13 մայիս, 2020 21:22

Կառավարությունը ԱԱՀ-ի արտոնություն կտա ՊԵԿ նախկին նախագահի ընկերությանը

Կառավարությունը մայիսի 13-ի նիստում նախատեսում է արտոնություններ տրամադրել ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի ընտանիքի հետ փոխկապված «Գրին ֆարմեր» ՍՊԸ-ին։ Որոշումներից մեկով ընկերությունը երեք տարով ազատվում է ներմուծված ապրանքների ավելացված արժեքի հարկից։

Ըստ հիմնավորման՝ ընկերությունը 2019-ի սկզբին Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում հիմնել է 30 հեկտար ծավալով խնձորի այգի և ներկայում կառուցում է 3000 տոննա տարողությամբ սառնարանային տնտեսություն:

«Նմանատիպ սառնարանային տնտեսությունը նման տեխնոլոգիայով միակն է ՀՀ-ում և իր տեխնիկական տվյալների շնորհիվ հնարավորություն կտա մինչև 14 ամիս պահել խնձորը թարմ վիճակում: Այսպիսով, խնձորի մեծածախ վաճառքը հնարավոր կլինի իրականացնել տնտեսապես ամենահարմար պահին: Ծրագրի շրջանակներում կատարվել են մոտ 550 մլն դրամի ներդրումներ՝ տեղանքի նախապատրաստման, ինֆրաստրուկտուրայի կառուցման աշխատանքների, ներառյալ ջուր, էլեկտրաէներգիա և գազ։ Նախատեսվում է կատարել ևս 950 մլն դրամի ներդրումներ»,- նշված է որոշման նախագծում։ 

Ընկերությունը նախատեսում է ներմուծել խողովակներ, կցորդներ, ապակե մանրաթելեր, մետաղական կառուցվածքներ և այլն։ Որոշման հիմնավորման համաձայն՝ 2017-2018 թվականներին ԱԱՀ հետաձգման արդյունքում ընկերությունը կատարել է 2 միլիարդ դրամի ներդրում։ 

«Գրին ֆարմեր»-ը սառնարանային տնտեսություն կառուցելու համար ներկրված ապրանքների համար նաև մաքսատուրք չի վճարի՝ կառավարության մեկ այլ որոշմամբ։ 

«Գրին ֆարմեր»-ը հիմնվել է 2016 թվականին։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյակների համաձայն՝ ընկերության բաժնետոմսերի 40 տոկոսը պատկանում է Արսեն Հարությունյանին, որը Ջրային պետական կոմիտեի նախագահն էր (2016-2018 թթ․, Կարեն Կարապետյան վարչապետության ժամանակ)։ 15-ական տոկոս բաժնեմաս ընկերությունում ունեն Ռուբեն և Հենրիկ Հարությունյանները, որոնք ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի որդիներն են։ Ընկերությունում ևս 40 տոկոս բաժնեմաս ունի Արման Աբրահամյանը, որը «Գազպրոմ Արմենիայի» դուստր ընկերության՝ «Տրանսգազ»-ի նախկին տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանի փեսան է։

#CivilNet #News