13 մայիս, 2020 12:49

Բաթումի, Ալեքսանդրապոլի և Կարսի պայմանագրերի մասին ՍիվիլՆեթը երեք ֆիլմ է նկարահանում

Հունիսի կեսից հետո, երբ բացվեն դեպի Վրաստան, իսկ այնտեղից՝ դեպի Թուրքիա տանող ճանապարհները շարքային քաղաքացիների համար, ՍիվիլՆեթը կսկսի երեք մասերից կազմված փաստագրական ֆիլմերի նկարահանումները:

Երեք վավերագրական ֆիլմերը պատմելու են հայ ժողովրդի կյանքում և պետականակերտման գործում երեք՝ Բաթումի (1918թ․ մայիս-հունիս), Ալեքսանդրապոլի (1920թ. նոյեմբեր-դեկտեմբեր) և Կարսի (1921թ․ սեպտեմբեր-հոկտեմբեր) պայմանագրերի մասին:

Նկարահանումները սկսվելու են Երզնկայում 1917 թվականի վերջերի դեպքերից, երբ ռուսական բանակը նահանջեց և Արևմտահայաստանի ճակատը բաց թողեց թուրքական ներխուժման համար և ավարտվելու են Կարսում, որտեղ 1921թ. ստորագրված պայմանագրով հաստատվեց այն սահմանը, որը մինչև այժմ գործում է Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև:

Փաստագրական այս ֆիլմերում ներառվելու են նաև մի շարք հարակից պայմանագրեր, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդեցություն են թողել Հայաստանի Հանրապետության վրա: Մասնավորապես, նկատի ունենք 1917թ․ դեկտեմբերին Երզնկայի հաշտությունը, 1918թ․ Բրեստ-Լիտովսկը, Տրապիզոնը, Բաթումում հայ-օսմանյանից բացի վրաց-օսմանյան և ադրբեջանա-օսմանյան Բարեկամության ու հաշտության տեքստերը, դրանց հաջորդած Ալեքսանդրապոլի բանակցությունները հայերի և թուրքերի միջև Բաթումից անմիջապես հետո, 1918թ․ հունիս-հոկտեմբերին Պոլսի՝ ըստ էության չկայացած խորհրդաժողովի, 1920թ․ օգոստոսի 10-ի Սևրի պայմանագիրն ու Թիֆլիսի հայ-ռուսական համաձայնագիրը և Մոսկվայի 1921թ․ մարտի պայմանագիրը ռուսների ու քեմալականների միջև:

Նկարահանումներ են նախատեսվում երեք երկրներում՝ Հայաստան, Վրաստան և Թուրքիա, ավելի հստակ՝ հետևյալ վայրերում՝ Երզնկա, Էրզրում, Սարիղամիշ, Կարս, Տրապիզոն, Ստամբուլ, Անկարա, Բաթում, Թբիլիսի, Գյումրի, Սարդարապատ, Վանաձոր և Երևան:

Փաստագրական երեք ֆիլմերը ներկայացվելու են հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին: Դրանք հիմնված են լինելու բացառապես արխիվային, դիվանագիտական փաստաթղթերի և օրագրությունների, խորհրդարանական քննարկումների և համահայկական խորհրդաժողովների, հուշագրությունների, օրվա մամուլի հրապարակումների և գրքերի տեղեկությունների վրա:

Այս ֆիլմերում մենք բացելու ենք հայ ժողովրդի դիվանագիտական պատմության վերջին 100 տարիների ամենազգայուն դրվագները, սակայն հեռու ենք մնալու գնահատականներից ու եզրահանգումներից, «եթե»-ներից ու ցանկություններից:

ՍիվիլՆեթի թիմը շնորհակալ կլինի, եթե մեր հայագետները, սոցիոլոգները, պատմաբանները, ազգագրագետները, արխիվագետները իրենց դիտողություններով օգնեն մեզ և հնարավորության դեպքում ժամանակավոր օգտագործման համար տրամադրեն անձնական արխիվներ և լուսանկարչական հավաքածուներ։