11 մայիս, 2020 13:32

Արցախում արտակարգ իրավիճակը երկարաձգվեց մեկ ամսով

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգելու և Արցախի Հանրապետության նախագահի 2020 թվականի ապրիլի 12-ի հրամանագրում փոփոխություն կատարելու մասին․ այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

«Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման՝ երկարաձգվել է Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը 2020 թվականի մայիսի 12-ից, ժամը 22:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 11-ը, ժամը 22:00-ն ներառյալ ժամկետով»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում։

Մայիսի 11-ի դրությամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 14 դեպք։