5 մայիս, 2020 19:06

Բիշքեկ և Մոսկվա՝ վերջ արյունահեղությանը. ինչպես հաստատվեց 1994-ի զինադադարը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Պավել Գրաչովը 1994թ. փետրվարի 18-ին Մոսկվա էր հրավիրել իր հայ և ադրբեջանցի գործընկերներ Սերժ Սարգսյանին և Մամեդռաֆի Մամեդովին: Ստորագրվեց արձանագրություն, որով մարտի 1-ից նախատեսվում էր կրակի դադարեցում: Մայիսյան հրադադարի հիմքը դարձած այդ արձանագրության մասին հետագայում Մամեդովն ասել է. «Բանակցությունների առարկան վեց շրջանների ազատումն էր, բացի Շուշիից և Լաչինից: Համաձայն փաստաթղթի, հայերը մեկ ամսվա ընթացքում ազատելու էին Աղդամն ու Ֆիզուլին, ապա երեք ամիսների ընթացքում` ևս չորս շրջաններ: Կողմերի միջևբանակցությունների առարկա էին մնում Շուշին ու Լաչինը և ԼՂ կարգավիճակը: Ինձ անհայտ պատճառներով` դա չիրականացավ»:

Ռազմի դաշտում ուժասպառ Ադրբեջանը վերջին ճիգերն էր գործադրում ինչ-որ բան հետ բերելու ակնկալիքով: Այդ էր պատճառը, որ հունվարի վերջերին Բաքուն կրկին մերժում է ռուսների` կրակը դադարեցնելու հերթական առաջարկը: Մարտի 9-ին Կոզիրևը Տեր-Պետրոսյանին և Քոչարյանին հղած ուղերձներում առաջարկում է Ադրբեջանին վերադարձնել 1993-ի աշնանը գրաված շրջաններից մեկը: Ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած ԱՊՀ գագաթաժողովում, որին ներկա էին Տեր-Պետրոսյանն ու Ալիևը, ընդունվում է կրակը դադարեցնելու հայտարարություն:

Մարտերը որոշ ընդհատումներով շարունակվեցին մինչև ապրիլի վերջերը: Ղարաբաղյան ուժերը հակագրոհի անցան Միր-Բաշիրի (Թերթեր) և Աղդամ-Բարդայի ուղղությամբ` ազատագրելով ավելի վաղ գրավված հայկական մի քանի գյուղեր: Ապրիլի կեսերից մարտերը վերսկսեցին Մարտակերտի Սեյսուլան, Կարմիրավան, Հացավան (Յարմջա) գյուղերի ուղղությամբ: Հակառակ Երևանի հորդորների` ղարաբաղյան կողմը ձեռնարկում է Միր Բաշիրը և հարակից տարածքները վերահսկողության տակ վերցնելու գործողությունը: Հակառակորդի դիրքերը չեզոքացվում են Աղդամի Օրթա Քարվենդ, Շիխլյար և Բաշ Քարվենդ բնակակավայրերում, ծանր մարտեր են գնում Կարմիրավանի ազատագրման համար, վերահսկողության տակ է առնվում Աղդամ-Բարդա մայրուղին:

Մանվել Գրիգորյանի հինգերորդ բրիգադը հաջող մարտերով Մատաղիսից անցնում է Թալիշ` մոտենում Միր Բաշիր քաղաքին: «Եղնիկներ» ջոկատը Սերգեյ Չալյանի հրամանատարությամբ հասնում է Գյուլիստան: Ապրիլի վերջերին Միր Բաշիրի շրջանի և հարակից տարածքների շուրջ 50 հազար բնակիչներ լքում են իրենց բնակավայրերը, ապաստանում Բարդայում և Եվլախում: Հակառակորդը սպասում էր նոր լայնածավալ հարձակում, սակայն գրոհը դադարեցնելու հրաման է տրվում: Մարտունու ճակատի հրամանատարներից Նելսոն Սողոմոնյանը պատմում է, որ պատերազմի վերջին օրերին Սամվել Բաբայանն ամեն օր գալիս էր առաջին գիծ, տեղում խնդիրներ դնում, ուժերի վերաբաշխում կատարում եւ հորդորում շտապել: «Երևի Բաբայանը գիտեր, որ պատերազմը պետք է կանգնեցվի: Եթե ռազմական գործողությունները չդադարեցվեին, ամենաշատը երեք օրից, եթե ոչ մեկ օրից, Միր Բաշիր էինք մտնում»:

Վլադիմիր Կազիմիրովը մինչև հիմա էլ ծիծաղով ու հեգնանքով է պատմում Բաբայանի մասին, երբ խոսք է բացվում մայիսյան հրադադարից. «Հիշում եմ նրա պարծենկոտ հայտարարությունները: Նա նույնիսկ մեղադրում էր մեզ` միջնորդներիս, ռուսական միջնորդին նրա համար, որ ռազմական գործողությունների դադարեցմամբ մենք խանգարեցինք նրան դուրս գալ… Բաքու»:

Հաղթանակի օրը

Կիրգիզիայի խորհրդարանի և ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեդիթխան Շերիմկուլովը 1993թ. դեկտեմբերին մասնակցել էր Ալանդյան կղզիներում ղարաբաղյան կարգավորման սեմինար-հանդիպմանը, որի ընթացքում ձևավորվել էր ԼՂ հարցով խաղաղարար խումբ: Շերիմկուլովը առաջարկել էր հաջորդ հանդիպումն անցկացնել և կողմերի միջևերկխոսությունը շարունակել Բիշքեկում: Մինչ այդ` մարտի վերջերին, ապրիլի առաջին օրերին Բաքու, Երևան և Ստեփանակերտ էր այցելել Շերիմկուլովի խաղաղարար խումբը:

Մայիսի 4-5-ը Կիրգիզիայի մայրաքաղաքում հավաքվում են խորհրդարանների առաջին դեմքերը, բացի Ռասուլ Գուլիևից: Նախագահ Ալիևը մեկնել էր Բրյուսել, որտեղ մայիսի 4-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ստորագրել էր «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին միանալու փաստաթուղթ: Գուլիևը մնացել էր Բաքվումª «տնօրինելու» Ադրբեջանի գործերը, մինչև կվերադառնար Ալիևը: «Այդ պատճառով Բիշքեկ էր եկել Ջալիլովը: Մոսկվայում նախքան Բիշքեկ մեկնելը ես շարադրել էի տեքստը: Արձանագրության էությունը կրակի դադարեցման կոչն էր: Կարևոր էր, որ խորհրդարանների ղեկավարներն են հորդորում դադարեցնել կրակը: Հատուկ ընտրվել էր մայիսի 9-ի գիշերը, քանի որ Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների հիշողության մեջ դա Հաղթանակի օրն էր: Մենք դրանով հույս ունեինք ցույց տալ, որ ղարաբաղյան հակամարտության հարցում հաղթանակում է խոհեմությունը»,- հիշում է Կազիմիրովը:

Փաստաթղթի տակ ստորագրում են Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը, Ռուսաստանը, Կիրգիզիան և ԱՊՀ-ի ու Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչները: Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահը մերժում է: Կազիմիրովը շարունակում է. «Ջալիլովը պատճառաբանեց, որ չի կարող ստորագրել, որովհետև մենք ստորագրելու իրավունք չենք տալիս (ԼՂ ադրբեջանական համայնքի ղեկավար) Նիզամի Բահմանովին: Իրականում, թե ինչու Ջալիլովը չէր ստորագրում, Ալիևը բացահայտեց Բաքվում մայիսի 21-ին, այն է` առանց իր համաձայնության չստորագրել ոչ մի փաստաթուղթ: Նա Բրյուսելում էր, մենք` Բիշքեկում: Ես զանգահարեցի Գուլիևին, փորձեցի համոզել, որ նա Ջալիլովին լիազորեր ստորագրելու, բայց չհաջողվեց: Պայմանավորվեցինք, որ Ադրբեջանը ցանկության դեպքում կարող է արձանագրությանը միանալ ավելի ուշ: Այդ պատճառով` պետք է շտապ ուղևորվեի Բաքու` Ալիևի և Գուլիեւի հետ քննարկելու փաստաթուղթը: Մայիսի 7-ին Բաքվում էի»:

Ալիևը մայիսի 5-ին Բրյուսելից վերադարձել էր Բաքու` ճանապարհին կանգ առել Թուրքիայում: Մայիսի 8-ին սկսվում է Կազիմիրովի հանդիպումն Ադրբեջանի նախագահի հետ: Ալիևի կողքին նստել էին Գուլիևը, Ջալիլովը, արտգործնախարար Հասանովը, պաշտպանության նախարար Մամեդովը, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռզաևը: «Ալիևն անմիջապես սկսում է գրոհը, թե դուք (ռուսները) նորից պատրաստեցիք փաստաթուղթ, որը ոտնահարել է Ադրբեջանի շահերը: Ես միայնակ եմ, մյուսները պաշտպանում են շեֆին: Վերջապես լսվում է առաջին սթափ ձայնը. Ռզաևն ասում է` պետք է դադարեցնել արյունահեղությունը: Գուլիևն աջակցում է իր ընկեր Ռզաևին, եւ սկսվում է շրջադարձ: Ես նրանց բացատրում եմ, որ այդ փաստաթուղթն իրավական չէ, այլ` քաղաքական: Փաստաթղթում դիտորդներ բառից առաջ ավելացրին «միջազգային» բառը: Եթե նկատի ունեին ռուսներին, ապա ռուսները նույնպես միջազգային են: Անիմաստ ուղղում էր: Երկրորդը` «զբաղեցրած» տարածքների փոխարեն գրվեց «գրավված»: Եվ վերջապես երրորդը` ամենազավեշտականը, նրանք նորից սկսում են պնդել, որ փաստաթղթի տակ դրվի Բահմանովի ստորագրությունը: Ինչպես Բիշքեկում, հարց եմ տալիս` ի՞նչ կառույց է ներկայացնում Բահմանովը` օրենսդի՞ր: Երկար վիճեցինք, բայց նրանք մտցրին երկու ուղղումները և արձանագրության տակ ավելացրին` Ն. Բահմանով»,- ժպիտով պատմում է Կազիմիրովը:

Բահմանովին, սակայն, չի հաջողվում գտնել Բաքվում, որ նա էլ ստորագրի: Բայց կարևորը մեկ այլ` Ջալիլովի կամ Գուլիևի ստորագրությունն է, որով Ադրբեջանը կմիանար փաստաթղթին: «Ալիևն ասում է` «Աֆիյադդին, ստորագրի՛ր»: Բայց հանկարծ Ջալիլովն Ալիևին պատասխանում է, թե չի կարող ստորագրել, որ իր տեսակետը հրապարակավ հայտնել է: Ու ես մտածում եմ` գրողը տանի, ի՞նչ կարևոր է Ջալիլովի ստորագրությունը, այստեղ Գուլիև ն է նստած: Հավանաբար Գուլիևի եւ Ջալիլովի հարաբերություններում ամեն ինչ հարթ չէր: Գուլիևը բողոքում է` այո՛, որոշ մարդկանց համար ավելի կարևոր է հեղինակությունը, իր համար կարևոր է, որ լինի ի շահ ադրբեջանցի ժողովրդի: Ես հիմա այսպես պարզունակ եմ ներկայացնում, բայց իմաստը դա էր: Ալիևը Գուլիևին ասում է` ստորագրի՛ր: Ես վերցրի այդ թուղթը, զանգահարեցի Երևան և Ստեփանակերտ»,- հիշում է ռուս միջնորդը:

