19 մայիս, 2020 15:26

Վրաստանում ներքաղաքական կրքեր են հասունանում

Չնայած նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումներին՝ հարևան Վրաստանում ներքաղաքական գործընթացները շարունակվում են։ Քաղաքական հիմնական ուժերն ակտիվորեն պատրաստվում են 2020 թ. հոկտեմբերի վերջին նախատեսված խորհրդարանական ընտրություններին, որոնք վճռորոշ նշանակություն են ունենալու առաջիկա չորս տարիներին Վրաստանի ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղենիշերի ձևավորման գործում։ Ինչպես  և 2016 թ., հիմնական պայքարն ընթանում է 2012 թ. հոկտեմբերին իշխանության եկած «Վրացական երազանք» և 2004-2012 թթ. իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության և նրանից անջատված տարբեր ուժերի միջև։ 

Վերջին գրեթե մեկ տարվա ընթացքում ներքաղաքական պայքարը կենտրոնացել է ընտրակարգի փոփոխության հարցի շուրջ։ Հիշեցնենք, որ 2019 թ. հունիսին Թբիլիսիում տեղի ունեցած բազմահազարանոց ցույցերից հետո «Վրացական երազանքի» ղեկավար Բիձինա Իվանիշվիլին խոստացավ սահմանադրական փոփոխություններ կատարել, 2020 թ. խորհրդարանական ընտրություններն անցկացնել հարյուր տոկոս համամասնական ընտրակարգով և վերացնել անցումային շեմը։ 2019 թ. նոյեմբերին «Վրացական երազանքի» մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների պատճառով խորհրդարանը չկարողացավ ընդունել սահմանադրական փոփոխությունների նախագիծը։ Ընդդիմությունը վերսկսեց բողոքի գործողությունները՝ Իվանիշվիլիին մեղադրելով սեփական խոստումները միտումնավոր չկատարելու մեջ։ 

2019 թ. վերջից Վրաստանի ներքաղաքական գործընթացներին ակտիվորեն մասնակցում է ԱՄՆ-ը թե՛ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների և թե՛ Վրաստանում ամերիկյան դեսպանատան միջոցով։ Կոնգրեսում Վրաստանի հարցերով զբաղվող խմբի համանախագահներ Ադամ Կինցինգերը և Ջերալդ Կոնոլին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային 2019 թ. դեկտեմբերի 13-ին ուղղված նամակում մտահոգություն էին հայտնել խորհրդարանում ընտրական բարեփոխումների ձախողման կապակցությամբ։ 

Միևնույն ժամանակ, Վրաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարի և ԱՄՆ-ի դեսպանատան ակտիվ ջանքերով 2020 թ. նոյեմբերի 30-ին իշխանությունն ու ընդդիմության տարբեր ներկայացուցիչներ երկխոսություն սկսեցին՝ ստեղծված ճգնաժամից դուրս գալու ելքեր փնտրելու նպատակով։ Այս գործընթացն էականորեն ակտիվացավ 2020 թ. հունվարի վերջին, երբ Թբիլիսի ժամանեց ԱՄՆ-ի նորանաշնակ դեսպան Քելի Դեգնանը։ Վերջինս Վրաստանի ղեկավարությանը հստակ ներկայացրեց ԱՄՆ-ի ուղերձը` Իշխանությունները պետք է համաձայնություն ձեռք բերեն ընդդիմության հետ ընտրակարգի բարեփոխումների շուրջ և դրանով հաստատեն 2020 թ. աշնանը ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու հանձնառությունը։ Հակառակ պարագայում ամերիկյան կողմը ակնարկում էր Վրաստանի իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ անհատական պատժամիջոցների կիրառման հնարավորության մասին, այդ թվում՝ ԱՄՆ-ում վերջիններիս գույքի և բիզնեսի նկատմամբ։

Ամերիկյան կողմի ակտիվ միջամտությունը նպաստեց 2020 թ. մարտի 8-ին իշխանության և ընդդիմության միջև համաձայնության ստորագրմանը։ Այն նախատեսում է փոխզիջումային տարբերակի իրականացում։ Անցում չի կատարվում 100 տոկոս համամասնական ընտրակարգի, այլ 150 պատգամավորներից 120-ը ընտրվելու են համամասնական, իսկ 30-ը՝ մեծամասնական ընտրակարգով (գործող կարգով մեծամասնական ընտրակարգով ընտրվում է 73 պատգամավոր)։ Համաձայնագիրը արձանագրում է մեկ տոկոս անցումային շեմ, իսկ 40 տոկոսից պակաս ձայն ստացած ուժը զրկվում է միայնակ կառավարություն կազմելու հնարավորությունից։

