12 մայիս, 2020 20:12

Սեռական շահագործումից երեխաների պաշտպանության կոնվենցիա․ ինչ է պետք իմանալ

 

Ազգային ժողովը (ԱԺ) մայիսի 11-ին 79 կողմ, 12 դեմ և 0 ձեռնպահ ձայներով վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, ավելի հայտնի որպես Լանզարոտի կոնվենցիա։ 

Լանզարոտի կոնվենցիայի նպատակն է երեխաների սեռական շահագործման և նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների կանխարգելումը, դրանց դեմ պայքարը, տուժած երեխաների իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև այս պայքարի մասով ազգային և միջազգային համագործակցության խթանումը։

Կոնվենցիան նախատեսում է օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ կրթական, առողջապահական և սոցիալական պաշտպանության,  դատական և իրավապահ, ինչպես նար սպորտի, մշակույթի և ազատ ժամանակի կազմակերպման ոլորտներում երեխաների հետ պարբերաբար շփումներ ունեցող անձանց շրջանում երեխաների պաշտպանության և իրավունքների մասին իրազեկությունը խթանելու համար։

Նախատեսվում է, որ երեխաների հետ աշխատող անձինք ունենան համապատասխան գիտելիքներ երեխաների սեռական շահագործման, նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների և դրանց բացահայտման միջոցների մասին, իսկ երեխաների հետ պարբերաբար շփումներ ենթադրող մասնագիտությունների տեր անձինք պետք է նախկինում դատապարտված չլինեն երեխաների սեռական շահագործման կամ նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների համար։

Համաձայն կոնվենցիայի՝ քրեականացվելու է այն երեխայի հետ սեքսուալ բնույթի գործողությունների մեջ ներգրավվելը, որը չի հասել դրա համար օրենքով սահմանված տարիքին, երեխայի հետ սեքսուալ բնույթի գործողությունների մեջ ներգրավվելը, եթե գործադրվել է հարկադրանք, ուժ կամ սպառնալիք, եթե բռնությունը կատարվել է երեխայի նկատմամբ վստահության, իշխանության կամ ազդեցության՝ ընդունված դիրքի օգտագործմամբ, այդ թվում՝ ընտանիքում, կամ օգտվելով երեխայի առանձնապես անպաշտպան վիճակից, մասնավորապես սահմանափակ մտավոր կամ ֆիզիկական ունակությունների կամ կախվածության մեջ գտնվելու հանգամանքներում։

Կոնվենցիայով սահմանված հանցագործությունների համար նախատեսվելու են արդյունավետ, պատշաճ և ազդեցիկ պատժամիջոցներ՝ հաշվի առնելով դրանց ծանրության աստիճանը։ 

․․․

Կոնվենցիայի վավերացմանը դեմ քվեարկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։ Պատգամավոր Գևորգ Պետրոսյանը առաջարկեց  կոնվենցիան վավերացնելու փոխարեն քրեական օրենսգիրքը խստացնել։ Նրա խոսքով՝ կոնվենցիայում կան վտանգ պարունակող դրույթներ, օրինակ՝ 6-րդ հոդվածը։ Երեխաների ուսուցման մասին այս հոդվածը նախատեսում է, որ երեխաները տարրական և միջնակարգ կրթության ընթացքում ստանան սեռական շահագործման և սեռական բռնության հետ կապված վտանգների, ինչպես նաև իրենց պաշտպանելու միջոցառումների մասին տեղեկություններ՝ իրենց կարողությունների համաձայն։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, չհամաձայնելով Պետրոսյանի պնդմանը, ասաց․ «Եթե սեռական հնարավոր շահագործման սուբյեկտը այդ թվում հենց մանկահասակ երեխաներն են, բա ում է պետք կրթել, որպեսզի դրա դեմ համապատասխան դիմադրություն կարողանա ունենալ այդ երեխան»։ Գրիգորյանը շեշտեց, որ կրթական ծրագիրը մշակվելու է՝ ելնելով երեխաների զարգացման աստիճանից, և հարմարեցվելու է տվյալ տարիքում երեխաների ընկալումներին։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ևս անդրադարձավ կրթության մասին հոդվածին։ «Կրթական բաղադրիչը պետք է ապահովվի, որպեսզի երեխաները սովորեն, թե ինչպիսի վաղ նշանները կարող են հուշել, որ իրենց սեռական անձեռնմխելիության նկատմամբ կա վտանգ, և ինչպիսի գործողություններ պետք է ձեռնարկեն պաշտպանվելու կամ մեծահասակներից օգնություն խնդրելու համար»,- պարզաբանեց նա։

Կարապետյանը նշեց, որ նման կրթությունը նախ և առաջ ծնողների պարտականությունն է, բայց կարող է անհրաժեշտ լինել ուսուցիչ-ծնող համագորխակցությունը։

«Երբեմն ծնողները չունեն բավարար հմտություններ «անծանոթներից կոնֆետ չվերցնես»-ից բացի այլ բան սովորեցնելու երեխաներին, իսկ մանկապղծությունը նորանոր դրսևորումներ է ստանում, օրինակ՝ ինտերնետի միջոցով»,- ասաց նա։

Կոնվենցիայի մասին իր դիրքորոշումը հայտնեց նաև Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Ես կարծում եմ, որ կոնվենցիան, դրա վավերացումը երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված Հայաստանում կունենա կարևոր նշանակություն։ Ուզում եմ հատուկ նշել, որ Հայաստանի Սահմանադրությունը երաշխավորում է կարևոր արժեքներ, և կարծում եմ, որ երեխայի իրավունքների պաշտպանությունը և՛ ընտանիքահեն հասարակության, և՛ ընտանիքում ապրելու երեխայի իրավունքի կարևոր արժեքների պաշտպանության համատեքստում պետք է իրականցվի, և այդ երաշխիքները հնարավորության կտան առավել բարձրացնելու այդ մակարդակը»,- ասաց նա։

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը ներկայացրեց նաև երեխաների նկատմամբ բռնությունների վերջին երեք տարիների վիճակագրությունը։

2017-ին քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների վարույթում քննվել է երեխաների նկատմամբ հանցագործությունների վերաբերյալ 265 գործ, որից 101-ը՝ սեռական բնույթի, 2018-ին՝ 317, որից 76-ը՝ սեռական բնույթի իսկ 2019-ի առաջին կիսամյակի տվյալներով՝ 209 գործ, որից սեռական բնույթի է եղել 51-ը։


Լանզարոտի կոնվենցիան ամբողջությամբ 


Լուսինե Վարդանյան