14 մայիս, 2020 13:03

Կառավարությունն ընդունեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023թթ. ծրագիրը

Մայիսի 14-ին կառավարությունն ընդունեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023թթ. ծրագիրը։

Բաղադրիչներից մեկով միանվագ օգնություն կտրամադրվի մարզերում բնակարան ձեռք բերող երեխայի ծնողներին՝ մարզային բնակավայրերում ձեռք բերված գույքի կանխավճարի ֆինանսավորման տեսքով, երկրորդ բաղադրիչը կանխավճարի ապահովագրության համար դրամական աջակցությունն է, երրորդը երեխայի ծննդով պայմանավորված՝ հիփոթեքային վարկի մարմանն աջակցությունն է։

Երկու և ավել երեխա ունեցող ընտանիքի կողմից ձեռքբերվելիք գույքի առավելագույն շուկայական արժեքը պետք է լինի 30 միլիոն դրամ։ Կառավարությունը ֆինանսավորում է կանխավճարի 50 տոկոսը, իսկ մարզերում այս ծրագրի շրջանակում ձեռք բերվող անշարժ գոյքի դեպքում կանխավճարի կարիք առհասարակ կարող է չլինել․ պետությունը իր վրա կվերցնի ապահովագրության վճարը։ 

Հուլիսի 1-ից ընտանիքում երեխայի ծնվելու դեպքում պետությունը նաև մեկանգամյա մարում է կատարելու անշարժ գույքի արժեքից՝ մարզերում 10 տոկոսի, իսկ Երևանում՝ 5 տոկոսի չափով։ 

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր խոսքում նշեց, որ աշխատել են ծրագրում շատ ֆիլտրեր չներառել. «Այս ծրագիրը փորձում է լուծել տարբեր ընտանիքներում երեխա չունենալու հիմնական պատճառներից մեկը՝ բնակարանային խնդիրը։ Սա ունիվերսալ ծրագիր է, ու մենք այն դիտարկում ենք մեկ նպատակային ծրագիր երեխա ունեցող ընտանիքների համար»։ 

Ծրագրի համար այս տարի նախատեսվել է ավելի քան 526 միլիոն դրամ։