Մայիսի 9-ին` Հաղթանակի օրը, Կազիմիրովը Բաքվում` հյուրանոցի իր համարում, շարադրում էր մեկ այլ` կրակի դադարեցման փաստաթուղթ, ապա մանրամասները համաձայնեցնում Երևանի և  Ստեփանակերտի հետ: Նույն օրն Ալիևի առանձնասենյակում Մամեդովն իր ստորագրությունը դնում է այդ փաստաթղթի տակ: Ռուս միջնորդը հերքում է Գուլուզադեի պնդումները, թե իբր այդ փաստաթուղթը ստորագրել են Երևանն ու Բաքուն, իսկ ԼՂ ստորագրությունը թաքուն Կազիմիրովն է այնտեղ մտցրել:

«Իմ արխիվում դեռ պահպանվում է ամենաառաջին սևագիրը, որում չկար հենց Երևանի անունը, միայն Մամեդովի և Բաբայանի ստորագրությունների տեղն է թողնված: Հետագայում Ալիևն ասաց, որ լավ կլիներ Երևանի ստորագրությունն էլ ավելացնել, ինչը համապատասխանում էր մեր մտահղացումներին: Ես Տեր-Պետրոսյանին և մյուս հայերին ամիսներ ասում էի` կարիք չկա թաքնվել ԼՂ թիկունքում: Դուք հակամարտության լիարժեք կողմ եք, և անհրաժեշտ է այդ գործերում մասնակցել ուղղակիորեն»,- ասում է Կազիմիրովը:

Տեր-Պետրոսյանը տալիս է իր համաձայնությունը, Ալիևը` նույնպես, սակայն Բաքուն չի ցանկանում փաստաթուղթը ստորագրել ԼՂ-ի հետ: Մոսկվան, որ այնքան ջանք էր թափել, որոշում է թանկ ժամանակը չկորցնել և կազմակերպել նոր հանդիպում: Ռուսները դիմում են անսովոր միջոցի. կողմերից յուրաքանչյուրն իր թուղթն ստորագրում է առանձին: Դեռ 1993 թվականից կրակի դադարեցման կարճաժամկետ պայմանավորվածությունների դեպքում ռուսներն օգտագործել էին, այսպես կոչված, «ֆաքսային դիվանագիտությունը», երբ գործերի հրատապության և մեկ սեղանի շուրջ հակամարտության կողմերի ներկայացուցիչներին հավաքելու անհնարինության պարագայում այլ բան չէր մնում, քան պայմանավորվել հեռախոսով և պայմանավորվածություններն արագ ձևակերպել ֆաքսով:

«Կրակի դադարեցման առաջին թղթի վրա միայն Մամեդովի ստորագրությունն է, մյուս կողմերի ստորագրությունը չկա, բայց մեքենագիր նշված են նրանց պաշտոնները: Ես վերցնում եմ այդ ստորագրությունը և մեկնում Մոսկվա: Սերժ Սարգսյանին խնդրում եմ ֆաքսով Մոսկվա ուղարկել իր ստորագրությունը: Հետո իր ստորագրությունն ուղարկում է Բաբայանը: Ահա և երեք թղթերն իմ ձեռքում են, ահա և համաձայնագիրը: Երեք տարբեր թղթեր են` յուրաքանչյուրի վրա մեկական ստորագրություն: Միասին չէին ուզում ստորագրել: Անշուշտ, անսովոր ձև է: Ես համառորեն պայքարում եմ ԵԱՀԽ-ի դեմ, քանի որ նրանք իրենց տարեկան հաշվետվություններում համաձայնագիրն անվանում են «ոչ պաշտոնական»: Ես ասում եմ` ո՞րն է «ոչ պաշտոնականը»: Այո, մեկ ընդհանուր փաստաթուղթ չկա, բայց դա չի նշանակում «ոչ պաշտոնական»,- դժգոհում է պաշտոնաթող ռուս դիվանագետը:

Մայիսի 9-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարը, հաջորդ օրը Հայաստանի պաշտպանության նախարարը, իսկ մայիսի 11-ին ԼՂ պաշտպանության բանակի հրամանատարը, «արձագանքելով «Բիշքեկյան արձանագրության» կոչին և ի կատարումն 1994թ. փետրվարի 18-ի արձանագրության դրույթների», նամակ են հղում Ռուսաստանի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներին, ինչպես նաև` Կազիմիրովին` հայտնելով 1994թ. մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը հակամարտող կողմերի` կրակը դադարեցնելու պատրաստակամությունը:

Մայիսյան հրադադարը հիշելով` Մամեդովն ասել է. «Մենք մարտական գործողություններ էինք վարում, կանգ առանք, անցանք պաշտպանության, հակառակորդը որոշեց, որ մենք անզոր ենք գրոհելու և կարող է հակագրոհի անցել: Եվ որպեսզի դա տեղի չունենա, անհրաժեշտ էր հասնել կրակի դադարեցման համաձայնագրի»:

2001թ. փետրվարի 23-ին Միլլի մեջլիսի ելույթում Ալիևն անդրադառնում է յոթնամյա վաղեմության դեպքերին. «Ես նորից եմ կրկնում, որ մայիսյան հրադադարը շատ կարևոր քայլ էր, եւ դրան մենք գնացինք գիտակցելով: Չնայած դեռ խնդիրը չի կարգավորվել, զինադադարն անհրաժեշտ էր: Դժբախտաբար, շատերը մոռացել են պատերազմը, նրանք ապրում են հանգիստ ու հարմարավետ: Դժբախտաբար, նրանք մոռացել են պատերազմը»:

Հակամարտության կողմերի հոգնածությա՞ն, թե՞ այլ շրջաններ կորցնելու սպառնալիքը զգալով Բաքուն ստորագրեց համաձայնագիր: «Մեկը չէր լինի առանց մյուսի: Մեր ջանքերը որևէ արդյունք չէին տա, եթե Ալիևի դրությունը չլիներ անելանելի: Ալիևը կանգնած էր ոչ միայն նոր տարածքներ, այլև իշխանությունը կորցնելու վտանգի առաջ: Բաքվում հաճախ շահարկում են, իբր Կազիմիրովն էր սպառնում, որ հայերը կվերցնեն Գյանջան: Ինչո՞ւ էի սպառնում: Գնում էին համառ մարտեր Միր Բաշիրի շրջանում: Այսինքն` (կարող էին գրավվել) Բարդան, Եվլախը, Մինգեչաուրը և` հարավ-արևմուտքի կրկնություն: Հայերն այնտեղ դուրս եկան Արաքս, այս դեպքում, պայմանական եմ ասում` դուրս էին գալիս Քուռ: Պատկերացրեք Ալիևի վիճակը, եթե «կտրվեր» Ադրբեջանի հյուսիս-արևմուտքը: Հրադադարի ստորագրումն Ալիևի համար բարի կամքի հարց չէր, այլ գոյատևման: Անշուշտ, կար և՛ ուժերի հավասարակշռություն, և՛ հոգնածություն»,- ասում է Կազիմիրովը:

Բաբայանը համաձայն չէ. «Մենք պատրաստ էինք շարունակել պատերազմը, հոգնածության հարց չկար: Ադրբեջանը պետք է ընդուներ այն պայմանները, որոնցով պատերազմին վերջ կդրվեր: 1993թ. փորձից գիտեինք, որ մեր ամեն հաջողությունից հետո (Աղդամ, Ֆիզուլի) Ադրբեջանը համաձայնել է բոլոր պայմաններին, բայց միայն ուժերը հավաքելու համար: Մեզ համար պարզ էր, որ անհրաժեշտ է շարժվել Միր Բաշիրի, Բարդայի ուղղությամբ և Ադրբեջանին դնել մի վիճակի մեջ, որ ստորագրի խաղաղության պայմանագիրը, ոչ թե ձևական «թայմ-աութ» վերցնի, այլ ընդունի և ամրագրի ԼՂ  տարածքը: Եթե մենք շարունակեինք, 5-6 կմ էր մնացել մինչև Միր Բաշիր, այսօր կունենայինք ԼՂ-ի ամրագրված տարածք: Ինձ համար այն ժամանակ պարզ էր, որ Բաքուն կարող էր համաձայնել ճանաչել ԼՂ-ն միայն անելանելի վիճակում»:

Մայիսի 12-ին հրադադարն ուժի մեջ է մտնում: Մայիսի 16-17-ին Մոսկվայում տեղի է ունենում Սարգսյանի, Մամեդովի և Բաբայանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվում է «1994թ. փետրվարի 18-ի արձանագրության իրականացման կարգի արձանագրությունը» փաստաթուղթը: Համաձայնագիր է ստորագրվում կրակը դադարեցնել մայիսի 17-ի ուղիղ կեսգիշերից, ինչպես նաև պատրաստվում է փաստաթուղթ, որով նախատեսվում էր ղարաբաղյան և ադրբեջանական զորքերի տարանջատում, կողմերի միջև բուֆերային գոտու ստեղծում, խաղաղարար ուժերի տեղակայում: Փաստաթուղթը ստորագրում են Գրաչովը, Սարգսյանը և Բաբայանը: Մամեդովը փաստաթուղթը չի ստորագրում. նրան շտապ կանչում են Բաքու: Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել մոսկովյան համաձայնագրի ամփոփիչ արձանագրությունը, սակայն հրադադարը դառնում է իրականություն:

Ալիևը տարիներ անց ասել է. «Հրադադարի համաձայնագրից անմիջապես հետո Ռուսաստանի պաշտպանության նախարարը Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներին հրավիրեց Մոսկվա` խորհրդակցելու, թե ինչպես ազատել գրավյալ տարածքները: Մենք հավատացինք նրան, նախարարին ուղարկեցինք Մոսկվա, այդ ժամանակ Մամեդովն էր: Եվ ի՞նչ տեղի ունեցավ հաջորդ օրը: Ինձ տեղեկացնում են, որ Մոսկվայի հեռուստատեսությունը ցուցադրում է, թե ինչպես Գրաչովն անց է կացնում ընդլայնված նիստ և առաջարկում` ի՞նչ պետք է անել Ադրբեջանում: Իրարով անցա, անմիջապես կապվեցի մեր պաշտպանության նախարարի հետ: Պարզվեց, որ տեղի են ունեցել բանակցություններ Գուլիևի համաձայնությամբ և Ռուսաստանում մեր դեսպանի մասնակցությամբ, ըստ որի` ռուսական խաղաղապահներ են ուղարկվում տարածաշրջան»:

Մոսկովյան այս հանդիպումից Վլադիմիր Կազիմիրովը հիշում է հետաքրքրաշարժ մի դրվագ. «Գրաչովի նախաձեռնությամբ կայացած հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարության աշխատակիցները, հավանաբար վարժված լինելով հրադադարի պայմանավորվածությունների ձախողմանը, պատրաստել էին մի փաստաթղթի նախագիծ, որում առաջարկվում էր կրակը դադարեցնել մայիսի 18-ից, այն դեպքում, երբ արդեն հինգ օր ղարաբաղյան ճակատում հրադադարն ուժի մեջ էր մտել»:

Իրավամբ, դժվար էր հավատալ, որ վերջապես հրադադար է հաստատվում, վերջապես արյունահեղությունը դադարում է: Ավելի քան տասը տարի անց Կազիմիրովը մի առիթով ասաց, որ եթե հրադադարը վերածվի խաղաղության, ապա ինքը պար կգա:

Հատված ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ գրքից

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: