր է հասցրել Խորհրդային Հայաստանի Նոյեմբերյանի և Իջևանի շրջանների 11 գյուղերի՝ Կոթի, Բարեկամավան, Ոսկեվան, Բաղանիս, Ջուջեվան, Կիրանց, Բերքաբեր, Ծաղկավան, Սարիգյուղ, Սևքար, Աչաջուր: Իջևանի Ազատամուտ ավանը այս ջրամբարից ստացել է խմելու ջուր՝ համապատասխան զտում անցնելուց հետո: Այս ջրամբարից ջուր է հասել նաև Խորհրդային Ադրբեջանի Ղազախի շրջանի Ֆարահլի գյուղ:

Բերքաբերը գտնվում է Տավուշի մարզի Իջևանի շրջանում՝ ջրամբարի ափին, Գավազան (Գվարզին) և Փայտասար (Օդունդաղ) սարերի դիմաց: Սահմանակից է ադրբեջանական Մազամ, Ղուշչի Այրում, Ֆարահլի և Կըզըլ Հաջիլի գյուղերին: Օդունդաղը ադրբեջանական ամենակարևոր ռազմական հենակետերից է, որտեղից ադրբեջանական զինուժի տեսադաշտում են Բերքաբեր, Սարիգյուղ, Ծաղկավան, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան և Կոթի հայկական գյուղերն ու մշակելի դաշտերը:

Բերքաբերի շուրջ 900 հեկտար խաղողի և պտղատու այգիներ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Սահմանի այս հատվածում 1990-ականների սկզբին հայկական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Ղազախի շրջանի ադրբեջանական յոթ գյուղեր՝ Յուխարը Աքսիպարա, Աշաղը Աքսիպարա, Բաղանիս-Այրում, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի, Բարխուդարլու և Սոֆուլու:

Բերքաբեր գյուղի բնակչության թվաքանակի մասին առաջին հստակ տեղեկատվությանը հանդիպում ենք 1831 թվականին: Զավեն Կորկոտյանի «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)» աշխատության մեջ նշվում է, որ 1831-ին գյուղը ունեցել է 312 բնակիչ, բոլորն էլ՝ հայ: Այսօր գյուղի բնակչությունը 400-ի սահմաններում է:

Բերքաբերը մինչև Հայաստանի Հանրապետությունը՝ 1918 թվականը, Ելիզավետպոլի (Գանձակ, այսօր՝ Գյանջա) նահանգի (1868-1918) Ղազախ գավառի կազմում մաս է կազմել ցարական՝ Ռոմանովների Ռուսաստանի: Ավելի վաղ Բերքաբերը Ռուսաստանի կազմում է եղել որպես Վրացական նահանգի (1828-1840),  Վրաց-իմերեթական նահանգի (1840-1845), Թիֆլիսի նահանգի (1845-1868) մաս:

Ղազախի հատվածում 1920-ի ամռանը տեղի էին ունենում հայ-թաթարական (ադրբեջանական) բախումներ: Հուլիսի 30-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները դադարեցվեցին (հետո շարունակվեցին օգոստոս-հոկտեմբեր ամիսներին): Այդ պահի ստատուս-քվոն էլ փաստացի դարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագիծ: Այսպիսով, Ղազախի նահանգի հայկական գյուղերը 1920-ի ամռանը մնացին Հայաստանի Հանրապետության, հետագայում՝ Խորհրդային Հայաստանի, իսկ ադրբեջանական գյուղերը՝ Խորհրդային Ադրբեջանի կազմում:

Տեքստը և լուսանկարները՝ Թաթուլ Հակոբյանի

Հ. Գ. Բերքաբերի կառուցվող ճանապարհի, գյուղի մարդկանց, սահմանի մասին Թաթուլ Հակոբյանի և Գևորգ Հարոյանի ռեպորտաժը՝ մյուս շաբաթ