15 մայիս, 2020 17:53

ՍԴ-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առանց հանրաքվեի. Ռուբեն Ռուբինյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյան հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել «այլընտրանքային ճանապարհով՝ առավել արագ և առանց հանրաքվեի»:

Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ կորոնավիրուսի համաճարակն արագ չի վերանալու, իսկ ՍԴ ճգնաժամի լուծմանն ուղղված հանրաքվեն չի կարող կայանալ, քանի դեռ համաճարակը չի վերացել։ Ուստի կառավարությունը փնտրում է խնդրի լուծման այլընտրանքային եղանակներ:

«Չենք կարող այսքան երկար սպասել և առաջ շարժվել բարեփոխումների և արդարության հաստատման մեր օրակարգով՝ առանց ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման։ Հետևաբար, ուզում եմ տեղեկացնել, որ, հաշվի առնելով, որ համաճարակը կարող է տևել բավականին երկար, մենք ուղիներ ենք փնտրում ՍԴ ճգնաժամը այլ ճանապարհով և ավելի արագ լուծելու ուղղությամբ», - նկատում է նա։

«Հենց այս համատեքստում օրերս արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հարցեր է ուղղել Վենետիկի հանձնաժողովին։ Այս հարցերը վերաբերում են 2015 թվականի Սահմանադրությամբ նախատեսված, սակայն փաստացի չիրականացված Սահմանադրական դատարանի ձևավորման մոդելը արագ կյանքի կոչելուն, Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման շրջանակների սահմանմանը, ինչպես նաև նախապես նշանակված և համավարակի պատճառով չանցկացված հանրաքվեն անհրաժեշտության դեպքում չեղարկելու՝ Ազգային ժողովի լիազորությանը։

Այսպիսով, թեև ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման հնարավոր այլընտրանքային ուղին իր ծավալով կարող է նույնական չլինել նախնական ուղու հետ, բայց այն, միևնույն է, հանգուցալուծվելու է, և չի բացառվում, որ ավելի արագ և առանց հանրաքվեի», - հայտարարել է նա։

ՀՀ-ում ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական հանրաքվեն չեղարկվել է կորոնավիրուսի համավարակի պայմաններում երկրում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրության պատճառով։