11 մայիս, 2020 10:16

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք

Արցախի տեղեկատվական շտաբը, հղում անելով առողջապահության նախարարությանը, հայտնում է, որ նախօրեին թեստավորված 41 քաղաքացուց 37-ի COVID-19 թեստի պատախանը բացասական է, իսկ 4-ինը՝ դրական, այսինքն՝ նրանց մոտ հաստատվել է COVID-19 նոր կորոնավիրուսի վարակ:

«Նոր կորոնավիրուսային վարակով հաստատված 4 քաղաքացիները մայիսի 7-ին Նոր Վերինշեն համայնքում գրանցված վարակակրի շրջանակից են՝ Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր համայնքից:

Վերոնշյալ 4 քաղաքացուց երկուսը գտնվում էին Շուշի քաղաքում մեկուսացման համար նախատեսված հյուրանոցում, իսկ երկուսը՝ Նոր Բրաջուր համայնքում ինքնամեկուսացվել էին:

Հիշեցնենք, որ ԱՀ Պարետի որոշման համաձայն՝ մայիսի 7-ին Նոր Վերինշեն համայնքում և Քնարավան համայնքի Չափնի գյուղում, ինչպես նաև՝ մայիսի 8-ին Նոր Բրաջուր համայնքում մտցվել են ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ սահմանափակումներ»,- ասված է հաղորդագրությունում։

Այս պահի դրությամբ՝ Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 14 է։