20 մայիս, 2020 17:39

Կորոնավիրուսի 7 դեպք՝ «Տավուշ տեքստիլ»-ի արտադրամասերից մեկում

Կորոնավիրուսով վարակվածության 7 դեպք է գրանցվել շինարարական ձեռնոց և բժշկական դիմակ արտադրող «Տավուշ տեքստիլ»-ի արտադրամասերից մեկում․ լուրը ՍիվիլՆեթին հաստատեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Ըստ նրա՝ վարակի օջախին հարակից երկու արտադրամասերը փակվել են, 150 աշխատակից և նրանց ընտանիքի անդամները մեկուսացվել են։ 

Մարզպետի խոսքով՝ բոլոր վարակակիրները և մեկուսացվածները իրենց լավ են զգում, և ինքը հույս ունի, որ նրանք շուտով կապաքինվեն: 

«Հուսով եմ, որ մենք կարողացել ենք օղակը սեղմել, և հսկողության տակ է ամեն ինչ․ այս պահի դրությամբ դեռևս անհանգստանալու ոչինչ չկա, կտեսնենք նաև թեստավորման արդյունքները մյուս աշխատակիցների, ըստ այդմ գուցե լրացուցիչ ավելի խիստ կանոնների գնանք», - ասաց մարզպետը։

Մարզպետը նաև տեղեկացրեց, որ Տավուշի մարզում այս պահին կա 31 վարակակիր։

Գեղեցիկ Ոսկանյան