13 մայիս, 2020 11:26

«Շրջանի մասերը: Ղարաբաղյան հակամարտության պատմությունը». գրախոսություն

Բրիտանական «Հաշտության պաշարներ» (Conciliation Resources) կազմակերպությունը, Երևանի «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» և Բաքվի «Ինտերնյուս» կազմակերպությունների հետ հրապարակել է «Շրջանի մասերը:  Ղարաբաղյան հակամարտության պատմությունը» փաստավավերագրական ֆիլմը, որը նկարահանվում էր 2011 թվականից: Ֆիլմը հայ և ադրբեջանցի լրագրողների համատեղ աշխատանքի արդյունք է և բաղկացած է երեք մասերից, որոնցում պատմվում է 1980-ական թվականների վերջերին Ղարաբաղյան հակամարտության բռնկման, պատերազմական շրջանի և բանակցային գործընթացի մասին: Հրապարակված նյութը այդ երեք մասերի կրճատված տարբերակն է և մեկ ժամից մի քիչ ավել է տևում:

Եռապատումը ավարտին է հասցվել 2016 թվականի սկզբին, սակայն, ըստ «Հաշտության պաշարներ» կազմակերպության կովկասյան ծրագրերի ղեկավար Լոուրենս Բրոյերսի, նույնիսկ մինչև ապրիլյան էսկալացիան մտահոգություն կար ֆիլմի որոշ հերոսների ճակատագրերի վերաբերյալ, քանի որ նրանք Ադրբեջանում քրեական հետապնդման էին ենթարկվում, այդ թվում նմանատիպ ծրագրերի մասնակցելու համար: Իսկ քառորյա պատերազմից հետո վերջնական որոշում կայացվեց ֆիլմի տարածումը իրականացնել աստիճանաբար և փոքր ծավալներով: Վերջին տարիների ընթացքում եռապատման տարբեր մասերի փակ դիտումներ են կազմակերպել Ստեփանակերտում, Երևանում ու Բաքվում:

Այժմ, երբ ֆիլմի կարճ տարբերակը հասանելի է  հանրության համար, հնարավորություն է ստեղծվել  ավելի մանրամասն վերլուծել այն: Արդեն իսկ ակնհայտ է, որ սա հիմնարար աշխատանք է, որի միջոցով ուսումնասիրվելու է Ղարաբաղյան հակամարտությունը գալիք տասնամյակների ընթացքում:  Իր նշանակությամբ ու կարևորությամբ այն  ժամանակի ընթացքում հավասարվելու է Թոմաս դե Վաալի «Սև այգուն»:

Պետք է նշել, որ ֆիլմի ձևաչափը բավական հաջողված է: Այն հնարավորություն է տալիս ծանոթանալ հակամարտության կարևորագույն դրվագների վերաբերյալ պատկերացումներին ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում ու Արցախում: Առանձնահատուկ գովասանքի է արժանի այն հանգամանքը, որ արցախյան դերակատարներն ու տեսակետները մյուսների հետ հավասարապես ներկայացված են ֆիլմում: Տարբեր իրադարձությունների վերաբերյալ կարծիքներ են արտահայտում Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը, Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: Համաչափության նույն սկզբունքը պահպանվել է նաև ֆիլմի նկարահանման ընթացքում: Այն պատրաստվել է ադրբեջանական, հայաստանյան և արցախյան թիմերի մասնակցությամբ:

Համատեղ աշխատանքի այս ձևաչափը սակայն ունի նաև իր բացասական երանգները, երբ, այնուամենայնիվ, շատ նուրբ քարոզչության որոշ փորձեր են կատարվել: Օրինակ, Սումգայիթի դեպքերի մասին խոսելիս` փորձ է կատարվում պատասխանատվության մի մասը դնել հայկական կողմի վրա` նշելով, որ մինչև ջարդերը Սումգայիթը բազմաթիվ ադրբեջանցի փախստականներ է ընդունել Խորհրդային Հայաստանից: Շեշտվում է նաև սումգայիթյան դեպքերին մասնակցած միակ հայ ջարդարարի անունը, ինչը ևս ադրբեջանական քարոզչական նարատիվի կարևոր դրվագ է: Սակայն, ընդհանուր առմամբ, այսպիսի մանրուքները չեն խանգարում հակամարտության տարբեր փուլերի վերաբերյալ բավականին հավասարակշռված ինֆորմացիա ստանալ: 

