10 մայիս, 2020 17:27

Պետական հատվածը պետք է հրաժարվի գոնե-ի տրամաբանությունից

Նախաձեռնողական քաղաքականության ձախողման պատճառները

Ալեքսանդր Գրիգորյան

Եթե գնահատենք պետական քաղաքականությունը մինչև թավշյա հեղափոխությունը, կարող ենք այն անվանել արձագանքող և ոչ-նախաձեռնողական: Հիմնական պատճառը գործող իշխանության աղավաղված նպատակային ֆունկցիան էր: Աշխարհի բոլոր երկրներում պետական հատվածը ավելի քիչ արտադրողական է` համեմատ մասնավորի: Պետական հատվածի աշխատողը նվազեցնում է ջանքերը` ստանալով տրված մակարդակի աշխատավարձը:

Այնուամենայնիվ, պետական քաղաքականության` սոցիալական բարեկեցությունից (որպես նպատակ) շեղումը խորացնում է պետական հատվածի աշխատողների ստեղծած արդյունքի և վարձատրման միջև տարբերությունը: Պետական աշխատողն այլ հավասար պամաններում ավելի մեծ վարձավճար է ակնկալում, եթե պետական ապարատը լծված է իշխանական որոշակի շահեր սպասարկելու համար: Վարձավճաը հազվադեպ կարող է արտահայտվել ուղղակի (աշխատավարձ, պարգևավճարներ) և ավելի հաճախ անուղղակի (կաշառք) ձևերով: Սրանք են եղել պետական հատվածում աշխատելու պայմանները մինչև թավշյա հեղափոխությունը: Արդյունքում մենք ունեինք եկամուտների կամ դրանց հավասարեցված հնարավությունների ահռելի անհավասարություն պետական հատվածում:

Պետական քաղաքականության որակը, բնականաբար, ցածր էր: Այն հիմնված էր, այսպես կոչված, «գոնե»-ի վրա: Հանքարդյունաբերությանը պետք է զարկ տալ, քանի որ այն «գոնե ապահովում է մարդկանց օրվա հացը»: Արտաքին քաղաքականության արձագանքող դիրքավորումը «գոնե թույլ էր տալիս պահպանել ստատուս քվոն»: Ռուսաստանի հետ անհավասար հարաբերությունները արդարացվում էր, քանի որ «գոնե հնարավոր էր դառնում միգրանտներ ուղարկել Ռուսաստան և ստանալ տրանսֆերտներ»: Այս շղթան կարելի է շարունակել: Հետաքրքիրն այն է, որ ամեն հաջորդ «գոնե»-ի վրա հիմնված քաղաքականություն ուժեղացնում էր ընթացիկ «գոնե»-ի դիրքը:

2018 թվականի ապրիլին նախորդող ժամանակահատվածում «գոնե»-ի վրա հինված տրամաբանությունը մեխվել էր Հայաստանի քաղաքացիների ստվար հատվածի ուղեղում. Այն գրեթե դարձել էր մտածողություն: Այն իր բնույթով արձագանքող քաղաքականություն է և՛ անհատի, և՛ իշխանության մակարդակում, ու տեղ չի թողնում նախաձեռնողական քայլերին:

Հետաքրքիրն այն է, որ եթե պետական հատ[MOU2] վածի բազմաթիվ ներկայացուցիչներ իրենք են ընտրում դառնալ պետական հատվածի ներկայացուցիչ և այդպիսով լինելով արձագանքող համակարգի մաս, ժամանակի ընթացքում արձագանքող և «գոնե»-ի մտածողությունը դառնում է համատարած և սպառնում է ողջ հանրույթին:

 Ի՞նչ էինք ակնկալում և ի՞նչ փոխվեց հեղափոխությունից հետո:

Նոր իշխանական էլիտան հագեցրեց իր օրակարգը նախաձեռնություններով, որն առավել քան ողջունելի էր: Պետության` սոցիալական բարեկեցության ապահովման իր պարտավորությունը կարծես թե իր տեղն ընկավ: Պետական հատվածի ներկայացուցիչները, հեռավոր անցյալում իրենց ընտրելով որպես նախկին պետական ապարատի մասնիկ, մնացին տարակուսած: Ջանքերի նվազեցման ֆունկցիան խախտվել էր, և պարզ չէր, թե անհատական օպտիմալացման ինչ նոր կանոնով պետք է առաջնորդվե[MOU4] ն: Իշխանական էլիտան ուներ երկու տարբերակ. (i) բարեփոխել ողջ պետական հատվածը հանրային մրցույթների միջոցով կամ (ii) փորձել վերաձևակերպել պետական աշխատողի նպատակային ֆունկցիան, որը թույլ կտար հասնել պետական քաղաքականության նոր ուղենիշերին, որը  միաժամանակ համադրելի կլիներ աշխատողների մոտիվներին:

Իշխանությունը գնաց երկրորդ ճանապարհով մի շարք պատճառներով, որոնք թույլ տվեք այստեղ չքննարկել:

Սկզբունքորեն, բոնուսային համակարգը պետք է որ իր գործն աներ այն առումով, որ ջանքերի օպտիմալ աստիճանը բարձրանար, և գրանցվեր ակնկալվող արդյունքը: Արդյոք սա բավարա՞ր էր նախաձեռնողական քաղաքականությունը հաջողությամբ իրականացնելու համար: Կարծում եմ՝ պատասխանը բացասական է, և այստեղ է, որ կառավարությունը վտանգում է իր նախաձեռնողական հիմքի վրա ձևակերպված քաղաքականությունը: Պետական ապարատի աշխատողները, տարիներ շարունակ լինելով արձագանքող և ջանքեր դնելով ապահովելու նվազագույնը (չարաբաստիկ «գոնե»-ն), չեն կարող մեկ օրում փոխակերպվել և դառնալ նանաձեռնող: Փաստենք, որ նախաձեռնողականությունը կարևոր է ոչ միայն բարձր, այլև միջին ու ցածր օղակներում: Այսինքն, այն պետք է ներառի համակարգի բոլոր օղակները և դառնա մտածողություն: Այստեղ խնդիրը գումարը չէ, այլ այն հիմնարար ռեսուրսի (գիտելիք և դրա վրա հիմնված նախաձեռնողականություն) բացակայությունը, որը տարիներ շարունակ մաշվել է և տեղը զիջել հարմարվողական և միայն գոյատևումն ապահովող մտածողությանը:

Այսօր իշխանությունը առատորեն վճարում է պետական հատվածում որոշումներ կայացնող բազմաթիվ ներկայացուցիչների, բայց միայն վարձատրությունը չի կարող ինքնաբերաբար հանգեցնել պետական քաղաքականության ոլորտում ակնկալվող փոփոխություններին: Մեծ հաշվով, մեր պետական քաղաքականությունը շարունակում է մնալ արձագանքող, և յուրաքանչյուր նոր ձախողում կադրային քաղաքականության ոլորտում մեզ ավելի է հեռացնում նախաձեռնողանական քաղաքականության ուղենիշերից:

Ալեքսանդր Գրիգորյանը տնտեսագետ է, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս։

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: