6 մայիս, 2020 17:42

Հայաստանը կարո՞ղ է հայտնվել եվրոպական ավիացիոն սև ցուցակում. մեկնաբանում է Ավինյանը

Քաղավիացիայի կոմիտեում Եվրոպական ավիացիոն գործակալության ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների պատճառով մայիսի 12-14-ին քննարկվելու է սև ցուցակում Հայաստանն ընդգրկելու հարցը: Այս մասին հայտնի դարձավ մայիսի 6-ին Ազգային ժողովում քաղավիացիայի ոլորտի մասին պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի պատասխանից:

Գորգիսյանը նկատեց, որ Եվրոպական ավիացիոն գործակալության ստուգումների արդյունքում մասնավորապես հայտնաբերվել է, որ Հայաստանը՝ որպես շահագործող երկիր, ի վիճակի չէ կազմակերպել օդանավերի թռիչքային պիտանելիության վկայականների հավաստագրումը և թռիչքային անվտանգության գործընթացները: 

«Ըստ այդմ, շուտով քննարկվելու է Հայաստանը սև ցուցակում ընդգրկելու հարցը: Նաև հայկական երկու ավիաընկերություններին արգելվելու է եվրոպական երկրներ թռիչքներ կատարել», - ասաց Գորգիսյանը՝ հետաքրքրվելով, թե ինչ քայլեր են կատարվում, որպեսզի Հայաստանը չհայտնվի եվրոպական սև ցուցակում:

Փախվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ մայիսի 12-ին կայանալու է նիստը, որի ընթացքում քննարկվելու է սև ցուցակում Հայաստանն ընդգրկելու հարցը: «Սակայն խոսքը վերջին տարիներին քաղավիացիայի գործունեության մասին չէ, այլ տասնյակ տարիների մասին է: Այո, եղել են թերացումներ, որոնց վերացման ուղղությամբ վերջին շրջանում կատարվել են շատ կտրուկ գործողություններ, որոնք տասնամյակներով չեն իրականացվել», - նշեց փոխվարչապետը։

Նա հայտնեց, որ մայիսի 12-ի նիստին ներկայացնելու է իր առարկություններն, ու միայն դրանից հետո կկայացվի վերջնական որոշում: Նա նկատեց, որ Հայաստանն այժմ որևէ խնդիր չունի եվրոպական երկրներ հայկական ավիաընկերությունների միջոցով թռիչքներ կատարելու առումով, եթե դրանք վերաբերում են ՀՀ քաղաքացիներին:

Փոխվարչապետը նաև շեշտեց, որ հայկական ավիաընկերությունները շուկա չեն կորցնելու, անգամ եթե Հայաստանը հայտնվի սև ցուցակում՝ այն պարզ պատճառով, որ այդ շուկայում չեն եղել: 

«Եվրոպական շուկա մտնելու համար նվազագույնը պետք է կարողություն ձևավորենք քաղաքացիական կոմիտեում և հայկական ավիաընկերություններում, որպեսզի կարողանանք եվրոպական ստանդարտներին համապատասխանել: Սա է լինելու մեր նպատակը և այս ուղղությամբ ենք շարժվելու», - ասաց նա: