14 մայիս, 2020 12:17

Ծածուկ ծառայությունն իրականացվելու է կոնկրետ վայրերում կոնկրետ խախտումներ հայտնաբերելու համար․ ոստիկանություն

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել ծածուկ ծառայության գործարկման վերաբերյալ, որը ներկայացվում է ստորև․

«Օրեր առաջ հայտարարություն էր տարածվել, որ ճանապարհային ոստիկանությունն իրականացնելու է նաև ծածուկ ծառայություն, ինչը ենթադրում է՝ ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացվող ծառայություն` գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների և տարբերիչ նշանների ավտոմոբիլներով։

Հայտարարությունը հասարակության որոշ շրջանակներում և համացանցում անհարկի շահարկումների տեղիք է տվել և առաջացրել որոշակի անհանգստություն։

Պարզաբանում ենք, որ նշված ծառայությունը ճանապարհային երթևեկության կանոնները կոպիտ և միտումնավոր խախտող, այսպես ասած՝ դրիֆտեր իրականացնող, հանդիպակաց երթևեկության գոտի դուրս եկող, երթևեկության մյուս մասնակիցների հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող, նրանց կյանքին ու առողջության համար վտանգավոր խախտումներ կատարող վարորդներին և այլ կոպիտ խախտումներ հայտնաբերելու համար է։

Այսինքն՝ ճանապարհապարեկային ծածուկ ծառայությունն իրականացվելու է կոնկրետ վայրերում կոնկրետ խախտումներ հայտնաբերելու համար, ինչը միտված է անվտանգ երթևեկության ապահովմանը։

Երթևեկության բոլոր մասնակիցներին կրկին կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»։

***

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ճանապարհային երթևեկության կանոնները խախտող վարորդներին հայտնաբերելու աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը այսուհետ կիրականացնի ծածուկ ծառայություն։