7 մայիս, 2020 12:00

Հայաստանում սկսվում է կրթական ու առողջապահական օբյեկտների մեծածավալ շինարարություն   

Հայաստանում սկսվում է կրթական ու առողջապահական օբյեկտների մեծածավալ շինարարություն։ Այս մասին կառավարության այսօրվա նիստին հայտնեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը: Ըստ նրա՝ նախատեսվում է 111 կրթական և մշակութային օբյեկտների շինարարություն: 

Ղուլարյանի խոսքով՝ դրանց նախագծման աշխատանքները կա՛մ ավարտվել են, կա՛մ ավարտման փուլում են: «Դրանցից 90-ի շինարարության մրցույթները նախնական պայամանավորվածությամբ կիրականացնենք մենք՝ Քաղաքաշինության կոմիտեն, մյուս 21 և ավել օբյեկտների մրցույթները,- այս պարագայում խոսքը նորոգումների մասին է,- կիրականացվի կրթութան, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրակությամբ»,- ասաց Ղուլարյանը՝ հավելելով, որ առողջապահական 12 օբյեկտների նախագծման աշխատանքները ևս ընթացքի մեջ են, որոնք կավարտվեն նույն ժամանակահատվածում:

Այդ օբյեկտների շինարարական աշխատանքների կազմակերպման համար Քաղաքաշինության կոմիտեն կապվել է ոլորտի ընկերությունների և անհատների հետ․ «Մենք փորձելու ենք այնպես անել, որ շինարարական աշխատանքները սկսենք արդեն այս տարի»:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը վարում էր կառավարության նիստը, կարևորեց պետության կապիտալ ներդրումների միջոցով կրթական ու առողջապահական օբյեկտների շինարարությունը, որոնք կարող են նաև մեղմացնել կորոնովիրուսի հարուցած սոցիալ-տնտեսական դժվարությունները:

«Մեզ անհրաժեշտ է շինարարության կազմակերպման տեմպերի առումով մի փոքր առաջանցիկ քաղաքականություն որդեգրել, քանի որ կապիտալ շինարարության ոլորտում նմանատիպ աշխատանքները երկրի տնտեսության համար էական նշանակություն են ունենալու: Հետևաբար, այս ծրագրերը պետք է լինեն մեր առաջնահերթությունների եռյակում»,- ասաց նա:

Իր հերթին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ նախարարությունն արդեն 5 մլրդ դրամի նախագծա-նախահաշվային փաստաթղթեր ունի: Այժմ վերջին ճշգրտումներն են իրականացվում Քաղաքաշինության կոմիտեի հետ, որպեսզի հայտարարվեն մրցույթները: 

«Շինարարությունները շատ բազմազան են և տեղի են ունենալու հանրապետության ողջ տարածքում: Մեր քաղաքացներն էլ, որոնք կորոնավիրուսի պատճառով չեն մեկնել արտագնա աշխատաքի, կարող են ներգրավվել շինարարական աշխատաքներում»,- ասաց Հարությունյանը:

Նա նկատեց, որ կապիտալ ներդրումների շրջանակում նախատեսվում է կառուցել մոդուլային դպրոցներ, քոլեջներ, ուսումնարաններ ու մշակութային օբյեկտներ: «Հուսով եմ՝ մինչև հուլիս մեծ մասի մրցույթները կիրականացնենք», - ասաց նախարարը:

#CivilNet #News