Մարտի 8-ի համաձայնագիրը որոշակիորեն լիցքաթափեց ներքաղաքական իրավիճակը Վրաստանում։ Միևնույն ժամանակ կորոնավիրուսային համավարակի արագ տարածումը հանգեցրեց մարտի 21-ին արտակարգ իրավիճակի հայտարարմանը, և հասարակության ուշադրությունը սևեռվեց համավարակի դեմ պայքարի ու սպասվող տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղիների վրա։ 

Սակայն վերջին երկու շաբաթների ընթացքում ներքաղաքական կյանքը սկսել է ակտիվության նշաններ ցույց տալ։ Վրացական ընդդիմության ներկայացուցիչները իշխանություններից պահանջեցին կատարել «Մարտի 8-ի համաձայնագրի» բոլոր կետերը և ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Ընդդիմությունը քաղբանտարկյալներ էր համարում «Եվրոպական Վրաստան» կուսակցության ղեկավարներից Գիգի Ուգուլավային, որը 2020 թ. փետրվարի 10-ին դատապարտվել էր ավելի երեք տարվա ազատազրկման, նախագահ Սաակաշվիլիի օրոք Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած, ներկայում «Հաղթական Վրաստան» կուսակցության առաջնորդ Իրաքլի Օքրուաշվիլիին, որը 2020 թ. ապրիլի 13-ին դատապարտվել էր հինգ տարվա ազատազրկման, և ընդդիմադիր «Մտավարի արխի» հեռուստաալիքի բաժնետեր Գիորգի Ռուրուային, որը գտնվում է նախնական կալանքի տակ։ «Վրացական երազանքի» բարձրաստիճան ներկայացուցիչները, այդ թվում խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն հայտարարեցին, որ Վրաստանում քաղբանտարկյալներ չկան, իսկ մարտի 8-ին ստորագրված համաձայնագիրը որևէ հղում չի կատարում նշված երեք անձանց ճակատագրին։ Սակայն արդեն մայիսի 11-ին հրապարակվեց Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի և Եվրամիության պատվիրակության ղեկավարի համատեղ հայտարարությունը, որն անուղղակիորեն հաստատում էր ընդդիմության պնդումները։ Դրանից ընդամենը չորս օր անց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում շնորհեց Ուգուլավային և Օքրուաշվիլիին, ինչը շատ փորձագետներ գնահատեցին որպես ԱՄՆ-ի և Եվրամիության ճնշման տակ իրականացված քայլ։

«Մարտի 8-ի համաձայնագրի» կատարման ձախողումն ամենայն հավանականությամբ Վրաստանում ներքաղաքական լարվածության կտրուկ աճի պատճառ կդառնա, ինչը չի բխում «Վրացական երազանքի» շահերից

Սակայն ներքաղաքական լարվածությունը Վրաստանում շարունակվում է։ Մայիսի 27-ին խորհրդարանը նախատեսում է քննարկել Սահմանադրության մեջ փոփոխությունների հարցը՝ որպեսզի ապահովի «Մարտի 8-ի համաձայնագրի» կետերի կատարումը։ Սակայն «Վրացական երազանքը» չունի բավարար թվով ձայներ և առանց «Եվրոպական Վրաստանի» և «Միացյալ ազգային շարժման» պատգամավորների աջակցության ի վիճակի չէ Սահմանադրությունում անհրաժեշտ փոփոխություններ կատարել։ Ընդդիմության ներկայացուցիչները մայիսի 18-ին կայացած քննարկումից հետո հայտարարել են, որ կողմ կքվեարկեն սահմանադրական փոփոխություններին բացառապես Գիորգի Ռուրուայի ազատ արձակումից հետո, մինչդեռ նույն օրը կայացած նիստում դատարանը մերժել է Ռուրուայի խափանման միջոցը փոխելու փաստաբանների դիմումը։ «Մարտի 8-ի համաձայնագրի» կատարման ձախողումն ամենայն հավանականությամբ Վրաստանում ներքաղաքական լարվածության կտրուկ աճի պատճառ կդառնա, ինչը չի բխում «Վրացական երազանքի» շահերից։

Ամփոփելով կարող ենք ֆիքսել, որ հոկտեմբերին կայանալիք ընտրություններին ընդառաջ Վրաստանում բավականաչափ ինտենսիվ ներքաղաքական զարգացումներ են տեղի ունենում։ Միևնույն ժամանակ, չնայած համավարակին, նոյեմբերին ԱՄՆ-ում սպասվող նախագահական ընտրություններին և ԱՄՆ – Չինաստան խորացող հակամարտությանը, Վաշինգտոնը շարունակում է ակտիվորեն մասնակցել Վրաստանի ներքաղաքական կյանքին։ Սա հիմք է տալիս գնահատելու, որ Հարավային Կովկասն անուշադրության մատնելու՝ ամերիկացիներին ուղղված մեղադրանքները չափազանցված են։   

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: