14 մայիս, 2020 17:34

Բերքաբեր. կրակոցների տակ ապրող մարդիկ

Մայիսի 13-ին ադրբեջանական կողմը միջին տրամաչափի զենքով գնդակոծել է Տավուշի Բերքաբեր գյուղը: Մի քանի տուն վնասվել է: Նախօրեին ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը և Գևորգ Հարոյանը այցելել էին գյուղ, զրուցել մարդկանց հետ: Բերքաբերը համանուն ջրամբարի մոտ է՝ Տավուշի մարզում՝ Գավազան/Գվազրին և Փայտասար/Օդունդաղ սարերի դիմաց: Գյուղի տներից մինչև ադրբեջանական դիրքեր մի քանի հարյուր մետր է: Բերքաբերի այգիներից ու վարելահողերից մոտ 900 հեկտարը մնացել է ադրբեջանական վերահսկողության տակ, քանի որ աշխարհագրությունը նպաստավոր չի եղել այն պահելու համար: Բերքաբերը սահմանակից է Ադրբեջանի Ղազախի շրջանի Մազամ և Կըզըլ Հաջիլի գյուղերին: Հակամարտության պատճառով ջրամբարը ոռոգման նպատակով չի օգտագործվում 1991-ից ի վեր: Երբեմն մարդիկ՝ բերքաբերցիները այս կողմից, մազամցիները՝ մյուս ափից, կարողանում են ձկան որս անել, եթե դիրքապահները չեն կրակում: