19 մայիս, 2020 11:27

«ժողովուրդը և նրա մշակույթն են մեղավոր երկրի բոլոր չարիքների համար»

Պատրիկ Նժդեհի Ազատյան

Կա այսպիսի մի սովորություն կամ մոլուցք շատերի մոտ, որ երկրի բոլոր խնդիրները վերագրվում են մեր ժողովրդի մշակույթին, սովորություններին և անկարգապահությանը: Չնայած հասարակական գիտությունները վաղուց են մերժել իրավիճակների ստեղծման խնդրում մշակութային, ազգային և ցեղային հատկանիշների՝ որպես հիմնական գործոն դերակատարությունը, շատերը դեռ համառորեն կառչում են այս հնադարյան և ալարկոտ վերլուծության եղանակին, որն ուղղակի կամ անուղղակի կերպով վերագրում է ամեն հասարակական, տնտեսական և քաղաքական չարիք մեր ժողովրդի բնավորությանը և բարեկրթության մակարդակին: Այս ոչ մասնագիտական, կեղծ խստապահանջ մոտեցումը տարբեր դրդապատճառներ և լուրջ հետևանքներ ունի ոչ միայն մեր հասարակության համար, այլ նաև պետականության զարգացման խնդրում: Իսկ որո՞նք են այս մոլուցքի հավանական դրդապատճառները: 

Ժողովրդի մասին բամբասանքի գայթակղությունը երևի նախևառաջ բխում է մարդկային զուտ այն բնազդից, որ մարդն ուրիշներին քննադատելով՝ ինքն իրեն լավ է զգում, նրան թվում է՝ ինքն ավելի բարեկիրթ է, քան իր քննադատած «ամբոխը»: Նա աննուղակիորեն կամ ենթագիտակցաբար հավակնում է ունենալ ավելի բարձր բարոյական և մտավորական արժեքներ: Նման քննադատություններ ընդհանրապես լինում են «ուրիշների» բացակայությամբ, որը նշանակում է, որ այդ «ուրիշները» ինքնապաշտպանության առիթ չեն ունենում: Երբ բացակա է պաշտպանվող կողմը, ամեն ինչի համար կարելի է մեղադրել «ուրիշներին»: Բանական է, որ անհնար կլինի ազգովի ինքնապաշտպանվել քննադատություններից: Նման դեպքերում ո՛չ փաստարկների կարիք կա, ո՛չ երկխոսության արվեստի պահանջ է դրվում և ո՛չ էլ որևէ պատասխանատվություն կրելու խնդիր: Մարդը միայն պետք է կարողանա պիտակավորել ժողովրդին՝ որպես միաշերտ ամբոխ, մեղադրել նրան երկրի բոլոր չարիքների համար, և ինքն իր մտքում դառնում է միակ բարեկիրթ քաղաքացին, այն եզակի անձնավորությունը, որ հրաշքով ծաղկել է բարեկրթությունից զուրկ մի չոր անապատում:

Իսկ միայն ժողովրդին քննադատելով՝ մարդիկ երբեմն խուսափում են քննադատել իշխանություններին, ընտրում են ավելի հեշտ ճանապարհ՝ առանց նեղացնելու այն բարեկամին, որը երևի ԱԺ պատգամավորի հետ հեռավոր ընտանեկան կապեր ունի, կամ այն ընկերոջը, որը ինքն իրեն հեղափոխական է համարում, որովհետև շատ է քայլել երկու տարի առաջ։ Այդ կերպ նրանք փորձում են խուսափել պիտակավորումներից այսօրվա քաղաքականորեն բևեռացած մթնոլորտում, և կամ փախուստ են տալիս «հակահեղափոխականի» կամ «հեղափոխականի» նեղ կարծրատիպերի մեջ տեղավորվելուց: Իշխանություններին քննադատելը ավելի շատ ուսումնասիրություն և համարձակություն է պահանջում, քան ժողովրդին թիրախավորելը և թերագնահատելը: 

Չնայած լավատեղյակ և ուսումնասիրված քննադատությունները և վերլուծությունները միշտ էլ դրական ազդեցություն կարող են ունենալ երկրի զարգացման համար, անկախ նրանից, թե դրանք աշխարհագրական որ տարածքից են հնչում, հազվադեպ ենք հանդիպում նման ողջամիտ քննադատությունների արտերկրից: Այս երևույթը վերջինի մի այլ տարբերակն է, որովհետև ի վերջո սփյուռքը հայ ժողովրդի մի մասնիկն է: Իհարկե, բոլորն էլ ունեն խոսքի ազատության և սեփական կարծիքի արտահայտման իրավունք՝ անկախ նրանց բնակության վայրից, բայց ապրելով արտերկրում, բնական է, որ շատերի համար դժվար է ըմբռնել Հայաստանի ամենօրյա իրադաձությունները, տեսնել տարբերությունը պետական օրենսդրության առկայության և արդար գործադրության եղանակի միջև, հասկանալ ժողովրդի տրամադրությունը և ծանոթ լինել հայ հասարակության բազմազանությանը և բազմաշերտությանը: Ավելին, հայ ծնվելը կամ հայերեն խոսելը ինքնաբերաբար հայ մարդուն Հայաստանի իրավիճակի մասին գիտելիքներ չի պարգևում. մի իրականություն, որը շատերի համար կարող է խորթ հնչել: Հայաստանը, ինչպես և ցանկացած այլ երկիր ուսումնասիրելն ու նրա խնդիրներին խորապես ծանոթանալը լուրջ աշխատանք և ժամանակ է պահանջում, որը արտերկրում առավել դժվար է շարքային հայի համար:

Հայաստանը, ինչպես և ցանկացած այլ երկիր ուսումնասիրելն ու նրա խնդիրներին խորապես ծանոթանալը լուրջ աշխատանք և ժամանակ է պահանջում, որը արտերկրում առավել դժվար է շարքային հայի համար

Ցավոք, ժողովրդի հասցեին արտերկրից եկած քննադատություններից շատերը շաղկապված են նաև Հայաստանի և ընդհանրապես «երրորդ աշխարհի» երկրների մասին այդ երկրում առկա կարծրատիպերի հետ: Այսպիսով, նրանք, ովքեր արտերկրում հետաքրքրվում են Հայաստանի իրադարձություններով, միշտ չէ, որ լավատեղյակ են դրանց, իսկ նրանց քննադատությունները մնում են ալարկոտ ընդհանրացումների և կարծրատիպերի վրա հիմնված կարծիքների սահմաններում: Իսկ ամենից հեշտ ընդանրացումն այն է, որ ի վերջո ժողովուրդը և նրա «մշակույթն» են մեղավոր երկրի բոլոր չարիքների համար: 

Իսկ երբեմն էլ ժողովրդին քննադատողը ազնվորեն շփոթում է խնդրի պատճառը արդյունքի հետ: «Ինչո՞ւ են Հայաստանում վարորդները մեքենա վատ վարում»: «Ինչու՞ են Հայաստանում մարդիկ փակ տարածքներում ծխում»: «Ինչու՞ են մարդիկ իրենց աղբը թափում բնության մեջ» և այլն: Այս քննադատություններն իհարկե արդարացի են, բայց այս արարքների հիմնական պատճառն այն է, որ մեր պետական համակարգը տասնամյակներ շարունակ ներդրումներ չի կատարել կրթական, առողջապահական և օրենսդրական ոլորտներում այս խնդիրները լուծելու համար: Այն երկրներում, ուր այս հակա-հասարակական սովորությունները վերացվել են, պետությունը հանձն է առել կրթողի և առաջնորդի դերը՝ տեղեկացնելով հասարակությանը քաղաքացիության պատասխանատվությունների մասին՝ այդ ուղղությամբ օրենքներ մշակելով և կանոնավոր կերպով դրանք կիրարկելով։

Հայաստանում վարորդերը վատ են վարում, որովհետև երևի շատերը (չասեմ բոլորը) կաշառքով են ստացել իրենց վարորդական վկայականը հեղափոխությունից առաջ (և դեռ շարունակում են մեքենա վարել նույն վկայականով՝ հեղափոխությունից հետո): Իսկ ժամանակին առանց կաշառքի դժվար էր վարորդական վկայական ստանալ: Մարդիկ ծխում են փակ տարածքներում, որովհետև պատանի տարիքից կախվածություն է առաջացել նրանց մոտ՝ շնորհիվ ծխախոտային ընկերությունների անսանձ գովազդների, ուր բացակա է եղել այս կախվածության դեմ պայքարող ազդեցիկ առողջապահական արշավը, և վերջապես, որովհետև հանրային տարածքներում ծխելն արգելող օրենքներ դեռ չկան։ Իմիջիայլոց, կան տնտեսապես ավելի զարգացած երկրներ, ուր վարորդները Հայաստանի վարորդներից ավելի վատ են մեքենա վարում: Դա ի՞նչ է փաստում այդ երկրների ժողովուրդների ազգային նկարագրի մասին: Իհարկե՝ ոչինչ:

Չկա երկիր, որտեղ ամբողջ ժողովուրդը մի օր հավաքվում և որոշում է ավելի կարգապահ լինել։ Դա լինում է պետական համակարգի առաջնորդությամբ, ծրագրմամբ և հասարակական կազմակերպություների կրթական և դաստիարակչական արշավներով, ինչպես նաև համապատասխան օրենսդրությամբ և օրենքների արդար կիրառմամբ

20-30 տարի առաջ ԱՄՆ-ում կար փակ տարածքներում ծխելու խնդիրը և նույն երկխոսությունը, բայց պետությունը և հասարակական կազմակերպությունները բազմակողմանի արշավներով (և ոչ միայն օրենսդրությամբ) կարգավորեցին այդ խնդիրն ի շահ ժողովրդի առողջության: Չկա երկիր, որտեղ ամբողջ ժողովուրդը մի օր հավաքվում  և որոշում է ավելի կարգապահ լինել։ Դա լինում է պետական համակարգի առաջնորդությամբ, ծրագրմամբ և հասարակական կազմակերպություների կրթական և դաստիարակչական արշավներով, ինչպես նաև համապատասխան օրենսդրությամբ և օրենքների արդար կիրառմամբ:

Իշխանություններն իրենց հերթին, երբեմն աննուղակիորեն, քննադատում են ժողովրդին՝ իրենց մեղքերը քավելու համար: Ժամանակին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հարց էին տվել, թե ինչու՞ է Հայաստանից արտագաղթը այսքան թափ ստացել: Սարգսյանը, փոխանակ խոսելու պետական բացթողումների մասին, և թե ինչպես են ինքը և իր գործընկերները փորձում դրանք շտկել, կենտրոնացավ սփյուռքի ձգողականության ուժի վրա: Այսպիսով, արտագաղթի խնդրում «Սփյուռքը» դաձավ քավության նոխազ: Վերջերս պետական այրերն անընդհատ խոսում են թագաժանտախտի դեմ պայքարում քաղաքացիների պարտականությունների մասին, բայց հազվադեպ են անդրադառնում պետական համակարգի կատարած բացթողումներին և նրան, թե ինչպես պետք է պետական նախաձեռնությամբ և առաջնորդությամբ հաղթահարել այդ թերացումները։

Վերջին մի քանի ամսվա ընթացքում ավելի շատ է խոսվել տեղաշարժի թերթիկները լրացման և դեմքին ձեռք չտալու մասին, քան այն կարևոր մանրամասների և պետական նախաձեռնությունների, որոնք կարող էին կանխել համաճարակի տարածումը կենսական կարևորություն ունեցող աշխատավայրերում, ինչպես նաև աշխատավայրից տան անդամներին վարակի փոխանցումը կանխելու, օդանավակայանից նորեկներին կարանտինի և մեկուսացման ենթարկելու արդյունավետ ընթացքի մասին, և այլն:

Հայաստանում աննախադեպ թափով աճում է թագաժանտախտի վարակակիրների թիվը: Եթե Հայաստանի վարակակիրների բացարձակ թիվը համեմատենք այլ «փոքր երկրների» հետ (15 000 000-ից պակաս բնակչությամբ - Աղյուսակ Ա), կարելի է եզրակացնել, որ համաճարակի դեմ պայքարում մեր երկրի ռազմավարության արդյունքները և արդյունավետությունը այնքան էլ փայլուն չեն: Աշխարհի տարբեր մայրցամաքներում կա  առնվազն 22 «փոքր երկիր», որոնց համաճարակի վարակակիրների բացարձակ թիվը ավելի քիչ է Հայաստանից: 

Իսկ երբ դիտարկում ենք երկրների բնակչության հիման վրա եղած թվային իրավիճակը, մեր երկրի պատկերը, մեղմ ասած, ավելի խոցելի է դառնում (Աղյուսակ Բ):

Հայաստանում թագաժանտախտից վարակված բուժաշխատողների տոկոսը կազմում է 13,4%, որը առողջապահության նախարարությունը համարում է «անխուսափելի»: Հաստատված տոկոսային թիվը, Իսպանիայի հետ միասին, աշխարհում ամենաբարձրն է, որը հուշում է, որ դա չպետք է այդքան էլ անխուսափելի համարել: Այս երկու հանգմանքները նաև խոսում են այն իրականության մասին, որ համաճարակի դեմ պայքարի ընթացքում երկրում առկա են եղել և այժմ էլ կան ռազմավարական և համակարգային լուրջ թերացումներ ու բացթողումներ, և վարակակիրների բարձր թվի առկայության հիմնական պատճառները պետք չէ փնտրել ժողովրդի «մշակույթի» կամ նկարագրի մեջ: 

Ի՞նչ է պատահում, երբ վերագրում ենք մեր երկրի խնդիրները ժողովրդի ընդհանուր նկարագրին կամ, այսպես կոչված, մշակույթին: Այս մոտեցումը մեզ տանում է մի ուղով, որտեղ պահված չէ հարցերի հիմնական և արմատական լուծումը։ Խնդիրների լուծման ճանապարհին, երբ մենք կենտրոնանում ենք ժողովրդի մշակույթի կամ սովորությունների գործոնի վրա, հեռանում ենք ողջամիտ, արմատական և համակարգային լուծումներ գտնելու մեր աշխատանքից, միաժամանակ նաև, միգուցե անգիտակցաբար, թերանում ենք մեր ղեկավարներին և ընտրյալներին պատասխանատվության կանչելու մեր պարտականության գործում, որն իր հերթին բարդացնում և դանդաղեցնում է երկրի զարգացման ընթացքը:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: