20 մայիս, 2020 17:57

ՀՀԿ-ն «դատապարտում է այլակարծության ճնշումը»

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանի, ինչպես նաև «Ադեկվադ» միաբանության և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների ոստիկանություն բերման ենթարկելու կապակցությամբ:

Հայտարարության մեջ նշվում է, որ համավարակի տարածմամբ պայմանավորված գրեթե բոլոր սահմանափակումների վերացման պայմաններում «արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը «հետապնդում է բացարձակապես ոչ իրավաչափ նպատակներ, որոնցից մեկը հավաքներ իրականացնելու արգելքն է»:

«Նման պայմաններում ակնհայտ է, որ արտակարգ դրության ռեժիմի երկրաձգումը հետապնդում է բացարձակապես ոչ իրավաչափ նպատակներ, որոնցից մեկը հավաքներ իրականացնելու արգելքն է:

Այս քայլով իշխանություններն ապացուցում են, որ աճող հանրային դժգոհությունը զսպելու միակ ձևը մարդկանց հիմնական իրավունքների սահմանափակումն է», - ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ իշխանությունները, օգտվելով արտակարգ դրության պատրվակից, «իրականում պայքարում են ոչ թե համավարակի, այլ ընդդիմախոսների դեմ՝ փորձելով ճնշել օրեցօր խորացող հանրային դժգոհությունները և այլակարծությունը»: 

«Տապալելով կորոնավիրուսի դեմ պայքարը՝ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում իրենից դժգոհ հարյուր հազարավոր քաղաքացիների դեմ՝ անհիմն սահմանափակելով նրանց հիմնարար ազատությունները և իրավունքները», - վստահ է ՀՀԿ Գործադիր մարմինը:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը «խստորեն դատապարտում է Հայաստանում ժողովրդավարությանը հարվածող այս գործելաոճը», «պահանջում է կառավարությունից  վերացնել մարդու իրավունքների և ազատությունների չհիմնավորված և անհամաչափ սահմանափակումները»։

Այսօր՝ ավելի վաղ, ոստիկանության շենքի մոտից բերման են ենթարկվել ակցիայի մասնակից 17 քաղաքացիներ, այդ թվում՝ ՀՀԿ-ի ու «Ադեկվադ» միաբանության անդամներ, նրանք արդեն ազատ են արձակվել:

#ՍիվիլՆեթ #Լուրեր