15 մայիս, 2020 13:48

ՊՆ-ն վերադարձի կոչ է անում արտերկրում բնակվող՝ զորակոչի ենթակա ՀՀ քաղաքացիներին

Պաշտպանության նախարարությունը շարունակում է ապահովել արտերկրում բնակվող՝ զորակոչի ենթակա Հայաստանի քաղաքացիների իրազեկման գործընթացը․ այդ մասին հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից՝ ի պատասխան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այն մտահոգության, թե պատասխանատու գերատեսչությունները պետք է իրականացնեն արտերկրում զորակոչիկ հանդիսացող քաղաքացիների իրազեկման աշխատանքներ։

Արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների պաշտոնական կայքերում և սոցիալական էջերում, օրինակ՝ ՌԴ, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան, ԵՄ երկրներ, ԱՄՆ, Կանադա, ԱՄԷ և այլն, տեղադրվել է հետևյալ բովանդակությամբ հայտարարություն․

«ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա այն քաղաքացիները, ովքեր համավարակի պատճառով կիրառված սահմանափակումների և օդային հաղորդակցության բացակայության պատճառով չեն կարողացել ժամանակին վերադառնալ հայրենիք՝ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու նպատակով, անհրաժեշտ է, որպեսզի այդ քաղաքացիներն իրենց տվյալներն ուղարկեն [email protected] էլ-փոստի հասցեին՝ հետագա իրավական գործընթացները կանոնակարգելու և ըստ հնարավորության՝ նրանց տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն կազմակերպելու համար: 

ՀՀ դեսպանությանն ուղղված նամակում անհրաժեշտ է նշել քաղաքացու անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի սերիան և համարը, ծննդյան ամսաթիվը, հաշվառման վայրի զինկոմիսարիատի անվանումը կամ ՀՀ-ում հաշվառման հասցեն, տվյալ երկրում գտնվելու վայրն ու բջջային հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, Viber, WhatsApp։

Առաջին իսկ հնարավորության դեպքում դեսպանությունը կապ կհաստատի գրանցված քաղաքացիների հետ և կտեղեկացնի Հայաստան վերադառնալու հնարավոր տարբերակների մասին։

Հիշեցնում ենք, որ անձնագրի ժամկետը լրացած լինելու դեպքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու նպատակով հայրենիք վերադարձող քաղաքացիներին ՀՀ վերադարձի վկայականը տրամադրվում է անվճար»։

Նշվում է, որ այս պահին հաշվառվել են զորակոչի ենթակա տասնյակ քաղաքացիներ, որոնց տվյալներն ուղարկվել են ՀՀ զինվորական կոմիսարիատ ճշգրտումներ կատարելու նպատակով։ 

ՊՆ-ն հորդորում է արտերկրում բնակվող զորակոչի ենթակա քաղաքացիներին կապ հաստատել արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների հետ ՀՀ վերադարձը կազմակերպելու և օրենքով սահմանված պարտականությունները կատարելու նպատակով։