16 մայիս, 2020 18:56

Մինչև մյուս մայիս մենք չենք կարող հանրաքվե անել, բայց նաև չենք կարող սպասել․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի իշխանությունները Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամն առանց հանրաքեի լուծման տարբերակներ են փնտրում: Այդ նպատակով դիմել են նաև Վենետիկի հանձնաժողով: Այս մասին մայիսի 16-ին Երևանում տեղի ունեցած հեռավար ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առնվազն մի տարի կորոնավիրուսը ներկա է լինելու մեր կյանքում, ինչը նշանակում է, որ այդքան ժամանակ մենք սահմանադրական հանրաքվե չենք կարողանալու իրականացնել,- ասաց վարչապետն ու հավելեց:- Քաղաքական որևէ շահ չի կարող բարձր դասվել հանրային առողջությունից: Այսինքն՝ կորոնավիրուսի պայմաններում հանրաքվե անելն անհնար է: Բայց մյուս կողմից մենք չենք կարող սպասել Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակի լուծմանը մինչև կորոնավիրուսի համաճարակն ավարտվի»:

                               

Այդ պարագայում, ըստ վարչապետի, նույն հարցը կարող են լուծել սահմանադրական համընդգրկուն փոփոխություններով, որոնց նախապատրաստման համար հանձնաժողով են ձևավորել, և նախնական հաշվարկներով 2021-ի հունիսին մայր օրենքի փոփոխությունների նախագիծը կարող է դրվել հանրաքվեի:

«Մի տեսակ անիմաստ է դառնում այդ գործընթացը, քանի որ մենք մտածում էինք այս տարի այս հանրաքվեն անենք, իսկ մյուսը կնանենք խորհրդարանական ընտրությունների հետ՝ 2023 թվականին: Համաճարակի բերած փոփոխություններով այդ ժամանակացույցը չի ստացվում ապահովել»,- ասաց վարչապետը:

Հետևաբար այժմ, վարչապետի խոսքով, կառավարությունը դիմել է Վենետիկի հանձնաժողով՝ քննարկելու առնվազն Սահմանդրական դատարանի հարցը որևէ բանաձևով մասնակի կամ ամբողջական խորհրդարանում լուծելու հարցը: «Ինձ համար ակնհայտ է, որ մինչև մյուս տարվա մայիս մենք չենք կարող հանրաքվե անել, բայց նաև չենք կարող սպասել», - կրկնեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա կարծիքով՝ ոչ մի բան չի խանգարում, որ միջազգային գործընկերների հետ նոր իրավիճակի բերումով կարգաբերեն իրենց աշխատանքն և ստանան հնարավորինս արդյունավետ, իսկ հնարավորության դեպքում կոնսենսուսային լուծումներ:

….

Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամն առանց ու ավելի արագ լուծելու մասին մայիսի 15-ին առաջին անգամ ազդարարեց կառավարող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը: Մինչ այդ՝ մայիսի 13-ին, հայտնի դարձավ, որ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ հարցեր է ուղղել Վենետիկի հանձնաժողովին:

ՀՀ-ում ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական հանրաքվեն չեղարկվել է կորոնավիրուսի համավարակի պայմաններում երկրում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրության պատճառով։