18 մայիս, 2020 22:18

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման առաջին արդյունքները դրական են

Նուբար Աֆեյանի հիմնադրած Մոդեռնա ընկերության՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների առաջին փուլն անցել է հաջողությամբ, գրում է Financial Times-ը։

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ամերիկյան առաջին փորձարկումը ցույց է տվել դրական արդյունք այն բանից հետո, երբ Մոդեռնան հայտնեց իր պատվաստանյութի ներուժի մասին։ Այն փորձարկման մասնակիցների մոտ ձևավորում է իմունային համակարգ, ինչպիսին ունեն հիվանդությունից ապաքինվածները։

Բոստոնում գտնվող բիոտեխնիկական այս ընկերությունը երկուշաբթի առավոտյան հայտարարեց վաղ փուլային փորձարկման միջանկյալ արդյունքների մասին՝ ցույց տալով, որ mRNA-1273 անվամբ պատվաստանյութի թեկնածուն անվտանգ է և լավ է ընդունվել մասնակիցների օրգանիզմի կողմից` միայն աննշան կողմնակի բարդություններով:

Այս տեղեկությունից հետո Մոդեռնայի բաժնետոմսերի գնանշումն աճել է մոտ 25 տոկոսով: Մոդեռնան ամերիկյան առաջին ընկերությունն էր, որն անցավ պատվաստանյութը մարդկանց շրջանում փորձարկելու փուլը։ 

Մոդեռնայի messengerRNA մոտեցումը թույլ է տալիս արդյունավետ ծրագրավորել պատվաստանյութ, բայց այս մեթոդն օգտագործող պատվաստանյութը դեռ հաստատված չէ կարգավորող մարմնի կողմից:

Առաջին փուլին մասնակցել է ընդամենը 45 հոգի, իսկ հակամարմինների վերաբերյալ տվյալները հասանելի էին միայն նրանցից ութի համար:

Ուսումնասիրության մասնակիցները՝ 18-ից 55 տարեկան, ստացել են պատվաստանյութի երկու դեղաչափ: Երկրորդ դեղաչափը ստանալուց երկու շաբաթ անց ամենացածր դեղաչափը ստացող մասնակիցների մոտ ի հայտ են եկել նույն մակարդակի հակամարմիններ, ինչպիսին նկատվում է կորոնավիրուսով հիվանդացած և ապաքինված հիվանդների մոտ: Բարձրացված դեղաչափ ստացած խմբի մոտ հակամարմինների մակարդակն ավելի բարձր է եղել։

Մոդեռնայի գլխավոր գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելի խոսքով՝ ավելի լավ տվյալներ հնարավոր չէր ակնկալել։ Ըստ նրա՝ Մոդեռնան հուլիսին կարող է սկսել փորձարկումների լայնածավալ երրորդ փուլը, քանի որ երկրորդ փուլը շուտով կսկսվի։ Երրորդ փուլի արդյունքները կարող են հայտնի լինել մինչև տարվա վերջ։ 

Ի տարբերություն պատվաստանյութերի մեծամասնության, որոնք օրգանիզմի իմունային համակարգին ցույց են տալիս վիրուսի թուլացած տարբերակը, messengerRNA-ն վիրուսի սպիտակուցը վերածում է մարդու բջիջների և ցույց է տալիս այն B բջիջներին, որոնք էլ արտազատում են հակամարմինները: Հակամարմինները ժամանակի ընթացքում նվազում են, ուստի որքան շատ հակամարմիններ ստեղծվեն հենց սկզբում, այնքան հավանական է, որ դրանք երկար կշարունակեն մնալ արդյունավետ:

Մոդեռնայի գլխավոր բժիշկ-մասնագետ Թալ Զաքսի խոսքով՝ արդյունքները ցույց են տվել, որ նույնիսկ ավելի ցածր չափաբաժինները առաջացնում են «բնական վարակի հետևանքով առաջացող համարժեք իմունային պատասխան»:

Արդյունքները, ինչպես նաև մկների վրա ուսումնասիրության տվյալները, Մոդեռնային թույլ են տվել հաջորդ փորձարկումները կենտրոնացնել պաստվաստանյութի չափաբաժնի ցածր քանակների վրա: Փորձարկման վաղ փուլում կողմնակի ազդեցությունները նման են բազմաթիվ պատվաստանյութերի կողմնակի ազդեցություններին․ որոշ մասնակիցների մոտ նկատվել է կարմրություն ներարկման տեղում և սարսուռի զգացողություն։ «Այս տվյալները հիմնավորում են մեր համոզմունքը, որ mRNA-1273-ը կորոնավիրուսի հիվանդությունը կանխելու ներուժ ունի»,- ասել է Զաքսը:

Տե՛ս նաև՝ Նուբար Աֆեյանի պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ․ պատմում է փորձարկման կամավորը

Մենք գրիպը դիտարկում ենք որպես կյանքի մաս, իսկ COVID-19-ը՝ ահաբեկչական գործողության նման մի բան․ Նուբար Աֆեյան

Զառա Պողոսյան