Ֆիլմի երկրորդ դրական կողմը դրա ռեալիզմն  ու սթափությունն է: Այստեղ բացակայում են լիբերալ խաղաղության տեսության ջատագովներին բնորոշ բարոյախրատական թեզերը, պայծառ ապագայի վերաբերյալ  իդեալիստական և ռոմանտիկ մտորումները: Ներկայացվում է հակամարտության մռայլ իրականությունը: Ավելին, չեզոք լսարանը հիմնականում հնարավորություն է ստանում հասկանալ հակամարտության տարբեր դրվագներում կողմերի ռացիոնալ շարժառիթները: Այսպես, ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը պարզ և հասկանալի լեզվով բացատրում է, որ Շուշիի ազատագրումը արցախյան կողմի համար կյանքի և մահվան հարց էր: Քելբաջարի օպերացիայի մասին խոսելիս  ընդգծվում է վերջինիս ռազմավարական նշանակությունը և այլն: Ֆիլմում բացակայում են ռացիոնալ գործոնների իռացիոնալիզացիայի փորձերը, ինչ, անշուշտ, գովելի է:

Այս նախագծի մեկ այլ և միգուցե գլխավոր արժեքը ֆիլմում տեղ գտած բացառիկ կադրերն ու հարցազրույցներն են, որոնց միջոցով հնարավորություն ենք ստանում գլխավոր դերակատարներից իմանալ հակամարտության և բանակցային գործընթացի առանցքային իրադարձությունների մասին տեղեկություններ: Ադրբեջանցի և հայ  նախկին պաշտոնյաները անկեղծորեն  ներկայացնում են իրենց տեսակետները բանակցային տարբեր առաջարկների վերաբերյալ, Վաֆա Գուլուզադեն ու Ժիրայր Լիպարիտյանը պատմում են իրենց միջև տեղի ունեցած ոչ պաշտոնական բանակցությունների բովանդակության մասին, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն հետաքրքիր նկատառումներ է անում Քի Վեսթի և դրան նախորդած գործընթացի վերաբերյալ:

Եռապատման մեջ տեղ գտած թերևս ամենահետաքրքիր և բացառիկ դրվագը Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի ցինիկ խոսոտվանությունն է այն մասին, որ  Ադրբեջանի ղեկավարությունը «Օղակ» գործողությունը (Операция ''Кольцо'') իրականացնելու թույլտվություն է ստացել անձամբ Միխայիլ Գորբաչովից` 1991 թվականի մարտի համամիութենական հանրաքվեում (որը Հայաստանը բոյկոտել էր) «ճիշտ» դիրքորոշում ունենալու դիմաց:

 «Շրջանի մասերը» կարելի է համարել ղարաբաղյան համատեքստում միջազգային հանրության աջակցությամբ  վերջին տարիներին իրականացված եզակի հաջողակ ծրագրերից մեկը, որը շատ կոնկրետ և օգտակար արդյունք է տվել: Կարծում եմ` ակնհայտ է, որ այսպիսի ծրագրերից չարժե ակնկալել վերջնարդյունք, որը լրիվ կգոհացնի կողմերից մեկին: Այնուամենայնիվ, հակամարտության մասին այսպիսի ֆիլմի ստեղծումը օբյեկտիվ անհրաժեշտություն էր: Պետք է նաև նշել, որ վերջին շրջանում Հայաստանում որոշ լուսանցքային շրջանակներ սկսել են թիրախավորել միջազգային տարբեր ծրագրերի մասնակցող գործիչներին` նրանց տարատեսակ պիտակներ կպցնելով: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է նշել, որ այս ֆիլմի պատրաստմանը մասնակցած հայ լրագրողներն ու գործիչները, հակամարտության վերաբերյալ հայկական տեսակետները պատշաճ կերպով ներկայացնելով, մեր շահերը պաշտպանելու առումով  շատ ավելի մեծ աշխատանք են կատարել, քան բոլոր նորաթուխ կեղծ հայրենասերները միասին վերցրած: 

Parts of a Circle: History of the Karabakh Conflict from Conciliation Resources on Vimeo.

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: