19 մայիս, 2020 16:41

Լավրովն ու Մամեդյարովը հերթական հեռախոսազրույցում քննարկել են ղարաբաղյան հարցը

Մայիսի 19-ին տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել է Դաղստանում մնացած և վերադարձի սպասող՝ Ադրբեջանի քաղաքացիների հարցը։ 

Ըստ հաղորդագրության՝ քննարկվել են ձեռնարկվելիք այն քայլերը, որոնք անհրաժեշտ է կատարել այն հանձնարարականների համաձայն, որոնք հետևել են երկու երկրների նախագահների հեռախոսազրույցին։

Ի թիվս այլ հարցերի՝ Լավրովն ու Մամեդյարովը անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ 

Ադրբեջանի ԱԳ նախարարը իր պաշտոնակցին տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ վերջին տեսակոնֆերանսի մասին։

Նախարարները, ըստ հաղորդագրության, հաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ ամրապնդելու ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերությունը։

***

Մայիսի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ քննարկվել է բարդ իրավիճակը, որը ստեղծվել է Դաղստանի սահմանամերձ շրջաններում, որտեղ կուտակվել են Ադրբեջանի բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ձգտում են վերադառնալ տուն։ 

Լավրով-Մամեդյարով վերջին հեռախոսազրույցը երրորդն է երկու ամսում․ ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարները, ի թիվս այլ հարցերի, ղարաբաղյան հակամարտությունը քննարկել են ապրիլի 13-ին, մայիսի 8-ին, մայիսի 19-ին տեղի ունեցած հեռախոսազրույցներում։

#ՍիվիլՆեթ #Լուրեր