20 մայիս, 2020 19:09

Հայաստանի առաջին ազատ ընտրությունը. 20-ը մայիսի, 1990

Ուղիղ 30 տարի առաջ այս օրը՝ 1990թ. մայիսի 20-ին Խորհրդային Հայաստանում և ԼՂԻՄ-ում՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում, տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի 260 աթոռների համար:

Հենց այս խորհրդարանին (1990-1995 թթ) էր բախտ վիճակվելու ամիսներ անց՝ օգոստոսի 23-ին, ընդունել Հայաստանի Անկախության հռչակագիրը՝ սկիզբը դնելով Հայաստանի ինքնիշանության և անկախության ճանապարհի, ինչպես նաև՝ քվեարկությամբ վավերացնելու 1991 թվականի սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեի արդյունքները:

Հայաստանի պատմության մեջ սա միակ համապետական ընտրությունն էր, որին մասնակցեց նաև ԼՂԻՄ-ը: Արցախից ընտրվեցին 10 պատգամավորներ, ևս 5 հոգի, այդ թվում Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընտրվեցին Հայաստանի տարբեր ընտրատարածքներից: Քոչարյանը ընտրվեց Վանաձորից, այն ժամանակ՝ Կիրովական: Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ընտրվեց Ստեփանակերտից:

Հայաստանի պատմության մեջ սրանք առաջին և վերջին խորհրդարանական ընտրություններն էին, որոնք անց կացվեցին բացառապես մեծամասնական ընտրակարգով:

Ընտրությունները կայացան երկու փուլով՝ 1990թ. մայիսի 20-ին և հունիսի 3-ին, քանի որ մի շարք ընտրատեղամասներում կարիք եղավ կրկնակի քվերակության: Ընտրություններում պայքարը գնում էր երկու ուժերի՝ դեռևս իշխանությունը պահող Հայկոմկուսի և իշխանության եկող Հայոց համազգային շարժման ներկայացուցիչների միջև: Եթե Հայաստանի մարզերում հիմնականում հաղթեցին կոմունիստները, ապա Երևանում և խոշոր բնակավայրերում  հաղթեցին ՀՀՇ-ականները:

Խորհրդարանն իր աշխատանքները սկսեց հուլիսի 20-ից: Այնտեղ ներկայացված էր երկու քաղաքական ուժ` Կոմունիստական կուսակցությունը և Հայոց համազգային շարժումը: Հետագայում խորհրդարանում կազմավորվեցին մի քանի այլ խմբակցություններ, այդ թվում ՀՌԱԿ-ը և ՀՅԴ-ն՝ կոմունիստներից կամ ՀՀՇ-ականներից:

1990թ. օգոստոսի 4-ին Կոմկուսի առաջնորդ Վլադիմիր Մովսիսյանի հետ պայքարում Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Օգոստոսի 6-ին նախագահի առաջին տեղակալ ընտրվեց ՀՀՇ-ից Բաբկեն Արարքցյանը, տեղակալ Գագիկ Հարությունյանը՝ Կոմկուսից:

Գերագույն խորհուրդն իր աշխատանքները ավարտեց 1995թ. մայիսի 15-ին: Այդ ընթացքում ընդունվել է 1169 որոշում և 185 օրենք, որոնցից 104-ը` «մայր», իսկ 81-ը` փոփոխություններ և լրացումներ գործող օրենքներում: Վավերացվել է 148 միջազգային պայմանագիր:

1991թ. հոկտեմբերի 16-ին Հայաստանի նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ փոխնախագահ` Գագիկ Հարությունյանը: Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Բաբկեն Արարքցյանը, առաջին տեղակալ՝ Արա Սահակյանը:

Ուշագրավ ևս մեկ փաստ, որ այսօր ոչ ոք կամ գրեթե ոչ ոք չի հիշում:

1990թ. մայիսի 20-ի ընտրություններից մի քանի շաբաթ առաջ՝ մայիսի 3-ին, Գերագույն խորհուրդը (1985-1990թթ) նրա ղեկավար Հրանտ Ոսկանյանի ստորագրությամբ ընդունեց նախագահի պաշտոն հիմնելու և Խորհրդային Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու որոշում:

Ուշագրավ էր այն շտապողականությունը, որ դրսևորում էին իրական իշխանությունը կորցնող հայ կոմունիստները: Գերագույն խորհուրդը Օրենսդրության և սոցիալական ու սոցիալիստական օրինականության հարցերի հանձնաժողովին առաջարկում էր «հնգօրյա ժամկետում մշակել Հայկ. ԽՍՀ օրենքի նախագիծ և այն ներկայացնել Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհրդի քննարկմանը», իսկ օրենքն ընդունելուց հետո «երկու ամսվա ընթացքում անցկացնել Հայկ. ԽՍՀ պրեզիդենտի ընտրություն Հայկ. ԽՍՀ քաղաքացիների կողմից ընդհանուր, հավասար և ուղղակի ընտրական իրավունքի հիմնա վրա, գաղտնի քվեարկությամբ»: 

Մայիսի վերջերին մամուլում հրապարակվեց «Հայկ. ԽՍՀ պրեզիդենտի պոստ հիմնելու և Հայկ. ԽՍՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու» նախագիծը, որն առաջարկում էր «հիմնել Հայկ. ԽՍՀ պրեզիդենտի պոստ»` հաշվի առնելով հանրապետությունում տեղի ունեցող քաղաքական վերափոխումների հետագա խորացումը, սահմանադրական կարգի ամրապնդումը, քաղաքացիների իրավունքների, ազատությունների և անվտանգության ապահովումը և Հայկ. ԽՍՀ պետական իշխանության ու կառավարման բարձրագույն մարմինների փոխգործողության կատարելագործման անհրաժեշտությունը:

Նախագիծը ամրագրում էր, որ «Հայկ ԽՍՀ գլուխը պրեզիդենտն է», իսկ «պրեզիդենտ կարող է ընտրվել առնվազն 35 և ոչ ավելի, քան 65 տարեկան Հայկ. ԽՍՀ քաղաքացին» ոչ ավելի, քան երկու ժամկետով անընդմեջ: Նախագահը ընտրվում է ընդհանուր, հավասար և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա, գաղտնի քվեարկությամբ, հինգ տարի ժամկետով: Ընտրությունները համարվում են վավեր, եթե դրանց մասնակցել է ընտրողների ոչ պակաս, քան 50 տոկոսը: Ընտրված է համարվում այն թեկնածուն, որն ստացել է քվեարկությանը մասնակցածընտրողների ձայների կեսից ավելին: Պաշտոնը ստանձնելիս նախագահը երդում է տալիս Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհրդի նիստում: 

Իրադարձությունների ընթացքը, սակայն, անիմաստ դարձրեց, որպեսզի Հայաստանում անցկացվեն նախագահական ընտրություններ: Մայիսի 20-ի Գերագույն խորհրդի ընտրություններում, փաստացի, Հայոց համագային շարժումը արդեն հաղթել էր Կոմկուսին: Օգոստոսի առաջին օրերին խորհրդարանի նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, մի քանի օր անց վարչապետ դարձավ Վազգեն Մանուկյանը:

Այսպիսով, Տեր-Պետրոսյանին էր վիճակվել դառնալու Հայաստանի առաջին նախագահ: 1991-ի հոկտեմբերի 16-ին (Հայաստանը անկախություն էր ձեռք բերել սեպտեմբերի 21-ի հանրաքվեի ճանապարհով, իսկ Խորհրդային Միությունը դեռ գոյություն ուներ աշխարհի քաղաքական քարտեզի վրա) Տեր-Պետրոսյանը բացահայտ առավելությամբ հաղթեց հինգ մրցակիցներին՝ ստանալով քվեների 83 տոկոսը:

Թաթուլ Հակոբյան

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: